Բունդեսթագի քվեարկությամբ Գերմանիայի հիմնական քաղաքական ուժերը սահմանեցին, Հայոց ցեղասպանության հարցում, եւ դրանից բխող Դաշնային Հանրապետության որդեգրելիք հետագա դիրքորոշումը: Խոսքն այստեղ միայն փաստաթղթային գնահատմանը չի վերաբերում, այլ, ըստ ամենայնի, ունի շատ ավելի գործնական նշանակություն:
Խորհրդարանը նախ արձանագրում է ցեղասպանության ամենաողբերգական եւ ամենակարեւոր հետեւանքը.«Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում»:
Առանց համեմատելու այլ վայրերում եւ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների հետ փաստվում է այն առանձնահատկությունը, որ այս դեպքում Օսմանյան կայսրությունում ապրող հայերը գրեթե ամբողջովին բնաջնջվել են: Ի դեպ սրանից անմիջապես հետո ասվում է, թե.«Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր (ընդգծումը Դրոշակի)»:
Հաճախ մենք ինքներս այս շեշտադրմամբ չենք ներկայացնում հարցը, թեեւ թե ողբերգության մեծության եւ թե դրա հետեւանքների վերացման առումով գլխավորն այն է, որ անկախ թվաքանակից ոչնչացվել է այդ կայսրությունում ապրող գրեթե ողջ հայ բնակչությունը: Մյուս կողմից պատմական անառարկելի փաստերի համաձայն այդ ժողովուրդը եկվոր չի եղել, այլ թուրքական պետության տիրապետած տարածքների մի հատվածի պատմական ժառանգորդն է:
Մեկ այլ ձեւակերպմամբ բունդեսթագի որոշումը անուղղակիորեն հերքում է թուրքական այն հիմնական թեզերից մեկը, թե 15 թվականին տեղի ունեցածը ծրագրված գործողություն չի եղել, այլ առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքներից մեկն է՝ Թուրքիայի տարածքում:
Գերմանացի խորհրդարանականները բանաձեւել են հետեւյալ կերպ. «Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը, որպես վառ օրինակ է հանդիսանում զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այո ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը»:
Ավելին, բանաձեւը ոչ միայն երիտթուրքական ռեժիմի ծրագրումով իրականացված տեղահանումների ու բնաջնջումների մասին է խոսում այլեւ մատնանշում է, որ հայերի ճակատագիրը վառ օրինակ է հանդիսացել.« զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այո ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը»:
Հաստատվում է հայության կողմից մշտապես շեշտադրվող այն հանգամանքը, որ հայոց եղեռնը եղել է մարդկության պատմության առաջին ցեղասպանությունը եւ վերջինիս արժանի գնահատական չտալը իր ժամանակին եւ մինչ այժմ օրինակ է հանդիսացել հետագա բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների եւ ցեղասպանությունների համար «որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը»:
Այս ճշմարտության ընդունումը, ոչ միայն հիմնավորում է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը, այլեւ պարտադրում է այն ընդունել որպես մարդկության համար դաս, որն իր կենսունակությունը չի կորցրել նաեւ մեր օրերում:
Բանաձեւում շեշտվում է հատկապես այն հանգամանքը, որ Գերմանիան այն տարիներին եղել է Թուրքիայի գլխավոր ռազմական դաշնակիցը եւ գերմանացի դիվանագետների ու միսիոներների կողմից ստացել է միանշանակ տեղեկություններ Թուրքիայում տեղի ունեցողի մասին ու սրանով հանդերձ, չի փորձել կանխել «Մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը»:
Հիշենք, որ 15 թվականի մայիսին Սուլթանին ուղղված իրենց հայտարարությամբ կատարվողը. «Մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն» էին անվանել անտանտը ներկայացնող Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Անգլիան:
101տարի անց Գերմանիան կրկնում է երբեմնի հակառակորդների կողմից իր դաշնակցի գործողություններին տրված բնորոշումը, ինչն ավելի ծանրակշիռ ու դժվար հերքելի է դարձնում Թուրքիայի դեմ, մինչ այժմ հնչած, մեղադրանքները: Գերմանիան առավել հիմնավորում է ոճրագործության որակը եւ դրա ճանաչման անհրաժեշտությունը նաեւ ընդունելով դրանում իր մեղսակցությունը:
Այս քայլով նա ոչ միայն ազատում է ձեռքերն ու խիղճը Թուրքիայի հանցանքին գնահատական տալու հարցում, այլեւ խնդիրը տեղափոխում է բարոյական հարթություն, առաջին հերթին իր ժողովրդին, հետո թուրքերին եւ ապա մնացած բոլորին հայտնելով, որ ոճրագործությունների համար ապաշխարելը ճշմարտությունը բացահայտելու, մեղքից ձերբազատվելու, եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտ պայմանն է:
Ըստ բանաձեւի դա անհրաժեշտ է, որովհետեւ մեղսակցության ընդունումը Գերմանիային կանգնեցնում է պատմական պատասխանատվության առաջ՝ օգնելու հայերին ու թուրքերին. «անցյալի անդունդները հաղթահարելու ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում»:
Այս հարցերում Գերմանիայի գործնական մտադրությունների մասին է վկայում հաջորդ նախադասությունը.«Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի»:
Իսկ հիմնավորումների բաժնի վերջին պարբերության մեջ ավելի եւս մանրամասնվում է միջնորդական դերի ստանձնման ցանկությունը երկու երկրների եւ ավելի լայն առումով կովկասյան գործընթացների նկատմամբ. «Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով»:
Այդ միջամտությունը ավելի ակտիվ ու ընդգրկուն կարող է լինել, եթե նկատի ունենանք մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի 2016 թվականի մայիսի 17-ի հայտարարությունը, ուր ասվում էր. «Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաեւ կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ»:
Ինչպես հայտնի է մինչ այժմ, Ղարաբաղյան գործընթացներում, որպես այսպես ասած Եւրոմիությունը ներկայացնող կողմ է հանդիսացել համանախագահող Ֆրանսիան: Այսուհետ թե որքանով Ղարաբաղի, ինչպես եւ Կովկասի ու հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում ակտիվ դերակատարություն կստանձնի Գերմանիան իհարկե ժամանակը ցույց կտա:
Արձանագրենք, որ բանաձեւում մատնանշվում են նաեւ այսօրվա Թուրքիայի որոշակի պատասխանատվությունն ու անհրաժեշտ անելիքները՝ կապված պատմության հետ առերեսման եւ հարաբերությունների բարելավման ուղղությամբ հիմքեր ստեղծելու հարցի հետ:
Գերմանական բունդեսթագի բանաձեւում խոսվում է նաեւ այս բանաձեւից բխող անելիքների մասին բուն Գերմանիայում:
Ըստ խորհրդարանի Գերմանիայի դպրոցական, համալսարանական եւ քաղաքական կրթության առջեւ պարտականություն է ծառանում ուսումնական ծրագրերում ներառել. « հայերի տեղահանման եւ բնաջնջման պատմությունը»: Բունդեսթագը ողջունում է նաեւ Թուրքիայի տարածքում գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այս հարցով քննարկումներն ու այլեւայլ նախաձեռնությունները:
Հետաքրքրական է, որ թեեւ կանցլեր Անգելա Մերկելը չմասնակցեց Բունդեսթագի համապատասխան նիստին, սակայն նախապես հրապարակայանցվեց փաստը, որ վերջինս նույնպես կողմ է բանաձեւի ընդունմանը: Սա անհրաժեշտ էր, ոչ միայն վերականգնելու համար Գերմանիայի կանցլերի վարկը, ինչը խաթարվել էր վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների շանտաժներին տեղի տալու պատճառով: Երոպական քաղաքականության ծանրքաշայինի այս քայլը հավանաբար նաեւ նախազգուշացում էր Թուրքիայի իշխանություններին, վերջիններիս գործելակերպի համար՝ սկսած ներքին ժողովրդավարության խնդիրներից, քուրդ բնակչության դեմ իրականացվող բացահայտ ջարդերից, մինչեւ վտանգավոր «արտաքին խաղերը» կապված Եւրոպա ուղղորդվող արտագաղթի, Իսլամական պետության հետ կապերի, տարածաշրջանային եւ շատ այլ խնդիրներում սադրիչ դերակատարության հետ: Թուրքիան այդ ամենը պետք է հասկանա առանց, մեկ առ մեկ խնդիրները թվարկելու անհրաժեշտության:
Հատկապես, որ զգուշացնողը պարզապես Եւրոպական երկրներից մեկը չէ, այլ մի տերություն, որ այս աշխարհամասի քաղաքական առանցքն է կազմում եւ քարշող ուժը: Թուրքիայի համար պետք է հասկանալի դառնա, որ այս քայլից հետո ոչ միայն Ֆրանսիայի համար դյուրին է դառնալու ցեղասպանության հարցի քրեականացման մասին օրենքի ընդունումը, այլեւ Գերմանիայի օրինակին կարող են հետեւել հարեւան շատ երկրներ:
Վերջում հիշենք նաեւ, որ 2008թ. նոյեմբերին Եվրամիության խորհուրդը շրջանակային որոշում որդեգրեց այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի վերաբերյալ իր անդամ պետություններին հանձնարարելով ընդունել օրենքներ, որոնք քրեական պատժելի արարք կդարձնեն ցեղասպանությունների, մարդկության դեմ ոճիրների ժխտումն ու նսեմացումը՝ հատկապես այլատյացության ու ռասիզմի նպատակներով։
Գերմանիան, որպես կենտրոնական դերակատար, իր քայլով նաեւ մղիչ ուժ հաղորդեց եւրոպական ընտանիքի որդեգրած մի կարեւոր պարտավորության: Մի աշխատանք, որ այնքան կարեւոր է ժամանակակից համաշխարհային իրողությունները եւ գալիք օրերի առավել տագնապալի զարգացումները նկատի ունենալու, այժմվանից իսկ դրանք կանխելու ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելու համատեքստում:
Եւրոպան վերջապես նաեւ պետք է տեր կանգնի սեփական ճակատագրի եւ գործերի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքին: