Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը պայմանավորված էր Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակներով: Հայաստանի նորանկախ երկրորդ Հանրապետության հիմնումը ամրապնդվեց ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակով եւ հայկական երկրորդ պետության ծնունդով:
Ղարաբաղի ազատագրումը ոչ միայն հսկայական բարոյահոգեբանական լիցք էր անկախացող Հայաստանի համար, այլեւ ամրապնդեց տարածաշրջանում հայկական գործոնի դերը, անառիկ դարձրեց հայոց արեւելյան սահմանը, տոկոսային ցուցանիշներով չչափվող հսկայական հավելում արեց մեր զարգացման ներուժի եւ հեռանկարի վրա:
1988 թվականի փետրվարին, ղարաբաղի ազատագրման նպատակով, հրապարակներ դուրս եկած Խորհրդային Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի հայությունը տանում էին Լենինի ու Գորբաչովի նկարները եւ կարգախոսերում ու ելույթներում վկայակոչում էին «սովետական սահմանադրությունը»: Ժողովուրդը «բռնել էր» պետության ամենախոցելի տեղից՝ գործող սահմանադրությունից եւ բարեփոխումներ հռչակած կայսրության նոր առաջնորդին կանգնեցրել էր սահմանադրությունը կիրառելու կամ ոտնահարելու փորձության առաջ: Մոտ երեք տարի անց, երբ փլուզվեցին խորհրդային սահմանները, «Լեռնային Ղարաբաղի» խնդիրը վերածվեց միջազգային հարցի եւ դարձավ համաշխարհային քաղաքական օրակարգերի ամենաբարդ լուծելի հանգույցներից մեկը: Ղարաբաղյան թնջուկը, սակայն չէր բխում եւ չէր ծագել որեւէ գերտերության ցանկությունից, հետեւաբար վերջինիս արդարացի քաղաքական լուծմամբ ոչ ոք շահագրգռված չէր: Բարեբախտաբար այս հանգամանքը ժամանակին հասկացավ հայությունը եւ որոշեց իր հարցը լուծել իր ձեռքով, ընդունելով ակն ընդ ական, ատամ ընդ ատաման մարտահրավերը: Դիմակայության առաջին փուլը պատերազմն էր, որտեղ հայկական կողմը ջախջախիչ հաղթանակ տարավ:
Երկրորդ փուլում, սկսվեցին բանակցությունները, որոնք եթե ոչ ավելի դժվարին, ապա ավելի խրթին դուրս եկան եւ 94-ի գարնանից ձգվող այս գործընթացի վերջը տակավին չի երեւում: Այս իրավիճակի պատճառները հետեւյալն են.
ինչպես ասվեց դրա արդարացի լուծմամբ ոչ ոք շահագրգռված չէ եւ հարցը վերածվել է տարբեր շահերի բախման հանգուցակետի, սահմանների այս փոփոխությունը մեծ պատերազմներին հետեւող ընդհանուր վերաձեւումների շրջանակում չէ եւ դժվարամարսելի է ու վախեցնում է որպես նախադեպ, նրանք ովքեր հասկանում են, որ պետք է հաշվի նստեն Ղարաբաղի ինքնորոշման փաստի հետ միաժամանակ չեն ցանկանում որպես դաշնակցի կորցնել Ադրբեջանին:
Եթե այս տարվա ապրիլին ադրբեջանական կողմին հաջողվեր տարածքների վերանվաճման առումով լուրջ հաջողությունների հասնել բոլոր այդ ուժերի գործը բավականին դյուրանալու էր: Այդ դեպքում ուղղակիորեն կողմերին կթելադրվեր հաշվի նստել նոր իրողության հետ եւ ըստ այդմ ամրագրել հարցի լուծումը: Այս անգամ եւս, սակայն, ինչպես պատերազմի եւ դրան հետեւած ավելի քան քսան տարի ձգվող սահմանային ընդհարումների ժամանակահատվածում, վճռական խոսքն ասաց հայ զինվորը: Ստացվում է, որ ադրբեջանական ուժային փաստարկի դեմ եւ հայկական դիվանագիտության թիկունքում որոշիչ գործոնը հայ զինվորի առաջադրած իրողությունն է: Եւ ապրիլյան կարճատեւ պատերազմից հետո էլ, թեեւ հայկական դիվանագիտությունը ենթակա եղավ քաղաքական ուժեղ ճնշման, սակայն հայ զինվորի պատասխանը ուժ է հաղորդում եւ պետք է ավելի վճռական ազդեցություն թողնի հայկական դիրքորոշման վրա:
Տարիներ շարունակ հնչող պատերազմի սպառնալիքը եւ չդադարող սադրանքներին ուղեկցող ֆիզիկական կորուստները որպես ուժային ճնշման միջոց օգտագործող Ադրբեջանը փորձում է հոգեբանորեն պարտադրել մեզ հաշտվելու այն մտքի հետ, որ այս ամենը մի օր պետք է ավարտվի, իսկ պարտադրված վերջաբանը թելադրում է իր պայմանները: Եւ երբ մենք սկսում ենք անընդհատ քննարկել խաղաղության հասնելու փոխզիջումային տարբերակները, տպավորություն է ստեղծվում, որ այդ խաղաղությունն ու հանգստությունը առավելապես մեզ են անհրաժեշտ, իրավիճակից ելք են մեզ համար:
Այլ խոսքով հաղթած կողմը դառնում է զիջող, իսկ պարտվող կողմը թելադրող:
Այսպես մենք հայտնվում ենք սխալ ընթացքի մեջ: Նույն ապրիլյան դեպքերը փաստեցին, որ հայ ժողովրդի համար անընդունելի են պարտադրված լուծումները եւ արդարացիորեն վերագտածը պահպանելու եւ պաշտպանելու համար նա պատրաստ է ամենամեծ զոհողությունների:
Իսկ ինչո՞ւ հակառակորդ կողմին չպետք է ներշնչել այն մտավախությունը, որ չկշռադատված արկածախնդրությունների դիմաց կորուստները կարող են լինել շատ ծանր: Չէ որ այս գարնանը, չնայած նախնական զգալի առավելություններին, նրա կորուստները բազմապատիկ անգամ գերազանցում էին, եւ եթե սկսված բեկումը շարունակվեր, վերջիններիս համար հետեւանքները իսկապես էլ շատ ավելի շոշափելի ու ծանր կարող էին լինել: Հայ զինվորը չէր վախեցել, հայ զինվորը պատրաստ էր շարունակելու կռիվը եւ այս հանգամանքը ամենածանրակշիռ փաստարկն է՝ վերն ասվածի օգտին:
Այս դիմակայությունը կարող է դեռ երկար շարունակվել եւ դրանից ոչ հոգնելու ու ոչ էլ հուսահատվելու իրավունք ունենք: Պատմական օրինաչափությամբ սեփական ճակատագրի տնօրինումը կրկին սեփական ձեռքը վերցրած ժողովուրդը, այո, դեռ երկար է պայքարելու մինչ իր անվտանգ գոյության խնդիրը կարողանա լուծել: Սա մի փորձություն է, որը բախելու էր մեր դուռը հենց որ ինքներս կդառնայինք մեր երկրի տերը: Միամիտ է կարծելը, որ եթե մենք ավելի խոհեմ կամ ավելի զիջող լինենք, դարավոր թշնամին ըստ արժանվույն կգնահատի այդ կեցվածքը: Մեր նկատմամբ այդ թշնամու ունեցած տրամադրությունները բխում են ոչ թե մեր վարքից, այլ իր հավակնություններից: Թուրքական պետական մտածողության համար այսօր էլ 15 թվականի մեղավորները մենք ենք: Տարբեր չէ Ադրբեջանցիների պարագան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն 25 տարի կառուցում ու հզորացնում է իր պետականությունը: Ազատագրված տարածքները ծածկվում են նոր ճանապարհների, ու բնակավայրերի ցանցով: Այս ամենը հայկական կողմի պատասխանն է ադրբեջանական պահանջներին ու պայմաններին: Այս գործընթացը անկասելիորեն պետք է շարունակվի ու խորանա: Առկա մարտահրավերը ոչ ոք չի փաթաթել մեր վզին մենք ենք այն որդեգրել եւ ճանապարհի կեսից նահանջ չի կարող լինել: Անհրաժեշտ է դիմանալ ու դիմագրավել հայկական անկախ պետականությունների առջեւ ծառացած առաջին բարդ փորձությունը: