88 թվականից սկսված հայ-ադրբեջանական հակամարտությունը ունեցել է տարբեր հանգրվաններ եւ դրսեւորումներ: Եղել են հանրահավաքներ, փոքր ու մեծ ընդհարումներ, պատերազմ եւ բանակցություններ, մշտատեւ քարոզչական դիմակայություն, սահմանային ընդհարումներ, ինչպես եւ դատավարություններ:
Հիշենք ինչպես Սումգայիթյան իրադարձությունների առիթով դատական գործընթաց նախաձեռնվեց, սակայն այն գոհացուցիչ արդյունքներ չունեցավ, քանի-որ մենք չէինք մեր դատի տերը, այլ՝ Մոսկվան: Հիշենք քնած հայ սպային սպանած Ռամիլ սաֆարովի դատավարությունն ու հաջորդած իրադարձությունները:
Ներկայումս ընթանում է եւս մեկ դատավարություն, որին մենք կարծես թե վերաբերում ենք, որպես հերթական միջադեպի՝ արդեն 26 տարի ձգվող այս հակամարտության մեջ: Իրականում, սակայն Ստեփանակերտում տեղի ունեցող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը ունի քաղաքական նշանակություն, թեեւ բնույթով այն քրեական հանցագործություն է:
Հիշենք, որ տարիներ շարունակ հոխորտանքների լեզվով խոսող Ադրբեջանը միջազգային հանրության մոտ ցանկանում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե կարծես իրենց եւ մնացած բոլորին մեծ շնորհ է անում սեփական նախաձեռնությամբ Ղարաբաղի հարցը չլուծելով: Այնինչ ամեն վարյրկյան պատրաստ է այդ բանն անել, մասնավորապես ռազմական ուժի գործադրման ճանապարհով:
Ադրբեջանի իշխանությունը փորձում է ներշնչել բոլորին եւ առաջին հերթին իր հասարակությանը, թե ներկայիս Ղարաբաղը ընդամենը ըմբոստացած եւ ժամանակավորապես անջրպետված տարածք է, որի ադրբեջանական պատկանելությունն անվիճարկելի է:
Օդանավակայանը շահագործելու հետ կապված հիստերիկան, օրինակ պայմանավորված է այն մտավախությամբ, որ արտաքին աշխարհի հետ օդային հաղորդակցության հաստատումը կդառնա լուրջ փաստարկ՝ հօգուտ Ղարաբաղի ինքնուրույնության եւ անկախության:
Երեւույթի մեկ դրսեւորումն էլ այն էր, որ վերջերս Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը հայտարարեց թռիչքազերծ գոտի:
Քաղաքական այս բլեֆին հակառակ, նույն Ղարաբաղը եւ ոչ Հայաստանի Հանրապետությունը, նույն ժամանակ դատական գործընթաց է իրականացնում երկու ադրբեջանցու նկատմամբ, մեղադրելով նրանց, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբով հատելու, ռազմամթերք կրելու եւ այլ հանցանքների մեջ:
Ակնհայտորեն դատավարության այս իրողությունը կարեւոր մեկ փաստարկ է, որ Արցախն այսօր անկախ պետություն է եւ իրականացնում է կարգավիճակից բխող գործառույթներ: Կարելի է ի դեպ հիշել նաեւ, որ ԼՂՀ խորհրդարանը վերջերս միակողմանի կերպով ձեռնամուխ եղավ միջազգային տարբեր օրենքների վավերացմանը:
Դատավարությունների մասին խոսելիս ակամայից մտաբերում ես մի շարք այլ դատավարություններ, որոնք ոչ վաղ անցյալում տեղի ունեցան իր անկախությունը հռչակած, չեչենական այսպես կոչված «անկախ Իչկերիայում», ինչպես եւ իսլամական ծայրահեղականների նախաձեռնած շարյաթի օրենքներով, այլ դատավարություններ: Այս դեպքերը, սակայն վարկաբեկեցին արդարադատություն գաղափարը եւ ակնհայտ դարձրին, հռչակված նպատակների սնանկությունն ու անօրինականությունը: Ավելին, դրանք հավելյալ փաստարկ դարձան, այդպիսի ուժերին ոչնչացնելու հիմնավորվածության օգտին:
Այդ օրինակներին հակառակ, Ստեփանակերտում տեղի ունեցող դատավարությունը ունի միանգամայն քաղաքակիրթ, օրինական, բաց եւ ժողովրդավարական բնույթ:
Դատավարական այս գործընթացին հնարավորություն ունեին եւ ունեն անմիջականորեն հետեւելու միջազգային կազմակերպությունների ու շահագրռիռ երկրների դիտորդներ եւ եթե չեն արել մինչ այժմ, կարծում եմ նաեւ այն պատճառով, որ դրանով փաստացիորեն կընդունեին ԼՂՀ անկախ կարգավիճակը: Չեն արել, եւ այնուամենայնիվ խնդրի վերաբերյալ եղած անխոս հետաքրքրությունը վկայում է, որ Արցախը իր անկախ կյանքի ընթացքը պարտադրում է ընդունել բոլորին: Ինչպես, որ պարտադրել է ընդունել անկախության հռչակումը, իրարահաջորդ տարբեր մակարդակի ընտրությունները եւ այլն:
Ասվածի վկայությունն է նաեւ այն փաստը, որ միջազգային որեւէ բացասական արձագանք չեղավ նաեւ երրորդ դիվերսանտի սպանության փաստով, որ վկայում է հանցագործին պատժելու ԼՂՀ-ի ունեցած պետական իրավունքը, թեկուզ անխոս, ընդունելու մասին:
Ինչպես նկատում ենք հիստերիկ բնավորություն ունեցող Ադրբեջանի իշխանությունը եւս փորձում է այս հարցով մեծ աղմուկ չբարձրացնել: Այդ դեպում առաջին հերթին եւ հենց իր ժողովրդի համար հոգեբանական մարմնավորում կստանա այն փաստը, որ Ղարաբաղը դատում է Ադրբեջանին ու վերջինս անզոր է որեւէ բան անել: Դժվար կլինի սեփական անզորությունը ի հայտ բերելուց հետո համոզել, թե Արցախն անկախ չէ եւ հոխորտալ, թե շատ որ բարկացնեն ուժով հարցը կլուծենք: Հոգեբանական եւ քաղաքական արժեք ունեցող այս նվաստացնող փաստի դիմաց լռություն պահպանելը, սակայն բոլորովին չի վկայում այն չկարեւորելու մասին:
Հիշենք ինչպես նրանք աշխուժացան խաղաղ թռիչք կատարող ուղղաթիռը խոցելուց հետո եւ տեսնելով աճյունները ետ ստանալու հայկական կողմի խիստ շահագրգռությունը, առաջարկեցին փոխանակել դրանք մեղադրյալների աթոռներին նստած դիվերսնտների հետ:
Ավելորդ է ասել, որ հայկական կողմն իհարկե առաջարկի հետ երբեք չէր համաձայնելու, որովհետեւ դրանով ցույց կտար որ ոչ թե լուրջ երկիր է, այլ օրենքներ հռչակող ու օրինականության սկզբունքների հետ խաղ անող արհեստական պետություն, որի վիճակում շատ հաճախ իր երկիրը դնում է նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը: Ադրբեջանը, նրա զինված ուժերն ու հատուկ ստորաբաժանումները ներկայացնող դիվերսանտների հետ կապված ստորացուցիչ վիճակը հաղթահարելու մի խեղճ քայլ կարելի էր նկատել նաեւ հարեւան երկրի ղեկավարների տնօրինությամբ նրանց ընտանիքներին բնակարաններ հատկացնելը:
Հիշենք ինչ գնով Ադրբեջան վերադարձվեց Ռամիլ Սաֆարովը:
Եւ դարձյալ նույն ձեռագիրն ու վարքագիծը, երբ հերոս են հռչակվում մարդիկ, որոնց արարքների համար նորմալ հասարակությունը կամաչեր:
Թեկուզ ադրբեջանցու պարագայում, սակայն կարելի է հարգել մարդուն, ով հայրենասիրությունից դրդված համարձակվում է խախտել հակամարտող երկրի սահմանը՝ ինչ-ինչ կարեւոր առաջադրանքներ իրականացնելու համար: Երբ, սակայն այդ «հերոսները» օտար տարածքում ավանդույթի համաձայն զբաղվում են անասնագողությամբ, առեւանգում ու սպանում են անմեղ պատանու, սպանության փորձ են կատարում իրենց նպատակների հետ առնչություն չունեցող կնոջ հանդեպ, հաստատվում է այն կարծիքը, որ որպես պետականություն ԼՂՀ-ն այսօր ավելի ծանրակշիռ եւ քաղաքակիրթ բնույթ ունի, քան Ադրբեջանը:
Վերադառնանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, ընթանում է առանց ավելորդ հուզականության, առանց ցուցադրական շոուների, պետությանը հատուկ ինքնավստահ հանդարտության եւ դատավարությանը բնորոշ օրինականության տարրերի ամբողջական պահպանության պայմաններում: Մեղադրյալները հնարավորություն ունեցան օգտվելու փաստաբանների ծառայությունից, նախատեսված այլ իրավունքներից եւ ողջ այս ընթացքում դատարանի նկատմամբ ոչ մի դժգոհություն չարտահայտվեց:
Ավելին, միմյանց նկատմամբ ուղղված բացահայտումներով, երկու հանցագործները ավելի եւս հաստատեցին նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները:
Կարելի է ենթադրել, թե ինչ կկատարվեր Բավում, եթե, Աստված մի արասցե, այնտեղ հայերի դատեին: Ինչպես տեսնում ենք Արցախի ժողովուրդը զուսպ ուշադրությամբ է հետեւում տեղի ունեցողին, հնարավոր չէ խոսել նաեւ դատարանի նկատմամբ գործադրվող որեւէ ճնշման մասին:
Ղարաբաղի Հանրապետությունը լինչի դատաստանի չի ենթարկում մարդկանց Ադրբեջանցի լինելու համար, այլ մեղադրում եւ պատժում է նրանց եւ մեծ իմաստով նրանց ղեկավարներին, ԼՂՀ-ի եւ նրա քաղաքացիների նկատմամբ ոտնձգություններ թույլ տալու համար:
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ավարտվեց ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատաքննությունը, դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանությունների փուլը: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ դատավարությունը կավարտվի եւ ելնելով անառարկելի փաստերից երկար ժամանակով հանցագործները ԼՂՀ քրեական մեկուսարաններում կկրեն իրենց պատիժը:
Երկար ժամանակ այս փաստը ցցված կմնա Ադրբեջանի իշխանությունների կոկորդում եւ նրա ջղաձգումները տեսանելի կլինեն բոլորի համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւս մեկ անգամ կապացուցի, որ ինքնավստահորեն շարունակում է պետականության հաստատումը՝ իր կյանքը կազմակերպելով սեփական եւ միջազգային օրենքներին համահունչ, ապահովելով որեւէ պետության գոյության համար անհրաժեշտ այնպիսի առաջնային պայմաններ, ինչպիսիք են ներքին եւ արտաքին անվտանգության պահպանությունը:
Արտաշես Շահբազյան