Հայաստանի Հանրապետության 24 տարիները մեր սերնդի համար անցան ակնթարթի նման: Արցախյան ազատագրական պատերազմ, հաղթանակած անկախություն, ՀՀ եւ ԼՂՀ պետականաշինության դժվար տասնամյակներ, ներքին եւ արտաքին ամենաբարդ եւ հաճախ ողբերգական հանգուցալուծումներ: Այս փոթորկուն ժամանակաշրջանում միախառնվում են փոքր ձեռքբերումներն ու փայլուն նվաճումները, ընթացիկ եւ անցողիկ ձախողումներն ու դժվարությունները երբեմն թվում են անդառնալի կորուստներ, իսկ ռազմավարական ձեռքբերումները, պետության զարգացման, դեպի ապագա ուղղված շատ քայլեր երբեմն աննկատ են մնում:
Վստահաբար, տասնամյակներ անց պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, կգնահատի իրական նվաճումները, կամփոփի 1980-ականներից մինչեւ 2020-30-ական թվականներին գործած սերնդի ներդրումը մեր հազարամյա պատմության մեջ: Հավատանք, որ այդ ամփոփումը լինելու է հայ ժողովրդի հաղթանակի ամրագրմամբ: Մենք ուղղակի պարտավոր ենք փոխել մեր պատմության ընթացքը եւ մեզ հաջորդող սերունդներին թողնել ավելի լավ իրավիճակ, քան ստացել ենք մեր հայրերից: Հայաստանի ինքնիշխան եւ ինքնաբավ հանրապետություն, հաղթանակած եւ միջազգային ճանաչման հասած ԼՂՀ, հայաբնակ եւ անկաշկանդ զարգացող Ջավախք, Մեծ երազի եւ գործնական հայրենաշինության տեսիլքի շուրջ համախմբված Սփյուռքի եւ հայրենիքի հայություն, շարունակական պայքարի, հատուցման եւ կորուստների վերականգնման համար գործելու պատրաստ ժողովուրդ…ահա այն իրական արդյունքները, որ մենք կարող ենք ժառանգել մեզ փոխարինողներին: Բնականաբար, այս տեսլականի ճանապարհին ունեցել ենք եւ ունենք ձախողումներ, նահանջներ: Անկախ պետականության կառուցումը դժվար խնդիր է: Նախ հարկավոր է անկախության, համազգային շահի գերադասության, ներհայկական արդարության հաստատման անհրաժեշտությունը հասցնել յուրաքանչյուրիս գիտակցությանը, արմատապես փոխելով մեր աշխարհընկալման եւ կենսագործունեության շատ կարծրատիպեր:
Այս երկար ճանապարհին, հարկ է ըստ արժանվույն գնահատել հայոց վերջին տասնամյակների պատմության մի շարք ուղենշանային ձեռքբերումները: Նվաճումներ, որոնք ունեն հիմնարար նշանակություն դեպի ապագա մեր ժողովրդի երթի համար:
Առաջին. Մեր պետականությունը ձեւավորվեց ինքնավստահ եւ սեփական ուժին հավատացող ժողովրդի համազգային պայքարով եւ ազատագրական պատերազմով: Հաղթանակած ազգը ընդունեց անկախության հռչակագիր, որում հստակ կերպով ամրագրեց կամքը ոչ միայն կառուցելու պետականություն, այլ կերտելու աշխարհասփյուռ հայության երազի երկիրը: ՀՀ-ն, ինչպես 20-րդ դարի սկզբին առաջին հանրապետությունը, տեր էր կանգնում հայ ժողովրդի ազգային ամբողջական նպատակների իրականացմանը:
Երկրորդ. Այս ուղին շաղախող հաջորդ մեծ ձեռքբերումը ԼՂՀ հռչակումն ու կայացումն էր: Արցախը դարձավ հայոց հաղթանակի խորհրդանիշը: Հարյուամյակներ անց մենք ազատագրեցինք մեր հայրենիքի հպարտ մի հատված եւ դա արմատապես փոխեց ջարդված եւ գաղթական ժողովրդի հոգեվիճակը մեր մեջ:
Երրորդ. Համահայկական միավորիչ մյուս հզոր գործոնը ՀՀ Արտաքին քաղաքականության օրակարգ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի ներառումն էր: Սփյուռքահայության` Հայ դատի հետապնդման տասնամյակների անձնազոհ պայքարը նոր որակ եւ իմաստ էր ստանում այս քայլով:Հայրենիք-Սփյուռք միասնության համար խիստ կարեւոր եւ սկզբունքային որոշումը հսկայական ջանքեր եւ կամք պահանջեց հայ քաղաքական մշակույթից:
Եվ ընդամենը մի քանի օր առաջ, 2015թ. Ապրիլի 24-ի նախաշեմին, տեղի ունեցավ մեր կարծիքով վերը թվարկած հիմնարար ձեռքբերումներն ինչ – որ իմաստով հանրագումարի բերող իրադարձություն` ընդունվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը; Այն իր բովանդակությամբ, ընդունման ձեւով եւ սկզբունքներով կոչված է պատմական նշանակություն ունենալ հայ ժողովրդի համար:
Համընդգրկուն եւ հավասարակշռված նման փաստաթղթի ընդունումն ունի ներազգային ու արտաքին քաղաքական մեծ ազդեցություն եւ եւս մեկ վկայությունն է կայացած համահայկական միասնականության: Պետք է իհարկե արժանին մատուցել ՀՀ նախագահին, ազգային եւ պետական իշխանությունների, կուսակցությունների ներկայացուցիչներին ներկա քաղաքական խիստ բարդ իրավիճակում դրսուորած ազգային կամքի համար: Եթե փորձենք գնահատել Հռչակագրի բովանդակությունն ապա այն կարելի է արժեւորել մի քանի հարթություններում.
ա. Աշխարընկալման առումով
Հայ ժողովուրդը հանդես է գալիս իբրեւ պետականությունը վերստեղծած , հաղթող ժողովուրդների ընտանիքում, երկու աշխարհամարտերում հանուն քաղաքակրթության մեծագույն զոհեր տված եւ այնուհանդերձ սեփական գոյությունը զենքով պաշտպանած միավոր: Պայքարը շարունակելու նրա վճռականությունը հենված է միջազգային իրավունքի եւ համայն մարդկության դեմ կատարված հանցագործության պատժի անժամանցելիության հաստատման վրա:
բ. Քաղաքական նպատակների առումով
Հռչակագիրը հստակ կերպով ներակայացնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի անքակտելի միասնությունը Պահանջատիրության հետ: Հայրենազրկումն իբրեւ Ցեղասպանության մեծագույն հետեւանքի ներկայացումն ու հատուցման համապարփակ թղթածրարի ձեւավորման գործընթացի ազդարարումն ինքնին կարեւորագույն ուղի են մատնանշում :
Խիստ հատկանշական է, որ շեշտադրումը կատարվում է միջազգային կառույցներում, ժողովուրդների եւ պետությունների առաջ պատմական արդարությունը վերակագնելու իրավունքի հարցի արծարծման վրա: Սեւրի պայմանագրի եւ Վ.Վիլսոնի անժամանցելի իրավարար վճռի հիշատակումն, ունի մեծ քաղաքական նշանակություն: Այդպիսով ՀՀ-ն ստանում է անանց կիրառելի արժեք ունեցող իրավական լուծման հետապնդման հնարավորությունը:
գ. Ներհայկական միասնականության առումով
Հռչակագրում` հայ ժողովրդի վերածննդի, ազգային-հոգեւոր կյանքի վերընձյուղման, հայկական Սփյուռքի գոյացման, հայրենադարձության եւ պայքարով պետականությունը` վերստեղծելու, Սարդարապատի եւ Արցախյան ազատամարտի հիշատակումները կոչ են համայն հայությանը հպարտությամբ եւ վստահությամբ նայելու ապագային: Սա սեփական ուժերին ապավինելու եւ միասնականությունն իբրեւ զարգացման կռվան դիտելու սկզբունքի հռչակումն է ըստ էության:
Հռչակագիրն ավարտվում է մեր ժողովրդի առջեւ ծառացած հիմնական նպատակների թվարկմամբ, ուր առկա են եւ ընթացիկ ռազմավարական նշանակության խնդիրները եւ մեր համազգային տեսլականին քայլ առ քայլ հասնելու վճռականությունը:
Ամփոփելով ասվածը թերեւս կրկին հարկ է վերադառնալ այն հոդվածի սկզբում արտահայտված մտքին. Անկախ, Ազատ եւ Միացյալ Հայրենիքի կերտումը դժվարին եւ երկարատեւ գործընթաց է, այն պահանջում է իրարահաջորդ սերունդների հետեւողական եւ ստեղծարար աշխատանք: Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցը դիմավորում ենք հաղթանակած պետականությամբ, միասնականության եւ համախմբման հռչակագրով: Կկարողանա՞նք իրականացնել համատեղ ընդունված Հռչակագրի դրույթները, կկառուցե՞նք արդար, ազատ հասարակություն ունեցող եւ օրըստորե հզորացող պետություն` մեզանից է կախված, մեր խոհեմությունից եւ վճռականությունից:
Լեւոն Մկրտչյան