Հայ-ադրբեջանական բանակցութիւնների վերջին զարգացումները, այդ թւում` Աստրախանում կայացած եռակողմ հանդիպումը, վկայում են, որ բանակցային ձեւաչափի փոփոխութեան որոշ փորձեր են նշմարւում: Բանակցային տրամաբանութիւնն է, առհասարակ, թելադրում բանակցութիւնների ձեւաչափը, հետեւաբար` վերջինիս փոփոխման ազդանշանները, իրականում, բանակցային առկայ տրամաբանութեան ձախողման նախանշաններ են:
Ադրբեջանը, ոգի ի բռին, չի ուզում ընդունել «ինքնորոշման սկզբունքը» եւ այս կապակցութեամբ ուղղակի կամ անուղղակի բազմաթիւ ակնարկներ է արել, քարոզչական հնարքներներ յօրինել եւ դիւանագիտական խաղեր մոգոնել:
«Տարածքային ամբողջականութան սկզբունքը» կորցնում է իր իմաստը, երբ աստիճանաբար պարզւում է հակամարտութեան բնոյթը եւ հակամարտող կողմերի իրական հասցէները: Քաղաքական ամենաանտեղեակ գործիչներն անգամ, հարցին մի փոքր առնչուելով, հասկանում են, որ բուն հարցը ոչ թէ Հայաստան-Ադրբեջան տարածքային վէճն է, այլ արցախահայութեան լիակատար ինքորոշման ցանկութիւնը: Այս իրողութիւնը, իհարկէ, բոլորովին էլ չի արդարացնում հայկական կողմի քարոզչութեան թուլութիւնը: Մինչդեռ նորանոր դռներ բախելու, նորանոր ականջներ որսալու Ադրբեջանական այս մարտավարութիւնը պարզորոշ վկայում է առկայ գործընթացում «տարածքային ամբողջականութան սկզբունքի» ոչ առաջնային նկատուելու, երկրորդ պլան մղվելու իրողութեան մասին:
Յայտնի է, որ «ռազմական ճանապարհով լուծումների բացառման սկզբունքը» մի քանի անգամ խախտուել է բացառաբար Ադրբեջանի կողմից: Այս սկզբունքի որդեգրման մասին առայժմ զուր է խօսել, քանի դեռ բացայայտ խախտողը շարունակում է մնալ անպատիժ:
Բանակցային գործընթացի շարունակման մի տարբերակը կարող է լինել այն, որ կողմերը շարունակեն պահպանել բանակցութիւնների ե՛ւ տրամաբանութիւնը ե՛ւ ձեւաչափը: Գործող այս տարբերակն է, որ առայժմ յաջողութիւն չի արձանագրում:
Բանակցային գործընթացի շարունակման երկրորդ ուղղութիւնն այն է, որ փոխուեն ե՛ւ տրամաբանութիւնը ե՛ւ ձեւաչափը: Այս տարբերակին է ձգտում Ադրբեջանը, դիւանագիտական իր լայն հնարաւորութիւններով եւ Թուրքիայի հովանաւորութեամբ: Այս տարբերակով Ադրբեջանը փորձելու է ապահովել գերակայութիւն` նոր ձեւաչափի շնորհիւ հասնելով տրամաբանութեան փոփոխմանը:
Հայկական կողմի համար ամենաձեռնտու տարբերակը հետեւեալն է` առայժմ պահելով բանակցային ձեւաչափը, հետեւողական քայլերով փոխել բանակցային տրամաբանութեան սկզբունքները կամ գոնէ ճշտել խնդրոյ առարկայ սկզբունքների առաջնայնութեան հարցը:
Պէտք է յամառօրէն արծարծել բանակցային գործընթացում ԼՂՀ ուղղակի մասնակցութեան խնդիրը: Այսպիսի դիրքի ապահովումը, ինքնաբերաբար, առաջնային է դարձնելու «ինքնորոշման իրաւունքի սկզբունքը»:
Պահելով հարցի «ռազմական ճանապարհով լուծման բացառման սկզբունքը», զուգահեռաբար, պէտք է շեշտել հարցի իրաւական հիմունքները եւ առաջ քաշել իրաւականութեան սկզբունքը: Այս առումով որոշ տեղաշարժ է նկատւում հայկական կողմի վարած քաղաքականութեան մէջ: ՀՀ նախագահը իր հոկտեմբերի 16-ի ելոյթում պատմական հիմաւորումներ ներկայացրեց արցախեան հիմնահարցի առնչութեամբ: Այս գնահատելի նախադէպին, մեր համոզմամբ, պէտք է յաջորդեն պատմագիտական եւ իրաւագիտական հիմնաւորումներ:
Պատմագիտութեան բնագաւառում պէտք է հաշուի առնել այն պարզ ճշմարտութիւնը, ըստ որի Արցախը Հայաստանից անջատելու եւ Ադրբեջանին կցելու լենին-ստալինեան որոշումը մի կերպ արդարացնելու եւ խելամիտ ներկայացնելու նպատակով, սովետական պատմագիտութիւնը, իր ողջ մեխանիզմով, տասնամեակներ շարունակ յօրինել ու յօրինել է տարաբնոյթ հիմնաւորումներ, տարածել ու տարածել դրանք եւ արդիւնքում ձեւաւորել «սկզբնաղբիւրներ»-ի այնպիսի մի արկղ, որից կարելի է դուրս բերել անգամ այլազգի հեղինակների` է՛լ ազգագրական, է՛լ անտրոպոլոգիական, է՛լ աշխարհագրական, է՛լ … տարաբնոյթ փաստարկներ ու հակափաստարկներ մեր հիմանւորումների դէմ: Այս դաշտում համապատասխան լրջութիւն է պահանջւում:
Իսկ իրաւագիտական իմաստով` «հարցին մատների արանքով նայելու» վարքագիծը արդէն անթոյլատրելի է: Բազմիցս այս մասին խօսելուց ու կրկնելուց յետոյ, ցաւոք, դեռեւս չի լսւում իրաւագիտական հիմնաւորումների մեր ծանր հրետանու որոտը: