Ապրիլի երեքի առավոտյան Հանրապետության վարչապետը անց էր կացնում կառավարության ամենշաբաթյա նիստը եւ դժվար էր ենթադրել, որ նույն օրվա երեկոյան կհայտարարվի վերջինիս հրաժարականի մասին: Այն էլ, ըստ իր ցանկության, եւ այն էլ դեռեւս մեկ ամիս առաջ, հանրապետության նախագահին գրած հրաժարականի դիմումի համաձայն: Տեղի ունեցածի վերաբերյալ ծայր առած մեկնաբանություններում, որպես հրաժարականի իրական պատճառներ, նշվում են եւ դեռ նշվելու են կառավարության ծրագրի տապալումը, նախորդ տարվա համար նախանշված 7% տնտեսական աճի չապահովումը, Տ. Սարգսյանի անձի հետ կապվող օֆշորային սկանդալը, ինչպես եւ «Նաիրտ»ի ու այլ աղմկոտ պատմությունների հետ նրա առնչությունը, ընտրություններում երկրորդ տեղ գրաված այլըմտրանքային ուժի հիմնական առանցքային պահանջը, Մաքսային միությանը մաս կազմելու հարցում վերջինիս անհամաձայնությունները, հասարակական դժգոհության ալիք բարձրացրած պարտադիր կուտակային կենսաթոշակի գաղափարական դրոշակակիրը լինելը, ընդդիմադիր քառյակի կողմից նախաձեռնած հրաժարականի պահանջով նոր արշավը, որի շրջանակում նախատեսվում էր հանրապետությունում հանրահավաքների ալիք ծավալել:
Հիշենք նաեւ, որ վարչապետը մշտապես գտնվում էր հասարակական-քաղաքական քննադատության առանցքում, եթե կոնկրետ առիթ էլ չլիներ, ապա հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի համար նրա հասցեին ուղղվող հիմնական (եթե չասենք ամենահիմնական) մեղադրանքների պատճառով: Վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունը հրապարակվեց մեզանում ավանդույթի ուժ ստացող ձեւով՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո՝ ԱԺ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից: Շարմազանովի խոսքի հիմնական շեշտադրումն այն էր, որ հրաժարականի համար վարչապետը նախապես դիմել էր, եւ որ այն ունի զուտ անձնական դրդապատճառներ: Այլ խոսքով, միտք բանին այն էր, թե տպավորություն չստեղծվի, որ նախագահը, հեղափոխությունների այս խառը ժամանակներում, տեղի տվեց ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակության ճնշմանը:
Հայտնի է, որ վարչապետի հրաժարականի պահանջը, Հայաստանի ներքաղաքական դաշտում, հնչում էր վաղուց եւ օրինակ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից այն մեկ անգամ արդեն ներկայացվել էր խորհրդարանական քննարկման:
Ճշմարտությունը պահանջում է արձանագրել, որ հետեւողական բնույթ ստացած այս պահանջի նկատմամբ հանրության մեջ նաեւ թերահավատ տրամադրություններ կային: Չի կարելի չհամաձայնվել այն մարդկանց հետ, ովքեր ասում են, որ գործադիր իշխանության գործունեության հիմնական պատասխանատուն հանրապետության նախագահն է եւ ուրեմն արմատական խնդիրների արմատական լուծման համար ինչու չի դրվում հենց նախագահի հրաժարականի պահանջը: Սրանից էլ հետեւություն էր արվում հաճախ այն մասին, թե որքանով է անկեղծ իշխանության դեմ ուղղված, ընդդիմադիր գործունեության, այսպիսի մարտավարությունը: Չենք մոռացել, որ նույն բանն ասվում էր նաեւ հայ-թուրքական արձանագրությունների առիթով՝ Դաշնակցության կողմից արտգործնախարարի հրաժարական պահանջի ժամանակ:
Պետք է ընդունել, որ համապետական ընտրությամբ ընտրված նախագահի հրաժարականը նշանակում է իշխող ուժի արմատական փոփոխություն: Սա այն պարագայում, երբ խորհրդարանական մեծամասնությունն արդեն իսկ ներկայացնում է այդ նույն նախագահին: Ի տարբերություն համապետական ընտրությամբ ընտրված երկու բարձրագույն ինստիտուտների, կառավարությունը նշանակովի է եւ նրա ամբողջական կազմի կամ առանձին անդամների փոփոխությունը, ոչ քաղաքական պատկերի փոփոխություն է նշանակում, ոչ հակասություններ նրա ներսում եւ ոչ էլ արմատական փոխատեղություններ՝ մեկ կողմի կամավոր զիջումների հիման վրա: Շեշտում ենք կամավորի հանգամանքը, որովհետեւ հակառակ պարագայում դրան պետք է հասնել հեղափոխության կամ հեղաշրջման ճանապարհով, իսկ վերջինս որքան է հնարավոր, իրատեսական ինչպես եւ թույլատրելի մեր երկրի համար, արժե քննել սթափ մտքով եւ ոչ տաք սրտով ու գրգռված ջղերով: Ի դեպ, հավանաբար ենթագիտակցական բնազդն է հենց թելադրում, որ հերթական ընտրությունների ժամանակ համընդհանուր ակտիվություն դրսեւորող մեր հասարակությունը, չնայած համընդհանուր դժգոհությանը, ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում դառնում է խիստ կրավորական դերակատար:
Վերադառնալով բուն ասել ասելիքին արձանագրենք, որ վարչապետի, կառավարության, կամ առանձին նախարարի հրաժարականի խնդիրը առաջ քաշելով ընդդիմությունը նախ եւ առաջ առաջադրում է հեշտ լուծելի մի հարց, որը տեղի է ունենում ընդամենը նախագահի համաձայնությամբ, լիովին տեղավորվում է ժողովրդավարության կանոնների մեջ, ինչպես եւ ընդհանուր պրակտիկա է ամբողջ աշխարհում: Այնքան սովորական մի բան, որ կառավարման ժամանակահատվածում այդ քայլին երկրի ղեկավարները դիմում են երբեմն մի քանի անգամ՝ դրանով չփաստելով իրենց թուլությունը, նահանջը, ձախողումը, եւ չխաթարելով սեփական վարկը: Այլ միանգամայն հակառակը: Անցնող շրջանում առաջադրելով հրաժարականի պահանջ, ըստ էության ընդդիմությունը առաջարկում եւ ինչու ոչ տալիս էր նախագահին հնարավորություն անցավ կերպով սրբագրելու կատարված սխալները եւ որդեգրելու կուրսի, գործելակերպի փոփոխություն: Կարելի է հիշել, որ նույն հայ-թուրքական գործընթացի տաք օրերին, թուրքիայի իշխանությունը, արտգործնախարար Բաբաջանին փոխարինեց Դավութօղլույով: Եւ կարծես ոչ մեկի մոտ խնդիր չառաջացավ թե այդպիսի պահին ինչպես ու ինչու նման քայլ կատարվեց: Մենք չգիտենք այդ քայլն ինչու կատարվեց, սակայն մեր նախարարի փոփոխությունը կարող էր առիթ ընձեռել հրաժարվելու վտանգավոր արձանագրություններից: Նույն կերպ ազատվելով ակնհայտորեն անարդյունավետ գործող կառավարական կաբինետից ու մասնավորապես նրա ղեկավարից կարելի էր կատարել կուրսի փոփոխություն՝ նկատի ունենալով հենց այն հիմնական թերություններն ու սխալները, որոնք եւ ստեղծված իրավիճակի պատճառն էին դարձել:
Ի վերջո, նոր իրողությունների պայմաններում մենք պետք է սովորենք նաեւ հաշվի նստել հասարակության իրական (ոչ թղթի վրա նկարված) տրամադրությունների հետ անկախ այն բանից այդ տրամադրությունների ստեղծած էներգիան որքանով է սպառնում սեփական աթոռի անսասանությանը: Պետք է նոր ժամանակների խաղի կանոնի վերածվի այն սկզբունքը, որ եթե ժողովրդի 80%-ը ինչ-որ բանի դեմ է, ապա չի կարելի անել այդ բանը: Անկախ նրանից, կարող ես հաջողությամբ գլուխ բերել ցանկությունդ թե՝ ոչ: Ինչպես նաեւ անկախ այն բանից, որ կարող ես համոզված լինել, թե դու ավելի ճիշտ ես քան՝ դիմացիդ մեծամասնությունը:
Քանի որ ցայտուն օրինակները ավելի պարզորոշ են ուրվագծում երեւույթը այդպիսի մի օրինակի անդրադառնանք: Շառլ Դը գոլը Ֆրանսիայի կենդանի լեգենդն էր՝ ֆրանսիական դիմադրական շարժման առաջնորդը, պատերազմի հերոս, մեծագույն ռազմաքաղաքական գործիչ: Նա երկու անգամ ընտրվել էր երկրի նախագահ: Գտնվելով բարձրագույն պաշտոնին, 1969 թվականին, դը Գոլը նախաձեռնեց հանրաքվե՝ սենատի վերակառուցման եւ երկրի վարչատարածքային բարեփոխման հարցերով: Նախագիծը ժողովրդի մեծամասնության հավանությանը չարժանացավ, որից հետո դը Գոլը հրաժարական տվեց եւ ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից: Նա համոզված էր, որ ճիշտ քայլ է ձեռնարկել, բայց քանի-որ ժողովուրդն իրեն չաջակցեց հետագա պաշտոնավարումը համարեց աննպատակահարմար: Այսպիսի երեւույթները ժողովրդավար երկրների համար դարձել են բնականոն վարքագիծ, չգրված օրենք: Հենց այս օրերին, նույն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փոխեց կառավարության կազմը, քանի-որ իր կուսակցությունը պարտվել էր տեղական ընտրություններում եւ հետեւաբար ակնհայտ էր դարձել ուժերի նոր հարաբերակցությունը: Գուցե եւ մենք դեռ հեռու ենք «այսքան ժողովրդավարությունից», բայց մյուս կողմից ամեն համակարգ ունի իր ներդաշնակ կառույցը եւ հնարավոր չէ լինել եւ ավտորիտար եւ ժողովրդավար, քաղաքական բազմակարծության կարգախոսով, բայց միակուսակցական կառավարման գործելակերպով:
Թող մեր իշխանությունը այլ պատճառներ ներկայացնի, իսկ մենք ընդունենք, որ այնուամենայնիվ նախագահը հաշվի նստեց հասարակական-քաղաքական կարծիքի հետ՝ փոխելով վարչապետին, ինչպես եւ կառավարության փոփոխության բնական նախադրյալներ ստեղծելով: Այժմ նախագահին հնարավորություն է ընձեռվել իրապես բարեփոխելու գործադիր իշխանությունը: Ինչպես կօգտվի նա այդ հնարավորությունից՝ ցույց կտա նոր նշանակումը (կամ նշանակումները):
Եթե այդ գործընթացը չկրեց սկզբունքային բնույթ, ի դեմս այլ կարողության, այլ վարքի ու մտածողության տեր կադրերի առաջքաշման, կնշանակի որ տեղի է ունեցել սոսկ անձնավորված եւ ենթակայական բնույթ կրող տեղափոխություն: Այսինքն կնշանակի նախագահը չօգտվեց իր իսկ ստեղծած հնարավորությունից: Նախագահը այդպես էլ չսովորեց հաշվի նստել հասարակական ձգտումների հետ եւ մեր ժողովրդին ու հետընթացի մեջ գտնվող երկրին ոչ մի լուսավոր հեռանկար չի սպասվում: Բայց համբերենք՝ խուսափելով վատատեսական կանխագուշակումներից: Սպասենք ակնկալելով, որ քաղաքական հնարավորությունը չի մսխվի մանր հաշիվների մեջ: