Հայաստանի ներքին կայունությունը սասանելու ներուժ ունեցող գործընթացը, ըստ ամենայնի, կանխված է: Փետրվարի 18-ին հրապարակվեց Գագիկ Ծառուկյանի նոր հայտարարությունը, իսկ դրան հետեւեց ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, ըստ որի. «Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից՝ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը»:
Իր հերթին, փետրվարի 18-ին լրատվամիջոցներով տարածված հայտարարությամբ, Գագիկ Ծառուկյանը մասնավորապես շեշտում է. «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կյանքի կոչել դրանք»: «Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում»: «Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում»: «Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ»: «Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական, ճանապարհով»:
Ընդ որում սպասվող ներքաղաքական լարումը, նախագահի հրաժարականի պահանջով իրականացվելիք զանգվածային միջոցառումները, ներքին բախումների ու անկայունության պատճառ դառնալով կարող էին պառակտել հասարակությունը, առավել չափով խորացնել սոցիալ-տնտեսական ճգնաժամը, լրջորեն ազդել երկրի վարկի վրա, առիթ ստեղծել սահմաններում հակառակորդի ակտիվանալու համար, վիժեցնել ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներն ու ակնկալիքները եւ այլն: Իրար հետեւած Գագիկ Ծառուկյանի, ապա Սերժ Սարգսյանի եւ դրան ի պատասխան Գագիկ Ծառուկյանի նոր հայտարարությունները, իրենց վերջնագրային ոճով, իրական էին դարձնում ամենավատատեսական զարգացումների հեռանկարը:
Այն ինչի մասին իրենց ելույթներում մի քանի օր զգուշացնում էին Դաշնակցության ներկայացուցիչները, բնավ չափազանցված չէին եւ դրա մեկ ապացույցն էլ հենց ժողովրդային հուզումների սպառնալիքով հանդես եկած Գագիկ Ծառուկյանի հաստատումներն են, որոնք, ինչպես հայտնի է արվեցին փետրվարի 18-ին եւ որոնցից մեջբերումներ են արվել այս նյութի սկզբում:
Անդրադառնալով հնարավոր հեռանկարին եւ կոչ անելով քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով լուծել անսպասելի սրված հակամարտությունը Դաշնակցությունը, օրինակ չփորձեց հանդես գալ այս կամ այն կողմի շահերի պաշտպանության դիրքերից: Քաղաքական կեղծարարության կամ ծածկադմփոցի չդիմելու պարագայում անհնար է չընդունել ներքաղաքական վիճակի այն առանձնահատկությունները, որոնք ակնհայտ են ոչ միայն քաղաքական այս կամ այն թեւի գործիչների, այլեւ ողջ հասարակության համար:
Սպիտակ մածունին սեւ ասելու չափ անհեթեթ կլինի ժխտելը, որ երկիրն ունի լրջագույն հիմնահարցեր կապված կառավարման համակարգի թերությունների, սոցիալ-տնտեսական վիճակի, իրավական կացության, կոռուպցիայի ու տնտեսության ստվերի եւ այլ խնդիրների հետ: Ակնհայտ է նաեւ, որ այս հիմնահարցերը խորանալով ավելի են սրում իրավիճակը, ստեղծելով արտագաղթով եւ այլ անցանկալի դրսեւորումներով պայմանավորված ազգային անվտանգության եւ կայունության խաթարման սպառնալիք:
Մյուս կողմից ճիշտ է նաեւ, որ հրապարակ դուրս բերված զանգվածների տեւական ճնշումների ուժով իշխանափոխության հավանականությունը չէր ստեղծելու ծառացած խնդիրները հանգուցալուծելու հնարավորություն: Մոտ 25 տարի մեր երկրում թագավորող անառողջ իրավիճակը ի վերջո անձերով չի պայմանավորված եւ անձերի փոփոխությունը ինչպես մինչ այժմ չի բերելել, նույնպես եւ այսուհետ չի կարող հանգեցնել ցանկալի բարեշրջումների: Հայտնի հիմնահարցերը, արատներն են առկա համակարգի եւ կարող են վերանալ միայն համակարգային փոփոխությունների ճանապարհով:
Երբ փորձ արվեց խնդիրը տանել անձնավորված դաշտ եւ լուծել ուժային ճնշման ճանապարհով ակնհայտ դարձավ այն հեռանկարը, որի մասին էլ վերջում խոսում է եւ գործընթացների նախաձեռնող Ծառուկյանը:
Հետեւաբար միակ ելքը մնում է քաղաքական-քաղաքակիրթ բարեփոխումների այն ճանապարհը, որ կարելի է անցնել սահմանադրական բարեփոխումների միջոցով:
Ինչպես որ հակամարտության ծավալման դեպքում չէին կարող լինել հաղթողներ ու պարտվողներ, նույնպես եւ դրա հանգուցալուծման պարագայում ճիշտ չեն լինի նման գնահատումները: Այն պարզ պատճառով, որ առճակատման մարումը չի հանգեցրել հիմնահարցերի լուծմանը: Ընդհակառակը այն պետք է մղի ավելի զգոն կերպով գնահատել իրավիճակը եւ հաստատակամ լինել համակարգային ու արմատական բարեփոխումների հարցում: Ի դեպ բարեփոխումներ ասվածն այս դեպքում պետք է տեսնել այն ամբողջության մեջ, որի մի մասը կազմում էին ընդդիմության մատնանշումները, իսկ մյուս մասը Նախագահի մեղադրանքները: Վերջին դեպքում խոսքը վերաբերում է քաղաքական դաշտի գրագիտացմանը, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատմանը, տնտեսության թափանցիկությանը եւ այլն: Հուսանք, որ ներքաղաքական անդորրի պայմաններում հնարավոր կլինի սահուն եւ սկզբունքային կերպով սահմանադրական գործընթացն առաջ տանել ըստ նախանշված եւ տրամաբանված ժամանակացույցի:
Վերջում կրկին վերադառնանք անցնող օրերի իրադարձություններին առնչվող հարցի:
Դաշնակցության հնչեցրած խոհեմության, առճակատումից հրաժարվելու կոչերը ոմանք շտապեցին որակել որպես իշխանամետ պահվածք: Ոմանք էլ նույնպիսի ենթատեքստ պարունակող բանավոր ու հրապարակային հարցադրումներ էին անում, թե արդյո՞ք Դաշնակցությունը չի միանալու ընդդիմադիր ուժերի նախաձեռնած միջոցառումներին: Դրսեւորվել է արդեն այն իրողությունը, որ տվյալ օրերին Դաշնակցությունը եղավ չեզոք, բայց շահագրգիռ եւ ոչ կրավորական: Մասնավորապես նա ակտիվորեն ձեռնարկեց, այսպես ասած, միջնորդական նախաձեռնություն: Արդեն հետին թվով կարող ենք արձանագրել փաստը, որ գործընթացների արդյունքում շահեցին երկիրն ու ժողովուրդը եւ իհարկե նրանց մաս կազմող բոլոր քաղաքական ուժերը: Անշուշտ պետք է ընդգծել նաեւ, որ ոչ մի միջնորդական գործունեություն ցանկալի արդյունքի չէր կարող հանգեցնել, եթե երեւան չգար հակամարտող կողմերի շրջահայացությունն ու ընդհանուր պատասխանատվության գիտակցումը:
Նորանկախ Հայաստանի կենսագրության մեջ էջեր կան գրված քաղաքական խնդիրները թե խաղաղ ճանապարհով լուծելու եւ թե արյամբ պարտադրելու փորձերի օրինակներ:
Արդյունքներն ու հետեւանքները նույնպես հայտնի են: Կարծես գաղտնիք չէ նաեւ, որ մեր 25 ամյա վարչական եւ քաղաքական համակարգը բավականին վարկաբեկել են իրենց: Ակնհայտ է վարչա-քաղաքական նոր մակարդակի բարձրանալու անհրաժեշտությունը, որն էլ հնարավոր է միայն համընդհանուր համախոհության, հասարակության անդամների հավաքական մեծամասնության կամքի ազատ արտահայտման եւ ժողովրդավարական գործելաոճի պայմաններում: