Երկու ամսից քիչ ավելի է ինչ կյանքի իրավունք է ստացել Եվրասիական տնտեսական միությունը: Բնականաբար մեծ է հետաքրքրությունը տեսնելու կոնկրետ արդյունքներ: Իհարկե կարճ ժամանակահատվածում շոշափելի տվյալներ արձանագրելը դժվար է, մանավանդ երբ զգալի է, որ մասնակից բոլոր կողմերի մոտ էլ նկատվում է, այսպես ասած, զգուշավոր սպասման տրամադրություն:
Ակնհայտ է, որ միության ծնունդը հայտարարելուց հետո էլ մեծ աշխատանք կա օրենսդրական համակարգը ամբողջացնելու ուղղությամբ, ինչը պետք է ապահովի համարկվող միասնական տնտեսական շղթայի սահուն եւ ներդաշնակ աշխատանքը:
Պետք է նշել, որ արագ արդյունքների ձեռք բերմանը խոչընդոտող էական հանգամանք հանդիսացան Ռուսաստանի դեմ կիրառված միջոցառումները, որոնք լուրջ արժեզրկման ենթարկեցին այս եւ ոչ միայն այս երկրի ազգային արժույթները:
Այնպես, որ ռուս ձեռներեցներն ու պաշտոնյաներն անգամ դեռեւս դժվարանում են մեծածավալ առեւտրային գործարքների շուրջ որոշակի գնային պայմաններ ճշտել:
Ինչ վերաբերում է քաղաքական հենքով տնտեսական այս միության հեռանկարին, ապա, ինչպես հայտնի է, հատկապես միությանը միանալու ՀՀ նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, դրա վերաբերյալ կողմ եւ դեմ բազմաթիվ հոդվածներ են գրվել: Այսօր նույն թեմային անդրադառնալն իհարկե անիմաստ է, քանի որ հղացված գաղափարը գործնական ընթացքի մեջ է այլեւս: Հայկական կողմի համար կարեւոր պետք է լինի քննարկել եւ թիրախավորված ծրագրեր մշակել ԵԱՏՄ-ից Հայաստանի ակնկալիքների վերաբերյալ:
Անցած ամիսների, հատկապես ռուս փորձագետների վերլուծություններում կրկնվել է այն ուշագրավ միտքը, թե Հայաստանն այնքան կստանա նոր միությունից, որքան կարող է վերցնել:
Հետեւելով միության ձեւավորման շրջանում տեղի ունեցող իրադարձություններին ակնհայտ էր, որ Բելոռուսն ու Ղազախստանն իրենց հերթին, տարբեր խնդիրներ հարուցելով, ձգտում էին ի սկզբանե առավելագույնը <պոկել> այս մեծ գործարքից: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Հայաստանը եւս այս ուղղությամբ ջանքեր էր գործադրում եւ որոշակի ձեռքբերումներ անշուշտ ունեցել է:
Ակնհայտ է թվում մեկ բան, իսկապես էլ ԵԱՏՄ-ից ակնկալվող շահաբաժինների չափը, հետագայում եւս, պայմանավորված է լինելու կողմերի ակտիվությամբ, հետեւողականությամբ, սեփական հնարավորությունների նկատմամբ հետաքրքրություն ստեղծելով:
Ակնհայտ է, որ դանդաղ շտապելու այս առաջին փուլում, հայկական կողմը, առայժմ գործընկերներին պատրաստվում է առաջարկել իր գյուղմթերքը ( պտուղ-բանջարեղեն, միս, ձուկ եւ այլն), խոսվում է վերամշակող արտադրության եւ թեթեւ արդյունաբերության ճյուղերի զարգացման եւ ինչ-ինչ, ավելի մասնավոր ծրագրերի մասին:
2014 թվականին, տեղական իշխանությունների մակարդակով, գործնական այցեր եղան Հայաստանի եւ Ռուսատանի առանձին մարզերի միջեւ՝ հորիզոնական կապեր ձեւավորելու նպատակով: Գուցե գոյություն ունեն ինչ-ինչ այլ հեռանկարային ծրագրեր, որոնց մասին բարձրաձայն չի խոսվում՝ քանի դեռ դրանք գտնվում են նախնական ուսումնասիրությունների փուլում: Օրինակ առանձին քայլեր են արվել ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում: 2014 թվականին հրապարակում եղավ այն մասին, որ Հայաստանում պետք է ստեղծվի Ռազմարդյունաբերության պետական կոմիտե: Եթե իսկապես նման առանձին պետական մարմին է ձեւավորվելու, հնարավոր է, որ շատ ավելի մասշտաբային նախատեսումներ կան այս ոլորտի համար: Մյուս կողմից հետաքրքրության որոշակի դրսեւորումներ են եղել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական հնարավորությունների նկատմամբ:
Իհարկե վերը ակնարկված ուղղությունները կարեւոր են մեզ համար, սակայն ավելի կարեւոր է նախ ճշտել, թե Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունը ինչ առաջնահերթություններից պետք է բխի: Այլ խոսքով ինչ Հայաստան ենք ցանկանում տեսնել վաղը:
Զարգացած գիտությամբ եւ արդյունաբերությամբ հզոր Հայաստանի տեսլականը մեզ համար այլընտրանք չի կարող ունենալ: Այս պահանջը թելադրված է զարգացող բարեկեցիկ երկիր ու ժողովուրդ ունենալու ցանկությամբ, եւ պարտադրված է աշխարհաքաղաքական եւ համաշխարհային տագնապալի իրողություններով ու դրանց առավել մտահոգիչ հեռանկարով: Նկատի ունենանք նաեւ, որ լայն առումով երկրի անկախության ու ինքնիշխանության չափը ուղիղ համեմատական է նրա մասնավորապես տնտեսական ու ռազմական ներուժին:
Հիշենք, որ Խորհրդային շրջանում Հայաստանը այդ միության սահմաններում տնտեսապես հզոր հանրապետություններից մեկն էր: Տնտեսական այդ հզորությունը հենվում էր զարգացած գիտա-կրթական հիմքի վրա: Մեր գեղեցիկ աչքերի համար չէր Մոսկվան թույլատրում Հայաստանի այդպիսի զարգացումը, այլ ելնում էր իր կարիքներից եւ այստեղ եղած համապատասխան ներուժի հնարավորություններից: Եթե Հայաստանում գոյություն ուներ ճարտարագիտական գործունեության լայն դաշտ, բարձր մակարդակի գիտական հիմնարկներ, որակավոր բանվորական բանակ, ապա դրա պատճառը համապատասխան պահանջարկն էր: Երբ կայսրության քանդվելու հետ վերացավ պահանջարկը ավելորդ դարձան նաեւ գիտնականները, փորձառու մասնագետները, գործարանները, գիտահետազոտական հիմնարկները, ագրոարդյունաբերական համալիրները եւ այլն:
Որպեսզի մենք կրկին այդ ամենը, նոր հիմքերի վրա, վերականգնենք անհրաժեշտ է, որ նորից լինի պահանջարկ, իսկ այդպիսի պահանջարկի հնարավորություն ընձեռում է Եւրասիական տնտեսական ՄԻությունը: Իհարկե ոչ ոք չի գա՝ մեզ խնդրի, որ նոր ժամանակներին համապատասխան գիտահետազոտական հիմնարկներ հիմնենք, զարգացնենք գիտությունն ու կրթությունը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Այդ մենք պետք է շահագրգռենք, որպեսզի նրանց մոտ առաջանա Հայաստանի ներուժ-կարողականությունից օգտվելու, դրանց հետ իրենց տնտեսությունը շաղկապելու ցանկություն: Հայաստանը պետք է բերի համապատասխան պատվերներ եւ դրանց հիման վրա զարգացնի նախ եւ առաջ իրեն անհրաժեշտ գիտական ճյուղերը, կրթական համակարգը, գիտա-արդյունաբերական հիմնարկները եւ այլն: Այս մարտահրավերը նաեւ մեր երկրի առջեւ ծառացած ազգային անվտանգության եւ երաշխավորված ապագայի հրամայականից է բխում:
Գոյություն ունի վերն ասվածից հետեւող շատ պարզ իրողություն: Որքան էլ ողբանք, թե մեր գիտնականները, մեր բարձրագույնավարտ խավը, մեր երիտասարդությունը, մեր արհեստավորները լքում են երկիրը, նրանք շարունակելու են հեռանալ, եթե իրենց երկրում չապահովվեն աշխատանքով, չունենան ստեղածագործելու եւ սեփական հնարավորությունները իրացնելու ասպարեզ:
Ի տարբերություն խորհրդային ժամանակների, այսօր արդեն մենք ենք որոշելու մեր զարգացման ուղղությունները, եւ մենք ենք տնօրինելու մեր ստեղծած արդյունքը:
Այո, կամ մենք Եւրասիական տնտեսական միությունում, ու ոչ միայն այնտեղ, կլինենք ախքատ ազգականի վիճակում, կամ կլինենք ուժեղ ու պահանջված՝ մեր հնարավորությունների շնորհիվ:
Կեղծ հայրենասիրական ողբը, թե կորցրել ենք մեր ինքնուրունությունն ու անկախությունը, իսկապես կարող են հանգեցնել դրան, եթե սեփական ներուժի նկատմամբ ինքնավստահությամբ փորձ չարվի ձեւավորելու նոր իրողություններ եւ օգուտներ քաղելու տնօրինած լծակներից:
Այդ կարողությունները գրավիչ կլինեն նաեւ Եւրոմիության համար, այն երկրների համար, որոնք արդեն իսկ անհամբերությամբ սպասում են, որ ԵԱՏՄ-ն իր ներքին հացերը կարգավորի, որպեսզի գործընկերային նպաստավոր փոխգործակցություն հաստատեն եւ թե՝ ուրիշներ:
Եւս մեկ, ոչ պակաս կարեւոր հարցի մասին:
Ռուսաստանի նախագահը հաճախ է խոսում Ռուսաստանի հոգեւոր վերածննդի մասին: Կարելի է ասվածի դրդապատճառները հասկանալ, եթե նկատի ունենանք թե այս երկիրը հոգեւոր-բարոյական ինչ կացության մեջ է հայտնվել նախորդող տասնամյակների եւ գուցե հարյուրամյակների պատմական վայրիվերումների հետեւանքով:
Կարծում եմ այս ելակետից են բխում նաեւ այն բանաձեւումները, որ նախագահ Պուտինը ներկայացրեց 2014թվականի դեկտեմբերի 4-ին՝ ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում: Մեջբերենք մեզ հետաքրքրող հատվածները. «Որոնք են Եւրասիական տնտեսական միության հիմնաքարային սկզբունքները: Հիշեցնեմ՝ առաջին հերթին իրավահավասարությունը, պրագմատիզմը, եւ փոխադարձ հարգանքը, եւ բոլոր մասնակիցների ազգային ինքնատիպության եւ պետական ինքնիշխանության պահպանումը: Վստահ եմ սերտ կոոպերացիան կդառնա հզոր հիմք Եւրասիական միության բոլոր մասնակից երկրների զարգացման համար»: «Եւ ուղերձի այս հատվածի վերջում կրկին ցանկանում եմ ընդգծել՝ առողջ ընտանիքի եւ առողջ ազգի, մեր նախնիների կողմից փոխանցված ավանդական արժեքների համադրումը՝ դեպի ապագա նպատակամղման հետ: Կայունությունը որպես առաջընթացի պայման, հարգանքը այլ ժողովուրդների եւ պետությունների հանդեպ՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխավորմամբ եւ նրա օրինական շահերի պաշտպանությամբ, ահա մեր առաջնահերթությունները»:
Ականատես ենք եղել, որ Վլադիմիր Պուտինը ավանդական արժեքների պաշտպանության համար բազմիցս քարկոծումների է ենթարկվել այն կողմից որտեղից փորձ է արվում դեպի արեւելք տարածել ապազգայնության, ավանդական արժեքների ոտնահարման, եւ այլասերության ու անբարոյականության գաղափարախոսությունները: Բնականաբար ռուսաստանի հոգեւոր-բարոյական առողջացման ձգտող Ռուսաստանը պիտի ցանկանա մեկ միության մեջ տեսնել համապատասխան արժեքային համակարգեր դավանող գործակիցների:
Հուսանք, որ այս մոտեցումը հնարավոր կդարձնի, որ մենք էլ մեր տուն լցված աղբը մաքրենք, հայկական ինքնատիպության ավազանում վերանորոգվենք ու աշխարհին ներկայանանք մեր իրական արժեքներով՝ ուժեղ եւ ինքնուրույն:
Ամեն ինչ կախված է մեզանից:
Արտաշես Շահբազյան