Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի երրորդ համարը: Բնականաբար այս համարի նյութերի զգալի մասը նվիրված է ներկա օրերի` հայության համար փոթորկուն իրադարձություններին: Կարելի է ասել, նաև, որ գրեթե բոլոր հրապարակումները կրում են այդ շունչը կամ վերջինիս ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը: Ներքաղաքական մտահոգիչ առօրյայի անդրադարձն է համարի «Առաջնորդող»ը: Նույն իրականության գնահատումն է կատարում ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ պատասխանելով «Դրօշակ»ի հարցերին:
Հետաքրքրական այս հարցազրույցում անդրադարձ կա նաև ֆրանսահայ համայնքին, որը, որպես հայության մեկ հատված, նույնպես անմասն չէ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Մուրադ Փափազյանը պատմում է նաև Ֆրանսիայի իշխանության, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամի, տեսակետների մասին Արցախի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցած ճակատագրական իրադարձությունների վերաբերյալ:
Վարդան Հակոբյանի վերլուծությունը ընդգրկում է լայն շրջագիծ ներառելով նաև հայ-ադրբեջանական դիմակայության ընթացքի նկատմամբ շահագրգիռ տերությունների դիրքորոշումները և հնարավոր զարգացումները մեզ համար:
Ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանը անդրադառնում է ներքաղաքական իրողություններին ու տրամադրություններին, որոնք պատերազմից հետո գերիշխում են Ադրբեջանում, իսկ իրանագետ Ահարոն Վարդանյանը ուրվագծում է Իրանի դիրքորոշումները, որոնք որոշակի զարգացումներ կարող են ապրել տարածաշրջանային նոր իրողությունների համատեքստում:
Ազգային անվտանգության հարցերի մեջ մասնագիտացող Արփի Աբրահամյանը ներկայացնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող այն իրավական հիմքը, ըստ որի կարգավորվում են երկու երկրների միջեւ եղած ռազմական համագործակցության խնդիրները:
Պաշտոնաթերթի գերիշխող թեման որոշակի իմաստով լրացնում է Անի Մելքոնյանի հոդվածը, որում լուսաբանվում է պանթյուրքիզմ երևույթը և վեևջինիս հակահայ բնույթն ու նպատակները:
1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքման մեզ համար ճակատագրական իրադարձությանն է նվիրված պատմաբան Արարատ Հակոբյանի հոդվածը, որում ներկայացվում են հետաքրքրական բազմաթիվ փաստեր:
Կարծում ենք ընթերցողի հետաքրքրությանը կարժանանա նաև Հայաստանյան մեկ հրատարակության առիթով Վրեժ-Արմեն Արթինյանի անդրադարձը Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանին՝ վերջինիս հակասական բնույթին: