Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի չորրորդ համարը: Ավանդույթից չշեղվելով, պաշտոնաթերթի այս համարում ևս կարմիր թելի պես անցնում է հայոց մեծ ողբերգության թեման: Թերեւս այս տարի հայությունը ավելի մեծ հուզախռովություն կապրի 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը վերհիշելով , քանի որ դժբախտ առիթն ունեցավ իր մաշկի վրա զգալու թուրքական վայրագությունը, հայրենակիցների եւ հայրենի տարածքների կորստի ցավը:
Այս իրողությանն է անդրադառնում ամսաթերթի «Առաջնորդող» ը մտահոգություն հայտնելով, որ հայության ցեղասպանությունից չհագեցած թշնամու ագրեսիվ նկրտումների պայմաններում այսօր օտար ազդեցությամբ հայրենիքում բուծվել և իշխանության է հասել մի սերունդ, որը խաղում է երկրի ճակատագրի հետ, այն ենթակա դարձնելով թուրք-ադրբեջանական կամքի:
«Դրօշակ» ի հեղինակներից ԳԷորգ Հակոբճեանը մտահոգությունն է կիսում խոսելով նոր առաջ քաշված այն կեղծ թեզի մասին, ըստ որի, առաջարկվում է անտեսել ցեղասպանության փաստը և ուշադրությունը սևեռել հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման խնդրի վրա: Ցեղասպանության թեմային այլ հետաքրքրական տեսանկյունից անդրադառնում է ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանը: Ներկայացնելով միայն հոդվածի հուշող վերնագիրը. «Ժխտումն ընտրություն է, որն ունի առաջացման մեկ պատճառ՝ կամք: Մոռանա՞լ. ի՞նչը մոռանալ, ինչպե՞ս մոռանալ» ընթերցողին ընձեռենք քաղաքական, և ոչ միայն քաղաքական ժխտողականության, վերջինիս ազդեցության վերաբերյալ հեղինակի դատողությունները:
Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության տարբեր դրվագների են անդրադարձել պատմաբաններ Անի Ոսկանյանն ու Դերենիկ Մելիքյանը: Սրանց կողքին Անի Մելքոնյանի հոդվածը ամբողջական պատկերացում է տալիս Հայ դատի պայքարի ողջ ճանապարհի մասին:
Թեմայի հետ անմիջականորեն առնչվում է Սողոմոն Թեհլիրյանի հոբելյանին նվիրված Գոհար Խանումյանի հոդվածը:
«Դրօշակ» ի ներկայացվող համարը, սակայն, չի սահմանափակվում միայն ցեղասպանության թեմայով, ընթերցողը այնտեղ կգտնի նաև մեր օրերում Հայ ժողովրդի դիմագրաված հիմնահարցերի մասին հրապարակումներ, ինչպես և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական վերլուծություններ:
Կարծում ենք հետաքրքրություն կառաջացնի նաև Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յերժի Մարեկ Նովակովսկու վերլուծությունը Արցախյան պատերազմի և նրան հաջորդած քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է Լեհական հեռուստատեսությունից:
«Դրօշակ»ի ապրիլյան թողարկումը ընթերցողին կներկայացնի այլ նյութեր եւս: