Այս օրերին հայաստանաբնակ եւ ոչ միայն հայաստանաբնակ հայությունը ակնդետ հետեւում է Երեւանի կենտրոնում տեղի ունեցող բողոքի գործողությունների ընթացքին: Բնականաբար յուրաքանչյուր ոք ցանկանում է հասկանալ, թե զարգացումները մինչեւ ուր կհասնեն եւ ինչպեսի հանգուցալուծում կստանա քաղաքացիական այս առճակատումը: Բոլորի գլխում էլ երեւի պտտվում են հնարավոր սցենարներ, բայց թվում է թե չկա որեւէ մեկը, այդ թվում ցուցարարների կամ իշխանական ճամբարից, ով հստակ պատկերացնում է, թե ի վերջո ինչպիսին է լինելու արդյունքը կամ հետեւանքը: Կարելի է ենթադրել, թե օրինակ իշխանությունը կգտնի լուծման տարբերակ, չեղյալ հայտարարելով էլեկտրաէներգիայի դիմաց գանձվող նոր սակագինը, եւ ցուցարարները կվերադառնան տները: Կամ իշխանությունը չի գնա ցուցարարների հիմնական պահանջի հետապնդմանը, այլ հնարավորինս «փափուկ ձեւով» կազատի քաղաքի կենտրոնը ըմբոստ երիտասարդներից:
Իհարկե հանգուցալուծման տարբերակները կարող են լինել այլ, ընդհուպ մինչեւ գունավոր հեղափոխությունների ծանոթ օրինակները: Երբ հանկարծ կպարզվի, որ երկիրը սիրող եւ իր իրավունքների համար պայքարի եռանդով լցված նոր սերնդի երիտասարդների մեջ կան նաեւ սադրիչներ ու արտաքին ուժերի պատվերով քաղաքական ցնցումներ հրահրելու պատվեր կատարող դրածոներ:
Հետեւանքներն այնքան կարեւոր են, որ պարտավորեցնում են պատկերացում ունենալ, թե ինչպիսի հանգուցալուծումների կարող է հանգել նախաձեռնությունը: Վստահաբար Կիեւի մայդանի մասնակիցները եւս չէին պատկերացնում, թե հետեւանքները ինչ են լինելու, ինչպես որ էր պարագան մեզ ծանոթ մյուս գունավոր հեղափոխությունների ու գարունների դեպքում:
Բոլորս էլ ուզում ենք հավատալ, որ ապազգային քաղաքական սցենարները հազիվ, թե հնարավոր լինի իրականացնել մեր ժողովրդի պարագայում:
Ի դեպ Հայաստանի քաղաքական կայունության եւ ներքին պառակտումներից զերծ մնալու հիմնական երաշխիքներից մեկը մեր երկրի գրեթե միատարր էթնիկական կազմն է: Միաժամանակ Հայաստանը զերծ է միջկրոնական կամ այլ կարգի շերտավորումներից, ներհասարակական հակոտնյա գործոններից: Այս առավելությունները մեր երկիրը ներկայի ու ապագայի համար դարձնում են տարածաշրջանային եւ ավելի լայն առումով կայունության կղզյակ, ինչը ըստ ամենայնի, տեսնում եւ հասկանում են նաեւ օտարները:
Վերադառնալով հիմնական ասելիքին, պետք է նշել, որ ներկա սոցիալական հուզումը, անշուշտ առարկայական պատճառների հետեւանք է:
Ոչ մի գեղեցիկ ճառով չես կարող շրջանցել այն փաստը, որ երկիրը հեծում է սոցիալական հիմնահարցերի բեռան տակ, որ մարդիկ կորցրել են հավատը ապագայի հանդեպ: Ոչ մի բանական բացատրություն չի կարող լինել այն բանին, թե ինչու է համատարած ընչազրկության պարագայում մարդկանց սահմանափակ կաստային հաջողվում ծաղկել ու փթթել, ոչ մի վիճակագրություն անհրաժեշտ չէ մարդկանց ներկայացնելու համար կոռուպցիայի ու թալանի գոյություն ունեցող պատկերը:
Դժգոհությունն ու հիասթափությունը համատարած են եւ այս իրավիճակի տխուր հետեւանքներից մեկն էլ վաղուց ազգային աղետի վերածված, եւ հիմնական մտահոգության առիթ ծառայող արտագաղթն է:
Ասվածի հետեւությունն այն է, որ պետության համար անցանկալի ներքաղաքական ցնցումների կանխումը ոչ թե դրանց նկատմամբ <արդյունավետ> հակամիջոցների կիրառումն է, այլ հիվանդության պատճառների ախտորոշումն ու բուժումը:
Պետք է հասկանալ, որ Հայաստանը, փոխվող աշխարհի նոր սահմանաբաժանին է եւ հնարավոր չէ ավանդական մեթոդներով երկարաձգել հարաբերությունների ու բարքերի այն որակը, որ մեզանում թագավորում են տարիներ ու տասնամյակներ շարունակ:
Մենք այլեւս երկաթյա վարագույրների ետեւում չենք ապրում, աշխարհը բաց է ու փոխկապակցված նոր տեխնոլոգիաների, ազատ շփումների շնորհիվ: Մարդու եւ հասարակության իրավունքների ու ազատությունների հիմնահարցերի կամայական տնօրինումը անհնարին է դառնում անգամ ամեանահետամնաց, մեկուսացած ու տօտալիտար երկրներում:
Մինչեւ երբ կարելի է հայ հասարակությանը պահել անցած դարի կեսերին ծնունդ առած գողականացեխավիկական հարաբերություններից շատ չտարբերվող մթնոլորտում: Մարդիկ զզվել են ճարպիկ շաղակրատողներից, բռի գործարարներից ու քրեական կերպարով վարչաքաղաքական «ընտրախավից»:
Մթնոլորտի քաղաքական ու բարոյական առողջացումը ժամանակի հրամայականն է, իսկ ժամանաը կանգնեցնել դեռ ոչ ոքու չի հաջողվել:
Երեւի բոլորս ենք ցանկանում, որ ներքին լարված մթնոլորտը մարի: Բայց հնարավոր է դրան հասնել միայն խնդիրները հիմնավորապես լուծելով: Ենթադրենք, թե ինչ-որ ձեւով կարելի է վաղը կամ մեկ շաբաթ անց հրապարակներն ազատել ցուցարարներից, իսկ մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց նույնը չի՞ կրկնվելու: Ենթադրենք նաեւ, թե ի վերջո ինչ-որ լուծում է գտնվում էլեկտրաէներգիայի սակագների հարցում, մեկ ամիս շաբաթ կամ վեց ամիս անց կրկին չե՞ն ողողվելու փողոցները նոր պահանջներ վանկարկողներով :
Հազարավոր մարդիկ ողջ օրը համացանցային կապով հետեւում են Բաղրամյան փողոցի իրադարձություններին, յուրաքանչյուր համակարգչից օգտվող դարձել է տեղեկատվություն սպառող, արտադրող եւ տարածող: Ինչպես կարելի է բոլոր այս մարդկանց հարցերին պատասխան տալ եւ ակնկալիքը բավարարել, բացի գործնական խոսքն ու խոսքին հետեւող գործը ի ցույց դնելուց:
Վերանայել է անհրաժեշտ վաղվա հեռանկարի նախագծերն ու տեսլականները: Ժամանակի պահանջները քամահրողները կարող են հայտնվել ժամանակից դուրս վիճակում:
Դռները թակող պարտադրված հեռանկարին եթե ընդառաջ չգնանք մեր կամոք, ապա դիմակայության եւ ցնցումների ճանապարհը կարող են կանգնեցնել պետությանը լուրջ վտանգների առաջ՝ այսօր, մեկ կամ հինգ տարի անց: Անհրաժեշտ է չսխալվել եւ սխալվելու փորձությունից հեռու պահել հասարակությանը եւ նրա առանձին շերտերին:
Արտաշես Շահբազյան