Հայաստանում գոյություն ունի երկու իրականություն: Մեկը այն կյանքն է, որով ապրում է երկիրը եւ մյուսն այն վիրտուալ իրականությունն է, որն ամեն օր ստեղծում են այս նույն երկրում գործող լրատվամիջոցները: Իսկ լրատվամիջոցները, ինչպես հայտնի է, այսօր արդեն առհասարակ շատ ավելի ընդգրկուն ցանց են ներկայացնում, ի դեմս ոչ միայն էլեկտրոնային լրատվամիջոցների, այլեւ նույն էլեկտրոնային լրատվամիջոցների շարքերը ոչ պաշտոնապես համալրող զանազան սոցիալական ցանցերի: Այս իրողությունները ստեղծում են մի վիճակ, երբ փաստորեն գրեթե ողջ հանրությունը վերածվում է լրատվություն արտադրողի եւ տարածողի կամ ավելի ծանոթ լեզվով ասած՝ յուրաքանչյուր էլեկտրոնային աշխարհի օգտատեր ( էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայացուցիչներին զուգահեռ) իրականացնում է լրատվամիջոցի ու լրագրողի գործառույթներ:
Արդեն իսկ այդ դաշտ մտնելով, ինչպես յուրաքանչյուր օր իր աշխատանքն իրականացնող աշխատավոր, անհատը կամավորապես որոշակի պարտավորություն է ստանձնում սեփական կարծիքը արտահայտելու գրեթե յուրաքանչյուր լուրի եւ իրադարձության վերաբերյալ: Արդյունքը, կամ գուցե ճիշտ կլինի ասել հետեւանքը, լինում է այն, որ մեր լրատվական անծայրածիր օվկիանոսում կարող են հայտնվել ու լող տալ ամեն տեսակի՝ իրականության հետ կապ ունեցող կամ չունեցող, երեւակայության մեջ տեղավորվող կամ չտեղավորվող վարկածներ ու եզրակացություններ:
Ինչպես այլ պարագաներում, այս դեպքում եւս յուրաքանչյուրը կարող է տեղեկացնել եւ մեկնաբանել իր խղճի, մարդկային եւ մասնագիտական պատասխանատվության գիտակցության չափով, այլապես կարելի է վայելել «ազատ լողալու» անսահմանափակ հնարավորությունը:
Հանրության գերակշռող զանգվածների ներգրավումը զանգվածային լրատվության ասպարեզ իհարկե հսկայական առավելություն է ոչ միայն իրազեկության բարձրացման, այլեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման՝ նրա ակտիվության բարձրացման առումներով: Միաժամանակ նույն հզոր զենքը չէր կարող չծառայեցվել ապատեղեկատվությունների տարածման, զանգվածային գիտակցության վրա ազդելու նպատակին:
Իհարկե լրատվական ասպարեզի համար սա նորություն չէ, եւ լրատվության «արհեստի արհեստավորները» ի սկզբանե իրենց տիրապետած գործիքի այս հատկությունը ի նկատի են ունեցել, սակայն մեկ բան է, երբ լրատվամիջոցը ունենում է որոշակի ուղղվածություն եւ մեկ այլ բան է, երբ լրատվամիջոցը ուղղակիորեն քաղաքական գործիքի է վերածվում սրա կամ նրա ձեռքին, առանց նկատի ունենալու, որ այն ստեղծված է նախ եւ առաջ շատ ավելի կարեւոր առաքելություն իրականացնելու համար: Իր առաքելությունը մոռացած գործիքի եւ մանավանդ պատվիրատուի համար այլես միեւնույն է, թե որտեղ ինչ մեխ կխփվի, ինչ-որ բան կկառուցվի՞, թե կքանդվի, գլխավորը պահի մեջ հետապնդած նպատակն է:
Բայց գանք կոնկրետ ասելիքին:
Լրատվական մեր «խաղաղ» ջրերը վերջին շաբաթներին ալեկոծվեցին ՀՅ Դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության ապագա համագործակցության մասին տեղեկությունների իհայտ գալով:
Օրեր ու շաբաթներ շարունակ ալեկոծումը չի դադարում, թեեւ փոխում է ձեւերն ու երանգները:
Այս ընթացքում հանդիպեցինք ՀՅԴ-ի հետ առնչություն չունեցող գործիչների ու մեկնաբանների վերլուծությունների, որոնց հետ կարելի է համաձայնել, որոնց հետ մասամբ կամ ամբողջովին չի կարելի համաձայնել, բայց հնարավոր չէ չընդունել, որ դրանց հեղինակները, առանց ավելորդ կրքի եւ կողմնակալության, փորձել են հասկանալ քաղաքական իրադարձության էությունը, գործընթացի շարունակությունն ու հնարավոր արդյունքները:
Ուրիշները միանշանակորեն քննադատեցին երեւույթը հայտնաբերելով դրա տակ մութ ծալքեր ու վտանգավոր նպատակներ:
Որոշներն էլ փորձեցի ազդել գործընթացի վրա, ձգտելով, այսպես հակադրել հնարավոր համագործակցությունը ներկայացնող ուժերին եւ աշխարհով մեկ եղան ինչ-ինչ «հակասություններ հայտնաբերելով»: Կարծես, թե մեծ արդյունք չտվեց այս գործը եւ զուգահեռաբար զարգացվեց հաջորդ մարտավարական գիծը՝ հանել Դաշնակցությանը ինքն իր դեմ(նույնը ի դեպ Հանրապետականի պարագայում): Այ Դաշնակցության ղեկավարությունն այսպես, իսկ շարքերը բոլորովին այլ կերպ, Ամերիկայի կառույցն այսպես, իսկ Լիոնի կառույցը մեկ այլ կերպ, հետո Ղարաբաղի կառույցը, հետո այսինչ դաշնակցականն ու այնինչ դաշնակցականը եւ այսպես շարունակ: Կախված ում երեւակայությունը որքան կհերիքի Արթուր Կոնան Դոյլի ու նրա հանրահայտ հերոսի հետ մրցելու ասպարեզում:
Վստահ ենք ամեն օր ջերմեռանդորեն «ստեղծագործողներն» ու «պատվիրատուները» իրենք էլ չեն հավատում, թե սեփական «ստեղծագործությունները» պիտի եղանակի փոփոխություն առաջ բերեն, բայց… պատվիրում ու գրում են:
Հավատացած ենք, որ վերջիններս բավական տեղյակ են, թե Դաշնակցության մեջ խնդիրները ինչպես են արծարծվում, ինչ ձեւով են հետապնդվում եւ ինչպես են լուծում գտնում: Իրենք էլ համոզված են, որ իրենց բացահայտումները չեն կարող սենսացիա առաջ բերել, որովհետեւ բացահայտելու համար գաղտնիք է անհրաժեշտ, իսկ գաղտնիք չի եղել ու չկա: Թեկուզ այն առումով, որ Դաշնակցությունը ի սկզբանե տեղեկացրել է սկսված գործընթացի մասին, հետո հատված-հատված հանդիպումներ է կազմակերպել իր կառույցի օղակների հետ, մանրամասնորեն ներկայացրել է սկիզբ առնող գործընթացի մասին, տվել է պարզաբանումներ եւ քննարկումների ձեւաչափին համապատասխան տեսակետներ է լսել:
Որ այս ամենը կդառնա անցած-գնացած անպտուղ հիշողություն, ինչպես ջրերի վրայով փչած քամին, կարելի է հաստատել՝ հիշելով նախորդ տարիներին ու տասնամյակներին Դաշնակցության մասին ասված ու հորինված բազում պատմությունները: Կարեւորն այդ չէ, այլ մի բան, որ կարծես չի նկատվել եւ ուշադրության չի արժանացել փոթորիկը բարձրացնողների կողմից:
Հայաստանն այլեւս թեւակոխել է քաղաքական համակարգի արմատական փոփոխության փուլ: Հայաստանում արմատական փոփոխությունների գործընթաց է սկսվում ամբողջական համամասնական ընտրակարգի որդեգրմամբ եւ բազմաթիվ օրենսդրական սկզբունքների վերափոխմամբ: Դաշնակցությունը հայտարարեց, որ մտնում է քաղաքական նոր գործընթացների մեջ հանուն այս խնդիրների հետապնդման: Գուցե Դաշնակցությունը այլ խնդիրներ էլ է հետապնդում, բայց արդյո՞ք երկրի վարչա-քաղաքական համակարգի արմատական փոփոխությունները այնքան չնչին ու առօրեկան երեւույթ են, որ կարելի է ստորադասել ներքաղաքական պայքարի էժան դրսեւորումներին: Ոչ վաղ անցյալում, երբ Դաշնակցությունը խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին նույն ուժերը դարձյալ եզան տակ հորթ էին ման գալիս եւ բոլորովին ուրիշ ուղղությամբ էին «գրոհի ելել»: Արդյունքում գրոհողները վերադարձան ելման կետ, իսկ բարեփոխումներն իրականացան Դաշնակցության ակտիվ մասնակցությամբ: Ըստ ամենայնի այս դեպքում էլ քարավանն իր ճամփան կգնա անկախ նրանից, թե նույն ժամանակ ով ինչով է զբաղված եղել: