XXI դարում ժողովուրդները, սրընթաց արագություն ձեռք բերած քաղաքակրթական բնույթի փոփոխություններում, ստիպված են կողմնորոշվել վազքի մեջ, երբեմն արմատական հեղաշրջում կատարելով իրենց կյանքի բոլոր ոլորտներում՝ գաղափարական արժեքներից մինչեւ ընկերային-տնտեսական, մշակութային եւ կրթական համակարգերը:Ընդորում յուրաքանչյուր ազգ պարտադրվում է կատարել արժեւորումներ՝ գնահատելու համար միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացների հետեւանքներն ու ազդեցությունն իր կենսագործունեության վրա, ինչպես նաեւ որոշելու սեփական ներուժի ծավալն ու լծակները ժամանակակից աշխարհում:
Սույն օրինաչափությունն առավել ցցուն անդրադարձներ է ունենում աշխարհի զգայուն հատվածներում՝ քաղաքակրթությունների եւ ազդեցությունների կոնտակտային տարածքներում: Սա առավել ակնառու է հայկական լեռնաշխարհի եւ հարակից տարածքների առումով, ուր դարեր շարունակ ընթացող բարդ էթնոքաղաքական գործընթացները ձեւավորել են յուրահատուկ քաղաքական միջավայր:
Արդյունքում առաջացել է քաղաքական տնտեսական, մշակութային ազդեցությունների բարդ մի համակարգ, որն հազարավոր թելերով առնչվում է աշխարհում գործող համարյա բոլոր վճռորոշ ուժային կենտրոնների եւ մոդելների հետ: Այդ կապերը ոչ միայն ուղղահայաց եւ հորիզոնական են, այլ նաեւ անկանոն, խաչաձեւ բնույթ են կրում ու իբրեւ հետեւանք մեծապես զգալի են երկրի ու ժողովրդի կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Կարող ենք թվարկել մի քանիսը՝ ժողովրդի կողմից ազգային անվտանգության հիմնադրույթների սրված ընկալում, գաղտնի ծառայությունների առավել ակտիվ աշխատանք, օտար ազդեցություններին ենթարկվածության մեծ աստիճան, քաղաքական դաշտի անկատարություն եւ այլն: Այսպիսով՝ ներկա իրավիճակի առաջին բնութագրիչը՝ Հայաստանի՝ Միջին Արեւելքում եւ Հարավային Կովկասում առանձնակի կոնտակտային տարածք հանդես գալու հանգամանքի մեջ է:
Երկրորդ բնութագրիչը՝ Հայաստանի անկլավային վիճակն է, անկլավ քաղաքական եւ տարածքային իմաստով, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեր իրավիճակի առանձնահատկություններից է սա, որ լինելով քաղաքակրթական եւ քաղաքական ամենատարբեր ազդեցությունների կիզակետում, Հայաստանն այսօր եւս շարունակում է մնալ անկլավ քաղաքական, կոմունիկացիոն եւ մշակութային առումներով:
Մենք ստիպված ենք փոքր բացառություններով ամրագրել մեր մշակութային եւ քաղաքական ընկալումների ու առաջնահերթությունների տարբերությունը տարածաշրջանի համարյա բոլոր ժողովուրդներց:
Իրավիճակի երրորդ կարեւոր բնութագրիչը՝ հայ ժողովրդի աշխարհասփյուռ լինելն է: Ազգային մեծ ողբերգության՝ Ցեղասպանության եւ անկախ պետականության կորստի հետեւանքով տարբեր երկրներում առաջացած համայնքները տասնամյակների համառ ու հերոսական աշխատանքի շնորհիվ ստացել են կազմակերպական ձեւ՝ Սփյուռք:
Հայաստանի անկախության վերականգնումից հետո սփյուռքահայության դերն ու կշիռը նոր իմաստավորում ստացան քաղաքական եւ տնտեսական բնույթի աշխարհաքաղաքական բարդ զարգացումներում:
Իրավիճակի այս երեք բնութագրիչների վերլուծությունը հանգեցնում է եւս մի քանի հաստատումների, որոնցով պարտավոր ենք առաջնորդվել Հայաստանի համապարփակ քաղաքական ուղեգիծը մշակելիս.
- այս երեք բնորոշիչները փոխադարձաբար ներթափանցված եւ շաղկապված են միմյանց ամենատարբեր հարթություններում՝ ինֆորմացիոն դաշտից մինչեւ մշակութային եւ տնտեսական ոլորտներ,
- այդ բնորոշիչներում, հայ ժողովրդի ազգային շահի տեսանյունից դիտարկելիս, երեւում են ինչպես ռիսկային, այնպես էլ դրական զարգացումների հնարավորությունները,
- Հայաստանում դրական մեծ արդյունք կարելի է ակնկալել միմիայն համահայկական ընդգրկումով եւ հայ ժողովրդի ամբողջական հնարավորություններն օգտագործելու պարագայում: Հատկապես վերջին հաստատումը ինքնըստինքյան հանգեցնում է կարեւորագույն խնդրի՝ հայ ժողովրդի ամբողջական ներուժի գնահատման մեխանիզմների անհրաժեշտության գիտակցմանը:
Ժամանակակից աշխարհը պետություններից եւ ազգերից պահանջում է սեփական ներուժի առավելագույն կենտրոնացում, օգտակար գործողության գործակցի համաչափ բարձրացում, դրանց ռացիոնալ ու նպատակային կիրառում: Այժմ մենք կանգնած ենք ջրբաժանի առջեւ եւ այլեւս իրավունք չունենք կատարելու անպատրաստ ու անզգույշ շրջադարձեր:
Անթույլատրելի է շարունակել իրադրային վիճակներին համակերպվելու քաղաքականությունը: Կամ պիտի հաստատենք մեր արժանապատիվ տեղն ու դերը աշխարհում, կամ հակառակ պարագայում ճակատագիրը մեզ շնորհելու է այլ հզոր ժողովուրդների արժեքներին սպասարկողի ու ծառայողի դերակատարություն: