Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից անցել է 28 տարի: 28 տարին մեկ սերնդի գիտակցական կյանքի ձեւավորման եւ ակտիվ կենսագործունեության ժամանակահատված է:Այն սերնդին, որը գիտակցականորեն ( նաեւ հասարակական, քաղաքական առումներով) կայացավ ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ, կարելի է անվանել ղարաբաղյան սերունդ: Ղարաբաղյան սերունդը, հանուն հայկական պատմական տարածքի ազատագրման, դուրս եկավ ոչ միայն կոնկրետ թշնամու, այլեւ խորհրդային հզոր մեքենայի դեմ, խորհրդային միության փլուզումից հետո, միջազգայնացած հարցի նկատմամբ ճնշումին դիմակայեց եւ քանի-դեռ վերջնականորեն լուծված չէ ղարաբաղյան խնդիրը մնում է ղարաբաղյան պայքարի մասնակիցն ու զինվորը: Իհարկե անցած 28 տարիների ընթացքում գերակշռել է ղարաբաղյան «հրաբուխի քնած» կամ սահմանային հարաբերական անդորրի ժամանակահատվածը, երբ ղարաբաղյան սերունդը հնարավորություն է ունեցել ավելի շատ զբաղվելու իր առօրյա հոգսերով, ջանքերը կենտրոնացնել ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ ներքին այլ խնդիրների վրա, բայց նրա մեկ աչքն ու ականջը միշտ եղել է Արցախի կողմը: Ղարաբաղյան շարժումն ու հաղթանակը հայ ժողովրդի ու ղարաբաղյան սերնդի համար ամենից առաջ արժանապատվության վերականգնման եւ հատուցման հարց էր՝ անցած դարասկզբին տեղի ունեցածի դիմաց:
«Ղարաբաղյան» երեւույթով հայ ժողովուրդը շտկեց մեջքը, արձանագրեց, թեկուզ մեկ հատվածի չափով, խլված հայրենիքի վերադարձ: Ղարաբաղյան պայքարը մեծ ազդեցություն է գործել ղարաբաղյան սերնդի ազգային ինքնագիտակցության վրա: Ղարաբաղյան հաղթանակը այն կերտած սերնդին հաղորդեց ինքավստահություն, հոգեկան անդորր եւ հավատ սեփական ուժի ու հնարավորությունների նկատմամբ: Այս հաղթանակը հոգեւոր կամուրջ գոյացրեց, որի շնորհիվ հայ մարդը ներշնչվեց իր անցյալով եւ տեր զգաց հազարամյակների պատմությանը: Մանավանդ նկատի ունենալով, որ յոթանասուն տարի եւ դրանից էլ առաջ, անգամ սեփական հողի վրա ապրելով, հայ մարդը ասես այդ հողի իրական տերը չէր, հողի եւ մնացած արժեքների տեր ու տնօրենը, կարծես թե դարձել էին նվաճողները: Արցախի ազատագրումից, զուգահեռաբար Հայաստանի անկախացումից հետո անգամ, խաղաղ առօրյայի մեջ հայ մարդու հոգեբանության վրա զգալի եղավ ղարաբաղյան ձեռքբերման ազդեցությունը: Ասվածը ավելի ակնառու դարձնելու համար պատկերացնենք, թե մենք կորցրել ենք Արցախը (Աստված մի արասցե) եւ դրանից հետո ղարաբաղյան սերնդի ներկայացուցիչը սեղանի մոտ հայրենասիրության թեմայով կենաց է խմում, իր երեխային հպարտորեն հայոց պատմություն է պատմում, պարզապես որպես կայացած մարդ ինքավստահության հավակնոտությամբ շփվում է ընկերների, շրջապատի կանանց՝ մեծ ու փոքրի հետ: Անհնար է թվում, ամոթը թույլ չէր տա:
Հակառակ օրինակը հարեւան երկիրն է, որն օրինակ միլիոնավոր դոլարներ է տալիս իսպանական ինչ-որ թիմի խնդրելով, որ իրենց մարզաշապիկների վրա գրեն այդ երկրի անունը: Այսինքն, որպեսզի աշխարհն իմանա, թե իրենք կան: Այո, այս արեւի տակ պարտված ժողովուրդ լինելուց վատ բան չկա: Առանց խորանալու հիշենք մեզ՝ մինչեւ արցախյան հաղթանակը:
«Արցախը» պատմական նոր ուղի բացեց հայ ժողովրդի առաջ եւ դարձավ մեկ սերնդի ճակատագիրը (հուսանք, որ կայացող նոր սերնդի գիտակցության մեջ Արցախը կամրապնդվի, ինչպես ընկալվում են Շիրակը, Լոռին կամ Արմավիրը եւ այս սերնդի ճակատագիրը այլ նպատակներ կուղենշեն):
Պատահական չէ, որ երբ վտանգ սպառնաց Արցախին Ղարաբաղյան սերունդը մեկ մարդու պես ոտքի ելավ եւ գնաց իր ճակատագրի ետեւից: Այդ ճակատագիրն այլեւս սերնդից անբաժան է քանի դեռ նա գոյություն կունենա: Ղարաբաղյան սերնդի համար Ղարաբաղյան որեէ կորուստ իր ճակատագրի՝ իր անձնական կորուստն է:
Ինչո՞ւ է շարադրվում այս ակնառու ճշմարտությունը եւ ինչ նպատակով:
Նպատակն այն եզրակացությունն է, որ սահմանադրորեն ամրագրված տարողությամբ Ղարաբաղի տերը հայ ժողովուրդն է եւ մասնավորապես ղարաբաղյան սերունդը: Ղարաբաղի հարցով շատերը կարող են բանակցել, բայց ինչ-որ բան կարող է զիջել միայն հայ ժողովուրդը եւ ղարաբաղի սերունդը: Վերջում նրանց մոտ պետք է գան եւ նրանց պետք է հարցնեն բանակցողները, միջնորդներն ու ուզողները: Վերջնական վճիռը պատկանում է նրանց ում ճակատագիրն է Ղարաբաղը: Իսկ ընդհանրապես՝ մարդը կարող է կերտել իր ճակատագիրը, բայց սեփական ճակատագրից փախչել չի կարող: