2017 թվականին լրանում է պատմական հեղաշրջիչ իրադարձության՝ ռուսական բոլշեւիկյան հեղափոխության եւ խորհրդային պետության հիմնադրման հարյուր տարին: Այս փաստը առիթ դարձավ, որ դեռեւս մեկ-երկու տարի առաջ Ռուսաստանում քննարկումներ սկսվեին հեղափոխության արդյունքների ու հետեւանքների, ինչպես նաեւ հետագայում, խորհրդային պատմուճանով վերակենդանացած կայսրության քայքայման պատճառների շուրջ: Հայտնի է, որ նախադեպը չունեցած հասարակարգային փոփոխությունը հնարավոր էր դարձել պատմական բնականոն զարգացման հունից Ռուսաստանի շեղվելու, կացութաձեւերի, ու վարչական համակարգի խառնաշփոթի, ներքին ցնցումների հարուցած քաոսի, սովի, եւ պատերազմների հետեւանքով:
Անշուշտ ոչ առանց արտաքին միջամտության: Թեեւ հեղափոխական փոթորիկներից քաղաքական պատերազմի հրդեհի մեջ գլորված երկրի ապագան կանխատեսող քչերն էին ենթադրում, թե բոլշեւիկների իշխանությունը երկար կյանք կունենա, այնուամենայնիվ սոցիալիզմի դրոշով, պետական մենաշնորհ հաստատած կոմունիստական տոտալիտար համակարգը գոյատեւեց մոտ 7 ու կես տասնամյակ: Այն ունեցավ իր բուռն զարգացման շրջանը, ծանր պատերազմից դուրս եկավ որպես համաշխարհային երկրորդ տերություն, ձեւավորելով շուրջը կոմունիստական երկրների ճամբարը: Պետությունը նոր շնչառություն ստացավ, սակայն հետագա ընթացքը դանդաղորեն տարավ դեպի նոր ճգնաժամ եւ բոլոր ժամանակների հզորագույն կայսրությունը փլուզվեց սնամեջ փղի նման: Արդեն հետխորհրդային շրջանում սկսեցին գրել, որ անարդյունավետ հիմքի վրա ձեւավորված քաղաքական եւ մանավանդ տնտեսական համակարգը ճգնաժամի առաջին ազդակներն ստացավ դեռեւս 30-ական թվականներին եւ հենց այն ժամանակ ծագեց վերակառուցման գաղափարը: Նույնիսկ ասվում է, որ բարեփոխումների գլուխ պետք է կանգներ պետության երկրորդ մարդը հանդիսացող Բերյան, սակայն երկրորդ աշխարհամարտը առնվազն հետաձգեց այս ծրագրի իրագործումը:
Երկրի իրական վիճակին լավագույնս իրազեկ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ ( 1980-ականներին կարճ ժամանակ նաեւ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար եւ Գերագույն խորհրդի նախագահ) Յուրի Անդրոպովը անցյալ դարի 60-ականներին երկրորդ անգամ մտածում է երկրի ընդհանուր վերակառուցման անհրաժեշտության մասին ինչը, արդեն 80 ականներին, փորձեց անել ԽՍՀՄ վերջին առաջնորդ Գորբաչովը: Կայսրության վերեւից ծրագրված հերթական բարեփոխման կիսաժողովրդավարական գործընթացներն էլ հանգեցրին պետության կապանքների թուլացմանն ու անջատողական շարժումների պոռթկումին:
Եւ ահա ռուսական քաղաքագիտական-մտավորական վերնախավը, ախտորոշելով պետության կործանման պատճառները, մատնանշում է անարդյունավետ տնտեսական կացութաձեւն ու վարչաձեւը, երկրի ինքնամեկուսացվածությունը համաշխարհային ընթացքից, Ամերիկայի հետ ռազմական մրցավազքը, ժողովրդավարության բացակայությունը, կոռուպցիայի երեւույթները եւ այլ գործոններ: Որ տվյալ գործոնները կարեւոր դերակատարություն են ունեցել ժխտելի չէ, սակայն այս քննարկումների հոլովույթում զգուշորեն շրջանցվում է ազգային հարցի դերը: Գուցե եւ ռուսական մետրոպոլիայի դիտակետից այնպես է երեւում, թե այս հարցը «սպառիչ» կերպով ժամանակին լուծել են Լենինն ու Ստալինը, իրականում սակայն վառոդի տակառի պես երկրի հիմքում եղած այս հարցն էր, որ ցիրուցան արեց «Կավե փղին»:
Պատմության ընթացքում պետություններն ապրում են իրենց հզորության ու թուլության շրջափուլերը, սակայն տարբեր է պարագան միատարր եւ բազմաէթնիկ տերությունների պարագայում:
Քաղաքագիտական ճշմարտություն է, որ միատարր կամ ազգային պետությունները, որքան էլ որ թուլանան, մի օր կրկին հավաքվում են սեփական ինքնության միջուկի շուրջ: Բազմազգ պետությունների կամ փոքր ու մեծ կայսրությունների թուլանալու պարագայում անջատողական տրամադրությունները ստեղծում են կենտրոնախույս հզոր շարժում ինչն էլ, ի վերջո, վերածվում է բոլոր կայսրությունների քայքայման հիվանդության: Հաճախ, ինչպես խորհրդային միության դեպքում, դժվար ընկալելի է մնում, թե նման հզոր տերությունները ինչպես են այդքան հեշտությամբ մասերի բաժանվում, բայց այս դեպքերում թերագնահատվում է հենց ամենահզոր էներգետիկ ներուժը՝ ազգային հարցը:
Ի դեպ, անցյալ դարի 90-ականների Ելցինյան քաոսային Ռուսաստանում հանկարծ ի հայտ եկավ «ազգայնական շարժում», որն ուղղված էր հրեաների եւ երկրի ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Սա միայն մեկ բան կարող էր նշանակել, որ այդ շարժումը ռուսական արմատներ չունի եւ հրահրված է ինչ-որ ուժերի կողմից: Այլապես դոմինանտ ժողովրդի կողմից ազգային հարցի սրումը նույնն է, թե կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես: Եւ պատահական չէ, որ այդ շարժումը մարեց իրական ազգայնական Պուտինի նախագահ դառնալով:
Վերադառնանք բուն ասելիքին:
Խորհրդային միության փլուզումից հետո, պահի քաղաքական հաշվարկով պայմանավորված, մի քանի անգամ փոփոխվեցին ԽՍՀՄ-ի արժեւորման երանգները: Ներկայումս ականետես ենք Ռուսաստանի հանրային-քաղաքագիտական շրջանակներում տեղի ունեցող մտքերի այն խմորումներին, երբ փորձ է արվում երկրորդական նշանակություն հաղորդել Լենին-Ստալինի, նրանց թիմակիցների ու ժառանգորդների բացասական վարքին, դրանք հակակշռելով իրականացված «մեծ» իրագործումներով: Նույն տրամաբանությամբ մեղմացվում են ստալինյան եւ այլ բռնությունների գնահատականները, մարդկային ազատությունները խեղդած եւ ժողովուրդների բանտ ծառայած տոտալիտար կառույցի իրական բնույթը: Պատմության նմանօրինակ գնահատումները իհարկե պայմանավորված են պուտինյան ռուսաստանի նոր վերելքի նախանշաններով, որ գուցե եւ որոշ մեծապետական վելիկոռուսների գլուխներում արթնացնում է անցյալի կերակենդանացման անուրջներ: Նոր Ռուսաստանի նախագահ Պուտինը առիթների դեպքում չի թաքցնում իր ցավը խորհրդային միության փլուզման առիթով, միաժամանակ նա նաեւ հետեւյալ մտքի հեղինակն է. «Ով չի ցավում խորհրդային միության կործանման համար նա սիրտ չունի, ով կարծում է թե խորհրդային միությունը կարող է վերականգնվել նա գլուխ չունի»:
Իրականում ռուսները ուշացումով հասկացան, որ ժամանակակից եւ, այսպես ասած, քաղաքակիրթ գաղութատիրությունը չի նշանակում բոլորի շուրջբոլորը պատել սեփական ցանկապատով: Սրանով հանդերձ, ի մտի ունենանք , որ ինչպես Բիսմարկն է ասել. «Քաղաքականությունը հնարավորի արվեստն է»:
Ռուսական դիտանկյունից խորհրդային երեւույթը յուրովի գնահատելը բնականաբար ունի իր բացատրությունը, որն իհարկե շատ էլ չի համապատասխանում, եթե չասենք հակասում է մնացած 14 նախկին խորհրդային հանրապետությունների եւ դեռ դրանից էլ դուրս , նախկին կոմունիստական ճամբարի երկրների գնահատականին:
Միության փլուզումից հետո Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ վերահաստատելու դրոշակակիրները եղան Բելոռուսն ու Ղազախստանը: Առաջինի դեպքում նույնիսկ տեսակետներ կային, թե Բելոռուսը կարող է պարզապես միանալ Ռուսաստանին, քանի-որ պատմականորեն սա նույն ժողովուրդն է եթե չհաշվենք թաթարների կողմից նրանց տրված «Սպիտակ ռուս» անվանումը: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այս երկրի անփոփոխ նախագահ եւ ըստ էության ղազախական պետության հիմնադիր նախագահ Նազարբաեւը հենց եղավ Եւրասիական միության գաղափարի հեղինակը՝ դեռեւս անցած դարի իննսունականների կեսին: Սրանով հանդերձ երկու «ռուսամետ» նախագահները նույն ԵԱՏՄ-ի ստեղծման նախօրյակին զգուշացրեցին, որ իրենց պատկերացրած միությունը պետք է ունենա տնտեսական բովանդակություն, իսկ եթե այնտեղ սկսի գերակշռել քաղաքական բաղադրիչը, իրենք կհրաժարվեն այդ միությունից: Վերն ասվածից բխող հարակից հարցերի ու մանրամասների մեջ չխորանալով հասնենք եզրակացությանը՝
ա/ իր բոլոր արդյունքներով հանդերձ, որ ենթակա ժողովուրդների համար ունեցավ խորհրդային միությունը, այն ռուսական նոր գաղութատիրություն էր, որտեղ ճնշված էին ազատությունները, եւ հատկապես ազգային ինքնուրունությունը: Հայկական հարցի նկատմամբ ռուսական քաղաքականությունը կործանարար եղավ մասնավորապես հայերիս համար,
բ/որեւէ ժողովրդի բնականոն, ինքնատիպ ու ինքնուրույն զարգացման հիմնական պայմանը անկախությունն է,
գ/որեւէ փաստարկ չի կարող հակակշռել ինքնուրույն կյանքի ու զարգացման ժողովուրդների ձգտումին եւ գերադասվել ինքնուրույն գոյության աստվածային իրավունքից:
Արտաշես Շահբազյան