Այսօրվանից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 5-րդ համարը: Մայիսյան այս թիվը գլխավորաբար անդրադարձ է այս ամսին հայության ունեցած հաղթական եւ հպարտալի ձեռքբերումներին: Պաշտոնաթերթի լուսաբանության առանցքում են հատկապես 1918 թվականին անկախության նվաճման իրադարձություններն ու դրանց հերոսները, ինչպես եւ Շուշիի ազատագրումը, որպես Արցախի անկախացման ճանապարհի շրջադարձային հանգրվան: «Դրօշակ»ում տեղ գտած հոդվածներում, դրանց հեղինակները նշանավոր իրադարձություններին ավելի շատ անդրադառնում են քաղաքական նշանակության գնահատման տեսանկյունից եւ ապա պատմական իրողությունների մեկնաբանությանն ի խնդիր: Վաչե Բրուտյանի հեղինակած առաջնորդողով, նույն տրամաբանությամբ էլ սկսվում է «Դրօշակ»ի մայիսյան համարը: Անկախ պետականության վերականգնման փաստը դիտարկելով որպես հայ ժողովրդի եւ հայոց երկրի համար ճակատագրական իրադարձություն վերջինիս զարգացման տրամաբանական շարունակությունն է դիտարկվում Առաջին հանրապետության իշխանության կողմից Ազատ Անկախ եւ Միացյալ Հայաստանի նպատակի հռչակումը, ինչպես եւ Սեւրի ու Վիլսոնյան իրավարար վճռի ի հայտ գալը:
Առաջին հանրապետության ծնունդը համարելով մայիսյան հերոսամարտերի ուղղակի արդյունքը ՀՀ Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հարցազրույցում անդրադառնում է նաեւ հայության առջեւ ներկայումս ծառացած մարտահրավերներին:
Արարատ Հակոբյանը անդրադառնալով Առաջին հանրապետությունում իրականացված պետականաշինության խնդիրներին ուշագրավ զուգահեռներ է անցկացնում առաջին ու ներկայիս հանրապետությունների միջեւ, բացահայտելով դրանց օրգանական կապը:
Արմեն Ասրյանի եւ Վարդան Պետրոսյանի հոդվածները նվիրված են Առաջին հանրապետության ծանր երկունքի շրջանի եւ առհասարակ ազատագրական պայքարի երկու առանցքային գործիչների՝ Արամ Մանուկյանի եւ Դրաստամատ Կանայանի կերպարներին եւ դերակատարությանը:
Ինչպես վերեւում նշվեց «Դրօշակ»ի մայիսյան այս հրատարակությունը հավասարապես արժեւորել է նաեւ Շուշիի ազատագրման թեման: Կարծում ենք ընթերցողը հետաքրքրությամբ կընթերցի Արցախյան ազատագրական պայքարի շրջանում Դաշնակցության մարտական գործունեության կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարյանի հետ պաշտոնաթերթի հարցազրույցը: Այս հարցազրույցից կարելի է ուշագրավ մանրամասներ իմանալ ազատագրական պայքարի կազմակերպման պատմական պահի, ինչպես եւ տվյալ գործընթացներում Դաշնակցության ունեցած դերակատարության մասին:
Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստման եւ իրականացման վավերագրությունն է ներկայացված Միքայել Հաջյանի հոդվածում:
Պաշտոնաթերթը չի սահմանափակվում միայն պատմական նվաճումների թեմայով, համարում կարելի է գտնել նաեւ Սեթո Բոյաջյանի հոդվածը, նորանկախ Հայաստանում օրվա ղեկավարների առաջնորդությամբ, ի սկզբանե ծավալված ու ներկայումս շարունակվող պետության ներկայի ու ապագայի համար մտահոգիչ գործընթացներին:
Ցանկացած պետության համար անհրաժեշտ քաղաքական ընտրախավի թեման է քննության առել երիտասարդ քաղաքագետ Տիգրան Չանդոյանը:
«Դրօշակ»ը շարունակում է ներկայացնել Մկրտիչ Մկրտիչյանի հետաքրքրական հոդվածաշարը նվիրված հայոց նորանկախ պետականության զարգացման ընթացքին, պետության եւ սփյուռքի փոխհարաբերություններին, այդ փոխհարաբերությունների շրջագծում անդրադառնալով ՀՅ Դաշնակցության քաղաքական ներկայությանը:
Սյուզան Խարդալյանն անդրադառնում է այսօրվա աշխարհը տակնուվրա արած համաճարակին, վերջինիս ունեցած ազդեցությանը մարդկային հավաքականության վրա եւ մարդկության հեռանկարին հետ համավարակային հեռանկարում:
«Դրօշակ»ը շարունակում է հրապարակել հենց «Դրօշակ»ի կենսագրությունը հանրագիտարանային մանրամասնությամբ լուսաբանող Ավո Գաթրջյանի հոդվածը:
«Դրօշակ»ի այս համարում ամփոփվում է Վրեժ Նահատակյանի «Ջավախքի հիմնահարցերը» ծավալուն ու հետաքրքրական հոդվածը, ուր, խնդիրները ներսից ճանաչողի իրազեկությամբ, համակողմանիորեն քննության են առնվում Ջավախքի ու ջավախահայության առջեւ ներկայումս ծառացած բազմաթիվ հիմնահարցերը:
Խմբագրակազմը «Դրօշակ»ի այս համարը մատուցում է իր ընթերցողին, որպես համեստ նվեր մայիսյան փառապանծ տոների առիթով: