Մտորումներ համաժողովից առաջ


Սեպտեմբերի 18-ին աշխատանքները կսկսի ավանդական դարձած եւ վեցերրորդ անգամ գումարվող Հայրենիք-Սփյուռք համաժողովը: Ի սկզբանե ոչ ոք կասկածի տակ չի դրել այս համաժողովների կարեւորությունը, որպես հայրենիքն ու սփյուռքը կամրջելու միջոց: Միաժամանակ մշտապես արծարծվել է դրանց արդյունավետության, առավել մեծ օգտակարության ծառայեցնելու խնդիրները: Խորհրդային համագումարներ հիշեցնող մեծաքանակ կազմով այս ժողովների համար անխուսափելի է ցուցադրական կամ ավելի ընդունված բնորոշմամբ՝ շոուների երանգը, ինչն անխուսափելի է, նաեւ երեւույթի զգացական ու խորհրդանշական իմաստները նկատի առնելով:

Ինչ վերաբերում է դրանց արդյունավետության չափին, ապա կարեւոր նախապայմանն այն է, թե ինչ խնդիրներ է իր առջեւ դնում նման ներկայանալի համաժողովը:Այդ խնդիրները պիտի բխեն արդեն իսկ հստակեցված մարտավարական ու ռազմավարական հայեցակարգերից, այլապես նախանշվող եւ իրականացվող աշխատանքների համար անխուսափելի է առանձին եւ ինքնաբավ միջոցառումների վերածվելը:

Ունի՞ մեր պետությունը նման հայեցակարգ, թե հայրենիքի ու Սփյուռքի միջեւ ձեւավորվող կամուրջը փորձում է կառուցել հենց այդ տարբեր ու առանձին միջոցառումների շղթայական համակցումով:
Անկախության ավելի քան քառորդ դարի ընթացքում մենք առավել չափով ականատես ենք եղել Սփյուռքը ընդհանրապես եւ սփյուռքահայությանը, ըստ մասնագիտական եւ այլ հավաքականությունների, ինչպես եւ տարբեր անհատների, հայրենքի հետ շաղկապելու գործընթացին: Ինքնին սա վատ նախաձեռնություն չէ, եթե մանավանդ, մտակաղապարներից ձերբազատվելով, նկատի ունենանք, որ 2020 թվականի շեմին, հայության երկու մեծ հատվածների միջեւ եղած, որոշակի գաղափարական եւ այլ տեսակի անջրպետներ այլեւս վերացել են՝ հայաստանցի մեծահարուստները ավելի մեծ նվիրաբերումներ են կատարում այս կամ այն ազգային ծրագրին ի նպաստ եւ ժամանակավրեպ են «Կթու կովի» պատկերավոր համեմատությունը, «ախպարներ» եւ «սփյուռքահայերին չսիրող», համայնավարացած հայաստանցիներ եւ այլ, անցյալին պատկանող պիտակավորումները: Արդյո՞ք սակայն համարժեքորեն մեծացել է փոխճանաչողությունն ու փոխարժեւորումը՝ նախ քաղաքական, պետական եւ ապա հանրային ու քարոզչական մակարդակի վրա: Կարելի է հաստատել որ ոչ, եւ սա այն սեւ խոռոչներից մեկն է, որ պետք է լցնել իմացական բովանդակությամբ:

Մինչ այսօր Հայաստան-Սփյուռք ասելով ի մտի է առնվում սփյուռքի մերձեցումը հայրենիքին, իսկ հայրենիքն ինչ անելիք ունի հարատեւորեն տարտղնման եւ մաշումի դատապարտված Սփյուռքի հանդեպ, ի շահ ոչ միայն իր ժողովրդի տարագիր հատվածի, այլ հենց համահայկական տեսլականների, կածես դեռեւս գործնական եւ ռազմավարական օրակարգի հարց չէ: Որքան էլ զարմանալի կարող է թվալ, ցայսօր Հայաստանն ուշադրությունը բեւեռել է կազմակերպված Սփյուռքի վրա մոռանալով անկախության տարիներին արտագաղթած, հայրենիքի մեկ երրորդը կամ ավելին կազմող, նախկին հայաստանաբնակ անկազմակերպ զանգվածների մասին: Մեզ առայժմ կարծես չեն հուզում նրանց սփռվածության, օտար միջավայրերում ինքնահաստատումի, այլ հանրությունների հետ համարկումի, հոգեբանական ու կարգավիճակային վերափոխումների եւ վերջապես ապագայի՝ խնդիրները: Այնինչ բնօրրանի հետ հոգեբանական աղերսները դեռեւս շոշափող այս մարդկանց հայրենիքը պետք է նայի առանց քաղաքական ակնոցի, նրանց ճակատագրով մտահոգ ծնողական պարտականությամբ: Մյուս կողմից, ավանդական սփյոռքի կողքին, բայց գրեթե անհաղորդ վերջինիս, իր բախտին հանձնված եւ հակատրամաբանական տարերայնությամբ է ձեւավորվում այս երկրորդ Սփյուռքը: Ե՞րբ այս խնդիրները պետք է դառնան համազգային քննարկման առարկա: «Արի տուն» ասելով քանի՞ հայի ենք կարողացել Հայաստան բերել, ովքեր այստեղ են հայտնվել ոչ թե արհավիրքներից ճողոպրելով, այլ ոգեւորված հայրենի պետության առաջարկած պայմաններից:

Գալիք համաժողովի օրակարգային խնդիրներից է «Խորհրդի» կարգավիճակով մարմնի ձեւավորումը: Ի՞նչ սկզբունքների հիման վրա է այն ձեւավորվելու եւ ձեւավորվելու է, որ ի՞նչ հարցեր լուծի: Եթե նպատակը պարզ է, այստեղից կարող է բխել նաեւ, թե՛ խորհրդի բնույթը եւ թե՛ ծրագիրը:
Մակերեսային անդրադարձումն անգամ փաստում է հիմնահարցերի բազմազանությունը:

Հնարավո՞ր է, որ այդ հարցերի մեկ մասի համար գոնե գալիք համաժողովը լուծման բանաձեւեր գտնի կամ առնվազն դրանց լուծման ուղիներ հարթի եւ կա՞ արդյոք նման նպատակ: Համազգային կարեւորության միջոցառումից առաջ չէինք ուզի թերահավատության տրամադրություններ տարածել, ցանկանանք, որ արդյունքները հաճելիորեն զարմացնեն՝ լավատեսական ակնկալիքների արդարացմամբ:

Տպել Տպել