Կրկին հիշեցին Դաշնակցությանը

khmbagrakanՎերջին շաբաթներին Դաշնակցությունը կրկին հայտնվել է որոշ քարոզչամիջոցների թիրախում: Սովոր ենք, որ ծանոթ ուժեր, իրենց ենթակա լրատվամիջոցների խոսափողով, պարբերաբար, իսկ երբեմն էլ գրեթե ամենօրյա հետեւողականությամբ, հակադաշնակցական քարոզչության հերթական ալիքը բարձրացնեն: Եթե ուշադիր հետեւենք, թե «հերթական ալիքները» երբ են փոթորկվում՝ կարելի է գտնել դրանց կապը կոնկրետ փաստերի եւ իրադարձությունների հետ: Օրինակ դժվար է հիշել նորանկախ Հայաստանում տեղի ունեցած Դաշնակցության որեւէ ժողով, որին նախորդող ժամանակահատվածում եւ դրա ընթացքում համապատասխան քարոզչական աղմուկ չբարձրանա: Ինչ-որ մարդիկ ունենում են այն ակնկալիքը, թե մի քիչ ցախ գցեն կրակի վրա ու գուցե այս անգամ Դաշնակցության ժողովը դառնա վերջինը կամ վերջին միասնական ժողովը: Որ դա այդպես է կարելի է պարզապես անդրադառնալ հենց ներկա ժամանակահատվածին, որը Դաշնակցության համար կարեւոր իրադարձությամբ հատկանշվեց: 2015 թվականի հունվարի 16ից 24-ը տեղի ունեցավ կուսակցության Ընդհանուր ժողովը, որը գումարվում է 4 տարին մեկ անգամ:

Նոր ավանդույթի համաձայն բարձրագույն ժողովները կազմակերպվում են Հայաստանում, եւ ըստ կուսակցության կանոնագրի դրանց մասնակցում են ՀՅԴ աշխարհասփյուռ բոլոր կառույցների ներկայացուցիչները: Ահա եւ ժողովին նախորդող ժամանակահատվածում սնկի պես լույս աշխարհ եկան զանազան հրապարակումներ, որոնց մեջ աչքի էր ընկնում այն «տեղեկությունը», թե կուսակցության մեջ մրցակցություն կա նոր ղեկավարության ձեւավորման հարցում: Փորձ նախաձեռնվեց սեպ խրելու այն ճեղքի մեջ, որն իբրեւ թե կուսակցության տարբեր շրջանների գործիչների միջեւ գոյացել էր: Գուցե, թե հնարավոր դառնար դրսից բորբոքելու ժողովականների տրամադրությունները եւ վերջապես ականատեսն ու մասնակիցը դառնալ Դաշնակցության պառակտման եւ կազմալուծման: Ժողովն ավարտվեց ինչպես հայտնի է, եւ արդյունքներից ու համապատասխան հայտարարությունից ելնելով կրկին անգամ փաստվեց միակ համահայկական կազմակերպության միասնականության մասին: Այսինքն այս անգամ էլ ի դերեւ եղան անհեթեթեթ հույսերը:
Սպասենք հաջորդ ժողովին:

Այս ընթացքում, սակայն հակադաշնակցական քարոզչությունը կարծես թե դադար առնելու միտում չի դրսեւորում:

Որպեսզի հասկանանք երեւույթի շարժառիթը պետք է դարձյալ հայացք գցենք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ դրանցից ամենացայտունը ընդդիմադիր դաշտում կատարվող գործընթացներն են: Հայտնի է, որ աշնանը ընդդիմադիր քառյակը վերածվեց եռյակի, երբ իշխանափոխության օրակարգով այս ուժերից երեքը հրապարակ դուրս եկան: Կողմ լինելով հանրահավաքային ակտիվ գործունեությանը Դաշնակցությունը համաձայն չէր իշխանության դեմ պայքարի թիրախներից մեկը դարձնել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների հարցը:

Այն ժամանակ սկիզբ առավ տեսական բանավեճ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների եւ այն մերժող ու արագ իշխանափոխություն պահանջողների միջեւ:
Դաշնակցության հասցեին մեղադրանքներ հնչեցին իշխանության հետ համագործակցելու մեջ, այն դեպքում, երբ դեռ այս իշխանության կառավարման շրջանից շատ առաջ Դաշնակցությունը խոսել էր քաղաքական համակարգի համապատասխան բարեփոխումների մասին, տարիների ընթացքում մշտապես տաք էր պահել հարցը:

Եւ այս դեպքում էլ Դաշնակցությունը հակադարձում էր, որ առանց քաղաքական համակարգի բարեփոխման իշխանափոխությունը այլ արդյունք չի ունենա, անձերի փոփոխությունից բացի:

Հետաքրքիր է, որ երբ Դաշնակցությունը, հատկապես ներխորհրդարանական ձեւաչափով, համագործակցում էր ընդդիմադիր մյուս ուժերի հետ, հին ծանոթ քարոզչամիջոցները Դաշնակցության դեմ չէին ամբաստանություններից զերծ էին մնում:

Այնուհետեւ վերադարձան հոգեհարազատ թեմային ու կրկին նոր թափ են հավաքել: Ընդ որում չի զարմացնում այն, որ «հին ծանոթները» իրենց մաղձը դրսեւորելու մեջ ոչ չափի զգացում ունեն, ոչ պարկեշտություն ու բարոյականություն: Հիշենք ինչպես տարբեր ժամանակներում, «փաստագրական նյութի» հիման վրա, նույն շրջանակը անգամ փորձ է արել ապացուցել, թե Հայոց ցեղասպանության մեղավորը Դաշնակցությունն է՝ իր «արկածախնդրական» գործունեության պատճառով: Իհարկե իր պատմության ընթացքում Դաշնակցությունը շատ ցեխարձակումներ է տեսել եւ այս մի ցեխն էլ չի կպչի, բայց ցեխարձակողները մտածե՞լ են արդյոք, որ ծանր մեղքի մեջ մեղադրելով ազգային կուսակցությանը անուղղակիորեն արդարացնում են թուրքերին, կամ առնվազն, թեթեւացնում են նրանց մեղքը:

Նման պարագայում ինչու զարմանալ, որ կարող են նյութեր հրապարակել Վահան Հովհաննիսյանի դեմ, երբ վերջինիս շիրմաթմբի ծաղիկները դեռ չեն թոշնել:
Վերադառնանք, սակայն կիսատ մտքին:

Իհարկե քաղաքական ու քաղաքագիտական վերլուծություններով միշտ կարելի է սեփական ճշմարտացիությունը «ապացուցել»: Բայց ամենափայլուն մտավարժանքներով անգամ հնարավոր չէ կռվել իրականության դեմ:

Ինչպես հայտնի է իշխանափոխության մասին ընդդիմադիր եռյակի բարձրագոչ հայտարարություններից հետո «թեժ» աշնանը տեղի ունեցան երկու համատեղ հանրհավաքներ եւ դրանով աշունն ավարտվեց: Առանց չարախնդության եւ մանավանդ առանց հրճվանքի կարելի է արձանագրել, որ ընդդիմադիր եռյակը հազիվ թե միասնաբար շարունակի իր ճանապարհը: Անելիքի անորոշության մթնոլորտում տեղի է ունեցել մասնավոր շահերի բախում: Ակնհայտ է դարձել, որ այս անգամ եւս անիրականանալի է օր առաջ իշխանափոխության երազանքը:

Մյուս կողմից, կարծես թե ակնհայտ է դառնում սահմանադրական բարեփոխումների հարցում իշխանությունների տրամադրությունների լրջությունը: Անկախ թե ով է հղացել գաղափարը, ով է այն պաշտպանել կամ իրականացրել, նման քայլը Հայաստանի քաղաքական դաշտը լրջորեն կվերափոխի, դարձնելով այն ավելի ժողովրդավարական ու հակակշռելի, ընտրություններն ու քաղաքական մյուս գործընթացները պայմանավորված կլինեն գլխավորաբար ոչ թե անձերի այլ օրենքի թելադրած պահանջներով:

Այսինքն ստացվում է, որ ճիշտ էր Դաշնակցությունը: Եւ զարմանալի չէ, որ այս փաստն ու հնարավոր արդյունքները կատաղեցնում են նոր ֆիասկոյի առջեւ հայտնված հին ծանոթներին:

Չենք հավակնում պնդելու թե ներկայացրել ենք Դաշնակցության դեմ ձեռնարկված նոր հարձակումների եղած ճշմարիտ պատճառները: Գուցե այլ պատճառներ եւս կան, գուցե բոլորովին ուրիշ շարժառիթներ են գերակայում:

Գուցե շարժառիթներ էլ գոյություն չունեն:

Չզսպելով գայթակղությունը եւ վերն ասվածին փոքր ինչ հակասելով, հիշենք պարսկական առածը: Առածն ասում է կարիճը կծում է ոչ քինախնդրությունից դրդված, պարզպես նրա բնույթն է այդպիսին: Իհարկե երբ մեկի մեջ երկար ժամանակ մի բան արմատավորվում է բնույթի էլ կվերածվի՝ սովորության էլ, կյանքի նպատակի էլ: Մեզ մնում է առանձնապես ուշադրություն չդարձնել մանր խայթոցներին եւ շարունակել այն գործը, որին հավատում ենք:

Տպել Տպել