Ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից հետո

khmbagrakan Հաշված օրեր են մնում մինչեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցի եզրագիծը: Սպասվող իրադարձության մոտենալու հետ, բարձունքից գլորվող ձնագնդի պես, ծավալվում է հայոց ցեղասպանության թեմայի արծարծման գործընթացը թե՛ հայկական եւ թե օտար միջավայրերում: Նկատի ունենալով, որ տարբեր միջոցառումներ նախատեսվել են ողջ տարվա կտրվածքով, ցանկալի է, զարգացումների ներկա ընթացքը եւ ծավալը չնվազեն ապրիլի 24-ից հետո:

Անդրադառնալով իրականացվող քաղաքական, մշակութային եւ այլ միջոցառումներին պետք է արձանագրենք, որ դրանք ավելի շատ քարոզչական բնույթ են կրում: Սա անհրաժեշտ է արձանագրել՝ առանց թերագնահատելու նաեւ նման նախաձեռնությունների քաղաքական արժեքը: Մյուս կողմից արժեւորելով բուն քաղաքական միջոցառումները, որոնց կենտրոնում են ՀՀ Նախագահը եւ բարձրագույն այլ պաշտոնյաներ, ինչպես եւ օտարերկրյա պետական-պաշտոնական շրջանակների նախաձեռնությունները: Դրանց գագաթնակետը կդառնա միջազգային բարձր եւ ներկայացուցչական մակարդակով հիշատակի ավանդական օրվա նշումը Երեւանում, ինչպես եւ բազմաթիվ այլ երկրներում:

Քաղաքական նշանակության կարեւոր քայլ է կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվելիք պատարագը:

Թեմայի վերաբերյալ տեղեկատվական հեղեղի մեջ առանձնանում են առանձին երկրների, աշխարհի տարբեր քաղաքների, նահանգների կողմից ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փաստերը: Սրանց շարքում առանձնապես մատնանշելի է Կիպրոսի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Հարկ է կարեւորել պետական պաշտոնական մարմինների եւ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները՝ ճանաչման ու դատապարտման վերաբերյալ, որոնցում ակնարկվում է հայության պահանջների մասին եւս: Չմոռանանք համաշխարհային բազմաթիվ առաջատար լրատվամիջոցների էջերում թեմայի լուսաբանումը մտավորականների, մասնագետների եւ լրագրողների կողմից:

Տարվա քաղաքական կարեւորագույն փաստաթուղթը այնուամենայնիվ մնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Քաղաքական լուրջ գնահատումներ պարունակող այս փաստաթուղթը ոչ միայն փաստեց հայրենի ու աշխարհասփյուռ հայության միակամությունը՝ հայոց մեծ ողբերգության դատապարտման եւ հայկական պահանջների վերաբերյալ, այլեւ սահմանեց հարցի նկատմամբ մոտեցման մի նոր ու բարձր նշաձող, որից ներքեւ իջնելու իրավունք այլեւս չպիտի ունենա հայոց որեւէ ղեկավարություն կամ հայկական քաղաքական, հասարակական միավորում:
Ի դեպ լավ կլինի այս փաստը ականջներին օղ անեն հայության շահերը արտահայտողի հավակնությամբ, մասնավոր նախաձեռնություններով հրապարակ իջնող, զանազան կազմակերպությունները:

Իհարկե դեռ վաղ է, 2015 թվականի արդյունքների ամփոփման համար, սակայն արժե մտածել գերակշռող քարոզչական միջոցառումներին քաղաքական հունավորում հաղորդելու՝ գալիք ամիսների մեր անելիքների մասին: Ի դեպ նկատի ունենալով, որ հաջորդող տարիներին թեեւ մեր բնական առօրյան այս չափով հագեցած չի լինելու ցեղասպանության թեմայով, ակնհայտորեն շարունակվող աշխատանքները մինչ տասնհինգ թվականը եղածից շատ ավելի մեծ ընդգրկում եւ խորք պետք է ունենան իսկ դրանց նպատակասլացությունն ու արդյունավետությունը կերաշխավորվի եթե մշակվի գործողությունների քաղաքական ու իրավական հենքի վրա կառուցված խելամիտ ծրագիր:

Խուսափելով հեռուն գնացող եզրակացություններից թվում է նաեւ, որ եթե ցեղասպանության հիսուներրորդ տարելիցի իրադարձությունները հայ դատի պայքարի վերարթնացումը նշանավորեցին, դրանցից հիսուն տարի անց մենք թեւակոխում ենք նոր՝ հայոց իրավունքների վերատիրացման փուլ: Ակնառու է, որ այս նոր սահմանագծին հավաքական միտքը ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջից անցում է կատարում հատուցման պահանջատիրական ըմբռնմանը:

Մյուս կողմից ներկա աշխարհը այնպես է ալեկոծված, որ օրախնդիր է դարձել այլատյացության, զանգվածային ջարդերի, ու ցեղասպանությունների մասին բարձրաձայնելը:

Մեր աչքի առաջ, քաղաքակրթության օրրան մերձավորարեւելյան տարածաշրջանում փոթորկվում է ֆաշիզմի վայրագ տարերքը: Հայությունը իր պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսափողերով կատարում է մատնանշումներ այն մասին, որ տեղի ունեցողը հայոց ցեղասպանությամբ սկիզբ առած եղեռնագործությունների շարունակությունը լինելով, ծնունդ է ավելի շուտ ոչ թե կրոնական կամ էթնիկական հակասության, այլ որոշակի արժեհամակարգի, որը հակադրության մեջ է քաղաքակրթական համակեցության համաշխարհային դրվածքին:

Եւ եթե ցավ է դարավոր մշակույթների ոչնչացման իրողությունը, անհանդուրժելի է ծայրահեղական ուժերի կողմից համաշխարհային հանրությանը նետվող մարտահրավերը, նշանակում է մարդկությունը եւ մարդկության կյանքի կառավարման ղեկի մոտ կանգնածները պետք է ջանքեր գործադրեն չարիքն ու չարիքը ծնող պատճառները արմատախիլ անելու ուղղությամբ: Այդ գործն սկսելով մինչ այս տեղի ունեցած ոճրագործությունները գնահատելու, դատապարտելու եւ հետեւանքները սրբագրելու քայլից:

Այլ խոսքով այժմ, երբ աշխարհը բախվել է կրոնական եւ այլ տարազների ներքո հանդես եկող վերածնված ֆաշիզմին, Հայոց ցեղասպանության եւ վերջինիս հետեւանքների վերացման խնդիրը ստացել է արդիական ու համամարդկային բնույթ:
Ազգային դատի նկատմամբ ոչ անտարբեր հայությունը պետք է գիտակցի իր առաքելությունը, եւ կատարի պարտքը անցյալի, հայրենիքի եւ հայության գալիքի հանդեպ:

Տպել Տպել