Պետություն և ազատ շուկա

Հայաստանի տնտեսութեան մերօրեայ իրավիճակը յատկանշւում է մի շարք բացասական գնահատականներով: Դրանց մի մասը ժառանգւել է խորհրդային ժամանակներից, իսկ մի կարեւոր բաժինն էլ՝ յետխորհրդային օրերին ներմուծւած արատաւոր բարքերից

Այդ բացասական երեւոյթները բնորոշւում են սոցիալական բեւեռացմամբ, անարդարութիւններով, գործազրկութեամբ, մենաշնորհեալ խաւի անխափան գործունէութեամբ, ստւերային տնտեսութեամբ եւ վերջապէս քաղաքական ու տնտեսական վերնախաւերի սերտաճումով:

Այս բոլորը սպառնում են Հայաստանի Հանրապետութեան ներքին եւ արտաքին անվտանգութիւնը, եւ չեն կարող չմտահոգել Հ.Յ. Դաշնակցութեանը:

Ուստի անհրաժեշտ է առաջ քաշել 21-րդ դարին համապատասխան առաջադէմ գաղափարներ, որոնք կապահովեն սոցիալական արդարութեան հիման վրայ տնտեսական զարգացման հեռանկարը:

Տնտեսութեան կարգաւորումը Հայաստանի առաջնահերթ խնդիրն է եւ պահանջում է հրատապ լուծումներ: Այդ ուղղութեամբ պէտք է հաշւի առնւեն երկու գլխաւոր սկզբունքներ:

Առաջինը՝ տնտեսական զարգացման հիմնախնդիրն է: Սա անչափ կարեւոր նախապայման է, յատկապէս ի տես մերօրեայ իրողութեան՝ կապւած համաշխարհայնացման գործընթացների հետ: Ժամանակակից միջազգային պայմանները ու դրանցից բխող տնտեսական ինտենսիւ մրցակցութիւնը, մուտք գործելով բաց շուկայական դաշտ, այլեւս թոյլ չեն տալիս առանձնաբար՝ անկախ տարածաշրջանային եւ նոյնիսկ հեռաւոր երկրների հետ մրցելու պարտաւորութիւնից, հասնել տնտեսական զարգացման: Ֆինանսների, աշխատուժի, ապրանքների ու ծառայութիւնների անարգէլ տեղաշարժը աշխարհով մէկ մրցակցութիւնը ներքին շուկայի մակարդակից բարձրացրել է համաշխարհային մակարդակ: Այս մրցակցութեան մէջ յաջողելու համար անհրաժեշտ է ապահովել երեք գլխաւոր գործօն.
Հաւասար պայմանների ապահովում՝ Հայաստանի բոլոր գործարար քաղաքացիների համար: Սա ենթադրում է ներքին շուկային եւ ներմուծումներին կապւած մենաշնորհների անմիջական վերացում, ստւերային տնտեսութեան կասեցում եւ արտօնեալ խաւի բացառում:

  • Օրէնսդրութեան համալրում՝ մի կողմից սեփականութեան իրաւունքը կամայական ոտնձգութիւններից պաշտպանելու համար, միւս կողմից վարկային եւ հարկային քաղաքականութեամբ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հնարաւորութիւն ընձեռնելու նպատակով:
  • Պետական ծրագրաւորումով տնտեսութեան առաւել նպատակայարմար բնագաւառների ճշտում: Համապատասխան օրէնքներով ու վարչական որոշումներով երկիրը մղել այդ առաջնահերթութիւնների ուղղութեամբ:

Միայն այս ռազմավարութեամբ կարելի է երաշխաւորել իրական մրցակցային պայմաններ՝ երկրի մակարդակում, որը եւ նախապայմանն է համաշխարհային մարտահրաւէրները դիմակայելու համար: Եթէ ազատ ու հաւասար պայմաններում ներքին մրցակցութիւնը ի յայտ չբերի լաւագոյններին, ապա համաշխարհայինում յաջողելու շանսեր չեն ծնւի:

Երկրորդ՝ արդարութեան սկզբունքի որդեգրումն է: Այն ոչ միայն անհատական, այլեւ ժողովրդական անդրադարձ է պարունակում: Այս առումով անհրաժեշտ է ապահովել հասարակութեան բոլոր անդամների բարեկեցութիւնը: Յաղթահարել աղքատութեան երեւոյթը: Բոլորին տալ կենսապահովման բաւարար միջոցներ:

Սակայն այն ինչ առանցքային է, ոչ թէ այդ միջոցների չափն է միայն, այլեւ երկրի արտադրած նիւթական ու հոգեւոր բարիքների համաչափ ու արդար բաշխման պետական մօտեցումը: Որպէսզի քաղաքացին պետութեան մէջ տեսնի իր հոգատար, արդարամիտ եւ հարազատ կազմակերպութեանը, նրա նկատմամբ ձեռք բերի վստահութիւն եւ հաւատք: Որպէսզի քաղաքացու օտարումի ընթացքը կասեցւի, եւ հասարակութիւնից լքւած զանգւածը մուտք գործի ազգային կենսագործունէութեան ոլորտ: Որպէսզի սոցիալական համերաշխութեան պայմաններում տնտեսական գործունէութեան նպաստաւոր մթնոլորտ ստեղծւի եւ միջին խաւը նոր որակ ու քանակ նւաճի:

Բնականաբար, այստեղ եւս բազմաթիւ հարցեր իրենց լուծումը պիտի գտնեն: Օրինակ՝ նւազագոյն աշխատավարձի եւ կենսաթոշակների յաւելման հարցը, պետական հարկման պրեգրեսիվ մոդելի կիրառումը, մարդկային կապիտալի զարգացման համար ներդրումների ապահովումը, գիւղերի եւ սահմանամերձ բնակավայրերի զարգացման համար յատուկ արտօնութիւնները: Գործազրկութեան վերացման ծրագրերում պետական միջոցների յատկացումը: Մի խօսքով բոլոր այն գործողութիւնները, որոնք կարող են դասակարգւել որպէս պետութեան կողմից ազատ-շուկայական յարաբերութիւնները կարգաւորելու ու վերահսկելու միջոց՝ այդ յարաբերութիւնների բացասական դրսեւորումները չէզոքացնելու եւ սահմանափակելու իմաստով:

Տպել Տպել