Հայ ժողովրդի արդի պատմութեան մէջ անկախութեան գաղափարը որդեգրուել, մշակուել եւ կենսագործուել է, հիմնականում, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան, Հայ Յեղափոխական Դաշնակութեան եւ Ռամկավար Ազատական կուսակցութիւնների շնորհիւ:
Անկախութեան համար մղուող ազատագրական պայքարի ողջ ընթացքում, խոշոր բուրժուազիայի հայ ներկայացուցիչները, ռուս-աւատական եւ թուրք-աղայական կաստաներին պատկանող հայ ազնուականները, անկախութեան գաղափարը նուաստացնելուց, թերարժեւորելուց, ծաղրելուց ու ակտիւօրէն ժխտելուց բացի, ուրիշ բան անել չէին կամենում:
Քրիստափոր Միքայէլեաններն ու Արամ Մանուկեանները, Մուրադ Պոյաճեաններն ու Փարամազները, Ակնունիներն ու Արմենակ Եկարեանները, Քեռիներն ու Համազասպներն էին սեփական կեանքի գնով, սեփական օրինակով մշակում, տարածում եւ կենսագործում անկախութեան գաղափարը` կերտելով Մայիսի 28:
Այս երեւոյթը ամենեւին էլ պատահական չէ:
Անկախութեան գաղափարը կրում եւ իրականացնում են գաղափարական այն հոսանքները, որոնք, անկախ տեսաբանական տարակարծութիւններից, այսպէս թէ այնպէս, հաւատում են արդարութեան եւ ազատութեան սկզբունքներին:
Խորհրդային Միութեան տարիներին, քաղաքական պատճառներով, ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը, թէեւ անկախութեան պահանջը հանեցին իրենց քաղաքական օրակարգից, սակայն գաղափարախօսական հողի վրայ չհրաժարուեցին անկախութեան գաղափարից: Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ Դատի պահանջատիրութեան համատեքստում, մշտարծարծ պահեց Անկախ Հայաստանի գաղափարը:
Միւս ազգերի անկախութեան պատմութեան մէջ եւս ուրուագծելի են նման օրինաչափութիւններ: Յունաստանի, Բուլղարիայի, Իռլանդիայի, Լիբանանի, Սիրիայի եւ բազում այլոց անկախութեան գործը, փաստօրէն, կազմակերպել եւ ղեկավարել են տուեալ ազգերի սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալական հոսանքները (անշուշտ հարկաւոր է տարբերակել դասական լիբերալիզմը նէոլիբերալիզմից, որը համարւում է մերօրեայ նոր աշխարհակարգի եւ համաշխարհայնացման գլխաւոր գաղափարախօսութիւնը):
Տիեզերական օրէնքը գործել եւ շարունակում է գործել ամենուր, քանզի ազգային անկախութիւն, սոցիալական արդարութիւն եւ քաղաքական ազատութիւն հասկացութիւնները, խորքային առումով, միմեանց փոխկապակցուած, միմեանցով փոխպայմանաւորուած եւ միմեանց վրայ փոխազդեցութիւն ունեցող գաղափարական արժէքներ են:
Իսկ այսօր ինչպիսի՞ դիրք եւ տեղ ունի անկախութեան գաղափարը Հայաստանում ու հայութեան մէջ: Կամ` ի՞նչ առնչութիւնների մէջ են անկախութիւն, ազատութիւն եւ արդարութիւն հասկացութիւնները:
Հայաստանում թէեւ ընդունուած են հիմնարար ազատութիւնների մասին սահմանադրական դրոյթներ եւ համապատասխան մեխանիզմներ, թէեւ քաղաքական դաշտը, աւելի ճիշտ` քաղաքական բեմահարթակը, մի կերպ ընթանում է «բնականոն» հունով, թէեւ զուտ վիճակագրական տուեալներով «աճում» է զանգուածային լրատուամիջոցների եւ քաղաքացիական հաստատութիւնների թիւը, սակայն Հայաստանը շարունակում է մնալ անազատ, իսկ հայն իր հայրենիքում բաւական հեռու է ազատ քաղաքացի լինելու կարգավիճակից: Այս անազատութեան հիմնական պատճառներից մէկը սոցիալական անարդար իրավիճակն է, որը յատկանշւում է օլիգարխիկ կառավարման, մոնոպոլիզացիայի, հարկային դաշտի եւ գնագոյացման համակարգի անարդիւնաւէտութեան եւ այլ յոռի երեւոյթներով: Հայաստանում կարելի է զգայարանների ողջ համակարգով առարկայօրէն տեսնել ու շօշափել, թէ սոցիալապէս անապահով հասարակութիւնը ինչպիսի անազատ կեանք է վարում եւ ինչպիսի քաղաքական աննպաստ ճակատագիր է բաժին հասել նրան: Ազատութիւն հասկացութեան փոխարէն, շուրջբոլորը աչքի է զարնում «ազատ շուկայի» այլանդակուած ծաղրանկարը միայն:
Անազատութեան հիմնական պատճառներից է նաեւ հոգեմտաւոր կեանքի նուազ զարգացումը: Մշակութային եւ, յատկապէս, գիտական նուաճումները արդէն սկսել են հեքիաթ թուալ: Այստեղ եւս, պետական պատասխանատուները, բնաւ հաշուի չառնելով զարգացած երկրների փորձը, կամենում են Հայաստանի հոգեմտաւոր կեանքի ոլորտները տնօրինել «ազատ շուկայի» մոդելներով, չգիտես ում եւ ինչ ապացուցելու սիրոյն:
Անազատութեան եւ անարդարութեան այսպիսի պայմաններում էապէս տուժում են Հայաստանի անկախութիւնը, նրա ընթացքը, տեմպերը եւ ուղղուածութիւնը: Նման պայմաններում ծայրայեղ ընդդիմութիւնը փորձում է իշխանութեան հետ իր խնդիրները լուծել եւրոհամակարգերի միջոցով: Իսկ իշխանութիւնները, կառչելով նոյն այդ համակարգերից բխած ինչ-որ փորձագիտական կարծիքից, յօդս են ցնդեցնում, ասենք, Ընտրական օրէնսգրքի բարեփոխման առաջարկների փաթեթը: Արտաքին գործերի բնագաւառում եւս անկախ քաղաքականութեան խիստ պակասն իրեն զգացնել է տալիս ամեն քայլափոխին:
Ըստ էութեան հարց է ծագում` ազգովին առաւել հաստատակամ ու յստակ չէի՞նք քայլի անկախութեան պահպանման ու ամրագրման ճամբով, եթէ ներքնապէս լինէինք ազատ, եթէ ունենայինք սոցիալապէս արդար հասարակութիւն:
Անկախութեան գաղափարի կերտումը եւ նրա` կեանքի կոչելու փորձը բաւական չէ: Այսօր հրամայական է նրա պահպանումը, ամրապնդումը, ինչն այլեւս պէտք չէ վստահել ազատութեան եւ արդարութեան գաղափարների նկատմամբ հաւատ չընծայող հոսանքներին:
Մեր այսօրուայ քաղաքական պայքարը, իրականում, ազգային պայքար է վասն անկախութեան, վասն ազատութեան եւ վասն արդարութեան: