Ամանորի եռուզեռի, հաճելի եւ տխուր դեպքերի մասին լրատվական հոսքի մեջ, կարծես թե առանձնապես չկարեւորվեց մեկ իրադարձություն, որ տեղի ունեցավ 2015 թվականի առաջին օրերին: Իր իրավունքների մեջ մտած նոր տարվա հունվարի 4-ին տարածվեց ԼՂՀ -ի եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող, Ուրուգվայի Արտաքին գործոց նախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը:
Հայտարարության հետ , նույն օրը տարածվեց հաղորդագրություն արտգործնախարար Ալմագրոյի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի ու ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամների հանդիպման մասին: Հանդիպման մասին հաղորդագրությունը, ինչպես եւ դրան հետեւած հայտարարությունը ակնհայտ են դարձնում, որ ըստ էության հայտարարությունը գրավոր ձեւով ամրագրում է այն հաստատումները, որոնց շուրջ եւ քննարկում է տեղի ունեցել նախորդող հանդիպման ժամանակ:
Հայտարարության սկզբում հենց ընդգծվում է, որ. «Արտաքին գործոց նախարարը այսօր հանդիպում մը ունեցավ Հայ Դատի հանձնախումբի միջազգային եւ Ուրուգվայական ներկայացուցիչներու հետ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին հարավային կովկասին հուզող հարցեր…»
Որուգվայի արտգործնախարարի բանավոր ու գրավոր արտահայտած դիրքորոշումները, հայտնի թեմաների առնչվելով, հերթական հայտարարությունների շարքից չեն եւ կարիք ունեն լուրջ արժեւորման:
Բուն հայտարարությունը հիմք ընդունելով՝ որպես գրավոր փաստաթուղթ, անդրադառնանք այն կարեւոր ասելիքին եւ գնահատականներին, որոնք արտացոլված են տվյալ հայտարարության մեջ:
Փաստաթղթում, առանց դիվանագիտական ոճաբանության, նախ եւ առաջ շատ հստակորեն արձանագրվում է. «Արտաքին գործոց նախարարը բուռն կերպով դատապարտեց Լեռնային Ղարաբաղի շրջանին մեջ Ատրպեյճանի կողմե զինադադարի խախտումները, որ հետզհետե կը շարունակվին»:
Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն համանախագահող կողմերի տարբեր մակարդակի ներկայացուցիչների, ինչպես եւ այլ շահագրգիռ ատյանների, այս դեպքում բացակայում է իրադարձություններն ու դրանց մեղավորներին հավասարացնելու, այդ միտումով ճշմարտությունը լղոզելու մարտավարությունը: Շատ որոշակիորեն ընդգծվում է, որ տեղի ունեցող զինադադարի խախտումների մեղավորը Ադրբեջանական կողմն է, որի արձագանքն էլ Ուրուգվայի արտգործնախարարի պաշտոնական դատապարտումն է:
Սրան հետեւում է նույնքան հստակությամբ արտահայտված հաջորդ կարեւոր միտքը. «Նույնպես նկատի ունենալով Մինսկի խումբի տարած աշխատանքը, որու եզրափակման պիտի սպասե Ուրուկվայը ճանաչման առնչությամբ իր որոշումը որդեգրելու համար, շեշտեց Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը…»:
Ինչպես ակնհայտ է դառնում ասվածից Ուրուգվայն, ի դեմս իր պետական համապատասխան մարմինների, արդեն իսկ որոշում է որդեգրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ, սակայն այդ մասին հայտարարելու համար սպասում է Մինսկի խմբի աշխատանքի եզրափակմանը: Սա իր հերթին բացատրվում է խնդիրը խաղաղ կերպով լուծված տեսնելու անհրաժեշտությամբ եւ հավանաբար այդ գործընթացին չխոչնդոտելու մտահոգությամբ:
Սրան էլ հետեւում է ավելի մեծ ընդհանրացում, որտեղ լայն բացված կարկինով արտգործնախարարի ասելիքն ընդգրկում է ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականության խնդիրը.
« …հատկապես նկատի ունենալով հայ ժողովուրդի ինքնորոշման իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականութեան սկզբունքը՝ մայիս 1918 են Դեկտեմբեր 1920 անկախացած Հայաստանի Հանրապետութեան սահմաններուն (նախքան խորհրդայնացումը»):
Վերջապես հայտարարության եզրափակիչ մասում շնորհավորելով Սուրբ ծննդի առիթով արտգործնախարարը «… իր ողջույնի պատգամը փոխանցեց Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հայ ժողովուրդներուն, հույս հայտնելով, որ այս վերջինը ազգերու միջազգային հանրութեան կողմե իր ճանաչումը ստանա շուտով»: Կարեւոր մաղթանքը փոխանցելու հետ Լուիս Ալմագրոն շեշտում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն» անվանումը կարծես մեկ անգամ եւս ընդգծելով, որ իր երկրի համար Ղարաբաղը անկախ հանրապետություն է:
Այսպիսով առաջին անգամ, օտար երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը արծարծում է հայոց պահանջատիրության հարցը, այն համարելով արդարացի, քանի-որ բխում է հայ ժողովրդի իրացրած ինքնորոշման իրավունքից:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե բարեկամ երկրի բարձրագույն պաշտոնյան ոգեւորվելով շատ է առաջ անցել, իրականում սակայն ճշգրիտ եւ գիտակցված է նրա հիմնավորումը: Նախ Լուիս Ալմագրոն չի խոսում առհասարակ Հայոց պահանջատիրության մասին, այլ վկայակոչելով 1918-20 թվականների սահմանները շեշտում է, որ խոսքը Հայաստանի առաջին հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասի բռնազավթման մասին է, ինչը տեղի է ունեցել 1920-1921թվականների ընթացքում: Արտգործնախարարի համարձակ մատնանշումները արդարացվում են նաեւ այն իրողությամբ, որ արդեն իսկ այդ բռնազավթման խնդիրը միջազգայի իրավունքի տեսակետից ուսումնասիրելու եւ գնահատելու նպատակով, ինչպես հայտնի է, ստեղծվել է հայ միջազգայնագետ իրավաբանների հանձնաժողով:
Այստեղ արժե հիշել նաեւ, որ ազգային ազատագրական հեղափոխության ճանապարհով ղեկավարության հասած Ուրուգվայի իշխանությունը առաջնորդվելով հումանիզմի, արդարության եւ ժողովուրդների իրավունքների հարգման սկզբունքներով, աշխարհում առաջինը ճանաչեց եւ դատապարտեց հայոց ցեղասպանությունը: Նույն իշխանությունը մի քանի տասնամյակ անց, առաջինը լինելով, կատարեց եւս մեկ առաջընթաց քայլ՝ խոսեց հայ ժողովրդի օրինական պահանջատիրության մասին: Գումարելով սրան նաեւ այն հայտարարությունը, որ իր համար աներկբա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Կարելի է արձանագրել նաեւ, որ նման հայտարարությունը 2015 թվականի առաջին օրերին շատ արժեքավոր է, նկատի ունենալով, որ հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, այլեւս մեզ համար մտքերի ու գործողությունների առաջքայլի անհրաժեշտություն է ճանաչման ու դատապարտման փուլից անցում կատարելը պահանջատիրության հանգրվանի:
Հայտարարությանը նախորդած վերոհիշյալ հաղորդագրությունից կարելի է նաեւ եզրակացնել, որ սույն փաստաթուղթը չի ծնվել միայն մեկ հանդիպման անմիջական արդյունքում, այլ այս ամենին նախորդել է տարիների աշխատանքը: Այդ թվում Ուրուգվայի բարձրագույն պաշտոնյաների մի քանի այցելությունների կազմակերպումը Հայաստանի եւ ԼՂ Հանրապետություններ: Չանտեսենք նաեւ 2014 թվականին ՀՀ նախագահի այցը Ուրուգվայի Հանրապետություն:
Այսպիսով արձանագրելով 2015 թվականի տարեսկզբի այս հաջող մեկնարկը, անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը շոշափելի նոր արդյունքներ գրանցելու համար: Համոզված լինելով, որ հրապարակային եւ ոչ հրապարակային ձեւով գործադրված համապատասխան ջանքերը, ժամանակի ընթացքում, անպայման պտուղներ կտան, թիզ առ թիզ կրճատելով դեպի ընդհանուր նպատակակետեր տանող ճանապարհը:
Արտաշես Շահբազյան