Ինչպես յուրաքանչյուր ազգ, մենք ևս ունենք դարերի ընթացքում ձևակերպված մեծ և ընդհանրական նպատակ՝ հայ ժողովրդի հզոր, ազատ, բարեկեցիկ կենսագործունեության ապահովում ամբողջական և անկախ հայրենիքի տարածքում:
Այս ձևակերպման մեջ արտահայտված է և՛ պատմական հենքը (հայոց պետականությունների գոյություն) և՛ կորստի երեք հազարամյա փորձը, և՛ հայրենատիրության, կենսատարածքի փիլիսոփայությունը, և՛ ազատ, հզոր, անհատ-ընտանիք-ազգ համախումբն ու փոխհարաբերությունները:
Սակայն ընդհանրական և տեսլական նպատակի ճանապարհին առկա խնդիրների, դրանց լուծումների, ըստ այդմ նաև հնարավորությունների ու ներուժի գնահատման գործունակ մեխանիզմների ամբողջացնող համակարգ առայսօր մեր կողմից մշակված չէ: Դեռևս 19-րդ դարի վերջին հայկական հեղափոխության ականավոր ղեկավարներից մեկը՝ Քրիստափոր Միքայելյանը, հանճարեղ պարզությամբ շարադրեց մեր մարտավարության այբուբենը՝ հանգրվանային լուծումների և անընդհատ պայքարի տեսությունը:
Ոչ միայն ժողովուրդը, այլև անհատը, ընտանիքը կամ հասարակությունը իրենց զարգացումը կարող են ապահովել միմիայն համապատասխան նպատակների և խնդիրների հստակեցման պարագայում: Անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդվում և ինչ մակարդակով, այն իր էությամբ տեսլական է՝ շաղախված ցանկություններով, հույսերով և զգացմունքներով:
Նպատակը բազում քայլեր առաջ է ներկա վիճակից: Այն անցյալի փորձի հաջողություններն ու ձախողություններն ընդհանրացնող ձևակերպում ու ձգտում է, որը պարունակում է զարգացման, դիալեկտիկայի մեծ ներուժ:
Նպատակ ունեցող, նպատակին հավատացող ամբողջությունը՝ լինի ազգ, հասարակություն, թե անհատ, բազմապատկում է իր դիմադրողականությունը, գիտակցված է դարձնում գոյությունն ու կյանքը՝ այլոց կողմից արժանանալով հարգանքի ու վստահության:
Խնդիրներն ուրիշ են, առավել հանգրվանային բնույթ ունեն, որովհետև վերջիններիս մեջ տեսլականի չափաբաժինը խիստ նվազ է: Խնդիրները հիմնականում իրավիճակի թելադրանքի արդյունք են և պրագմատիզմից ու իրատեսական հաշվարկից են բխում:
Հաճախ ցավալիորեն նույնացվում կամ փոխատեղվում են նպատակն ու խնդիր հասկացությունները: Խնդիրների մեջ փորձում են տեսնել ռազմավարական, տեսական հարցադրումներ, իսկ երբեմն էլ նպատակ են հորջորջվում մարտավարական, փոքր լուծումներ պարունակող հարցերը: Նման փոխատեղումները միշտ հանգեցնում են դաժան ձախողությունների, հիասթափության և անվստահության մթնոլորտ են ձևավորում:
Սակայն լինում են ժամանակներ, երբ անգամ խնդիրները չեն ձևակերպվում կամ հենված չեմ լինում իրական ներուժի գնահատման, իրատեսական հաշվարկների վրա այն պարզ պատճառով, որ արժևորում և ինքնագնահատում արված չի լինում:
Ասվածը կարևորվում է հատկապես 21-րդ դարի համար, երբ գլոբալացման գործընթացների հետևանքով համաշխարհային թատերաբեմում մրցակցությունը տնտեսական, քաղաքական դաշտերում միահյուսվում է գաղափարախոսական և քաղաքակրթական լուրջ առճակատումներին: Հետինդուստրիալ հասարակարգի ժամանակակից տեսությունները առաջիկա տասնամյակների համար ուրվագծում են քաղաքակրթությունների երկխոսության կամ պայքարի տարբեր մոդելներ:
Միանշանակ է, որ նման պայմաններում համաշխարհային զարգացման ընդհանուր վեկտորները ազգերից ու պետություններից պահանջելու են սեփական ներուժի առավելագույն կենտրոնացում, տարածաշրջանային և համաշխարհային հավասարակշռության համակարգերում կուտակված էներգիայի ռացիոնալ և նպատակային կիրառում:
Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները հատկապես դժվարին խնդիրների առաջ են կանգնեցնելու Հայաստանի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին:
Ազատագրական պայքարի, կորուստների և ձեռքբերումների անցած հարյուրամյակը մեծ նպատակը մոտեցնող և հեռացնող փորձությունների ժամանակաշրջան էր: 20-րդ դարի մայրամուտում կարողացանք լուծել հանգրվանային մեծ խնդիրը՝ հայրենիքի փոքր հատվածում վերականգնեցինք անկախ պետականությունը, ազատագրեցինք գերյալ տարածք:
Սակայն նոր մարտահրավերները հրամայականորեն պահանջում են եղածը պահպանելու, նոր ճեղքումներ ապահովելու ընդունակ համակարգի կառուցում: Համակարգ, որում ներդաշնակորեն միմյանց կփոխլրացնեն նպատակը, խնդիրներն ու միջոցները, նրանցից յուրաքանչյուրը կունենա իր ժամանակացուցային հերթականությունը, հիմնավորվածությունն ու հենքը:
Համակարգի հիմքում պետք է լինի շարունակականության հիմնադրույթը, որը կապահովի տեսլականի ու իրատեսության, անցյալի, ներկայի և ապագայի միասնական ընկալումը: Քանի որ նպատակը շարունակականության մեջ չունի սկիզբ ու չունի վերջ, ապա այնքան ժամանակ է նա մեզ հետ, որքան կլինի մեր ժողովուրդը: Մեր հնարավորությունների և ներուժի բազմապատկմանը զուգընթաց փոխվում են խնդիրները, ավելի ազատ է դառնում ազգը, հզորանում է նրա պետականությունը և տեսանելի է դառնում Ազատ Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը: