Եթե որեէ միջավայրում ասվի, թե Հայաստանի ժողովուրդն արժանի է իր իշխանությանը կասկած չկա, որ մարդիկ կվիրավորվեն: Որ մեր ժողովուրդը շատ ավելի լավ իշխանության է արժանի երկրորդ կարծիք չկա հավանաբար, այլ հարց է, սակայն թե ինչ է անում նույն ժողովուրդը իրեն արժանի, իր անհատական եւ հասարակական-ազգային կարիքներն ու պահանջները բավարարելու ունակ իշխանություն ձեւավորելու ուղղությամբ: Խնդիրն այս դեպքում լուծվում է ոչ թե արժանի լինել-չլինելու բնական մղումով, այլ այսպիսի կամ այնպիսի իշխանություն ունենալու մեր հանդուրժողության չափով: Մի կողմ թողնենք կոմունիստական ժամանակներում հզոր կայսրության կողմից նշանակվող ղեկավարների պարագան եւ խորհենք այն մասին, որ անկախացման շրջանից ցայսօր ունեցել Ենք (համարձակվում ենք ասել՝ ձեւավորել ենք) այնպիսի իշխանություն, որի գոյությունը, անկախ անվերջանալի դժգոհություններից, ընդունելի է եղել:
Եթե իշխանության ձեւավորման միջոցը այնուամենայնիվ մնում է ընտրությունը, ապա հիշենք թե նշյալ ժամանակահատվածում ինչպիսի մթնոլորտում՝ ինչպիսի ընտրություններ են տեղի ունեցել:
Անցած դարի իննսունականների առաջին կեսը հայկական պետականության համար կայացման շրջան էր՝ օրինականության հաստատման, միաժամանակ իշխանությունը անհատական ու խմբային ուժին ստորադասելու, քաղաքական մենաշնորհի ձգտման երեւույթներով: Ընդհանուր մթնոլորտի վրա որոշակիորեն ազդում էին նաեւ ղարաբաղում ընթացող պատերազմի արձագանքները եւ այդ պատերազմի դերակատարների վարքը:
Ինչ երեւույթներ էին արձանագրվում ընտրական գործընթացների ժամանակ:
Իշխող ուժը, վարչական լծակների եւ իր թիմը ներկայացնող ակտիվիստների միջոցով ակնհայտորեն ուղղորդում էր տեղի ունեցող իրադարձությունները: Առկա էր վախի մթնոլորտ: Մարդկանց աչքի առաջ կարող էին ծեծել ինչ-որ մեկին, երբեմն չխորշելով զենք թափահարել օդում: Զանգվածային բնույթ էին կրում տրցակներով քվեաթերթիկների լցոնումների, ընտրական արկղերը փախցնելու՝ հաշվելու ժամանակ կեղծիք թույլ տալու նպատակով լույսերն անջատելու երեւույթները: Քաղաքապետերն ու գյուղապետերը ուղղակիորեն վերահսկում եւ պարտադրում էին կատարել համապատասխան քվեարկություն:
Անիմաստ էր այս ամենի դեմ բողոքելու մասին մտածելը:
Երկրի ներքին կյանքը համարժեք էր այս դրսեւորումներին՝ հղփացած պաշտոնյաների ու նրանց հարազատների, ոտքի կանգնող նորահարուստների ու «Կռվող տղերքի» սանձարձակ վարք, իշխանության որդեգրած «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսի ներքո:
Ինչպես ասվեց երկիրը թեւակոխում էր մեկ կացութաձեւից մյուսին, շահարկվում էին պատերազմական ժամանակների առանձնահատկությունները եւ ժողովրդի մաշկի վրա էին փորձարկվում անցումային շրջանի, առարկայական ու ենթակայական բնույթի, բարդություններն ու վայրիվերումները:
Սրանով հանդերձ դանդաղորեն տեղի էր ունենում հասարակության քաղաքական-հասարակական մտայնությունների փոփոխություն: Մարդիկ սկսում էին հասկանալ, որ իշխանավորները իրենց գլխին կարգված Աստծո փոխանորդներ չեն: Անհանդուրժելի էր դառնում բացահայտորեն տեղի ունեցող խուժանությունն ու անօրինականությունը:
Ժողովուրդն այլեւս չէր ցանկանում հանդուրդժել այդ բռի վարքը:
Նոր հազարամյակի նախոօրյակին կյանքն սկսեց հարաբերականորեն կանոնավորվել:
Անընդունելի շատ երեւույթներ եթե չվերացան էլ առնվազն դադարեցին կրել զանգվածային ու հրապարակային բնույթ: Պաշտոնյան ու փողատերը հասկացան, որ պետք է ավելի զուսպ լինեն եւ որքան հնարավոր է օրինապաշտ երեւան: Օրենքից պաշտպանված լինելու համար զենքին փոխարինելու եկավ պատգամավորի մանդատը:
Չվերացան, բայց եւ հազվադեպ դարձան հղփացածների կաստայի ցերեկային լկտիությունները, դադարեցին գիշերային կրակոցները, իշխանությունը ձգտեց խոսել ոչ թե ուժի, այլ օրենքի անունից:
Կատարելագործվեցին ընտրակեղծարարությունների մեխանիզմները, որովհետեւ այլեւս քրեական հետեւանքներ կարող էին ունենալ արկղեր փախցնելու, ընտրաթերթիկների բացահայտ լցոնումների եւ ֆիզիկական ուժի կիրառման փաստերը:
Որոշ ժամանակ անց առկա այս վիճակը նույնպես անհանդուրժելի էր դառնում հանրության համար:
Նոր դարի առաջին տասնամյակի շեմին ձեւավորվում եւ ակտիվ էր կյանք էր մտնում նոր սերունդը՝ քաղաքական ու հասարակական նոր պահանջմունքներով:
«Կռված տղա լինելը», շատ փող ունենալը, կամ պաշտոնյայի կարգավիճակը դադարեցին վախեցնել կամ օրենքը շրջանցող արտոնաթուղթ դիտվել:
Հասարակական ճնշման ներքո գործադիր իշխանությունը սկսեց թափանցիկ դարձնել գործունեությունը: Հասարակական բողոքի ալիքի ներքո փողատերերը, նրանց թիմը կազմող թիկնապահներն ու թաղի «լավ տղերքը» սսկվեցին եւ փորձեցին օրինապաշտ խաղալ: «Արտոնյալների» խայտաբղետ շերտը սկսեց վախենալ սահման եւ սահմանափակումներ չճանաչող նոր կայքերից ու սոցիալական ցանցերից: Աճում էր լրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կյանքի վրա:
Մթնոլորտի փոփոխության վրա քիչ ազդեցություն չունեցավ երկրի ավելի ու ավելի բաց դառնալը դրսի աշխարհի համար: Քաղաքակիրթ հասարակությունների հետ համարկվելու անխուսափելի հրամայականը թեկնածու հասարակություններին թելադրում էր խաղի իր կանոնները:
Եկանք հասանք այնտեղ, որ դժվարամարսելի է դառնում ցանկացած բացահայտված ընտրախախտում: Դժգոհության հսկայական ալիք է բարձրացնում քրեական գործելակերպը:
Իշխանությունը ցուցում տվեց բոլորին ձգվել եւ աչքի չընկնել անօրինական հակահասարակական դրսեւորումներով:
Որոշվեց, կատարելության հասցնել կեղծիքները եւ հասնել նրան, որ ընտրատեղամասերում ակնհայտ խախտումներ չարձանագրվեն: Թիմակիցներին հանձնարարվեց ընտրությունների արդյունքն ապահովել, ըստ էության, մինչ ընտրական գործընթացների սկիզբը եւ ընտրատեղամասերից հեռու: Այդ նպատակով տեղական իշխանությունների մակարդակով վերահսկողության տակ առնվեցին քաղաքական բոլոր տեղաշարժերը:
Մոտավոր ճշտությամբ հստակեցնելով հասարակական շերտերի հակումները աննախադեպ զանգվածային բնույթ ընդունեց ընտրակաշառքը: Իշխող ուժին ծառայություն մատուցելու դիմաց ինչ-ինչ ձեռքբերումների ակնկալիքով աննախադեպ մեծացավ կասկածելի վարքի տեր այն մարդկանց ու մասնավորապես երիտասարդների քանակը, ովքեր որպես իշխող ուժի համակիրներ ներգրավվեցին քվեավորսության գործընթացի մեջ:
Կատարելագործվեց վաղուց գործող մեխանիզմը՝ տնից տուն անցնելով բաժանել ընտրակաշառք, ըստ այդմ կազմել համապատասխան ցուցակներ , իսկ ընտրության օրը պարզապես բոլոր «Հաշվառվածներին» մեքենաներով հասցնել ընտրատեղամասեր ու ապահովել քվեարկությունը:
Ահա այս կերպ Հայաստանում տեղի ունեցան վերջին երեք ընտրությունները, որոնց ժամանակ ընդդիմադիր ուժերին թողնվեց նվազագույն հնարավորություն եւ ըստ էության վերաձեւավորվեց այսօրվա իշխանությունը:
Կարելի՞ է արդյոք ասել, որ հասարակությունը գոհ է ստեղծված վիճակից: Իհարկե բացարձակ մեծամասնությամբ՝ ոչ, բայց նույն չափով ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը իր քվեարկությամբ չփորձեց փոխել այս իրավիճակը:
Իհարկե մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնության արժանապատվությունը չվիրավորելու համար ասենք, որ այնուամենայնիվ ընտրակաշառքի դիմաց իրավիճակը հանդուրժողների բանակը բնավ էլ ընդհանուրի մեծամասնությունը չէր կազմում:
Նախ նկատի ունենանք, որ յուրաքանչյուր ընտրության մասնակցում է քվեարկող բնակչության մոտավորապես կեսը (այստեղ նաեւ հաշվի առնելով, որ Հայաստանում փաստացի գտնվողների թիվը մշտապես ուռճացվում է), սրան գումարենք իշխանությանը եւ ընդհանրապես կաշառք բաժանողներին ձայն չտվող հատվածին, ինչպես եւ ընդհանուր թվից հանենք այն կեղծ ձայները, որոնք ձեւավորվում են կրկնական քվեարկությունների միջոցով, մահացածների հաշվին, բազմազան այլ ընտրախախտումները, որոնք այնուամենայնիվ չեն վերացել:
Ստացվում է, որ ժողովրդի մի հատվածի ակտիվ հանդուրժողականության հետեւանքով մենք ունենք այն իշխանությունը, որն ունենք՝ անկախ նրանից արժանի է նա մեզ թե՛ ոչ:
Ի դեպ հարկ է արձանագրել նաեւ, որ ըստ էության, քաղաքական դաշտի ներկա խճանկարը, ձեւավորվել է 2012 թվականի գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գաղտնիք չէ, որ հենց պառլամենտական ընտրությունների արդյունքում է ձեւավորվում որեւէ երկրի քաղաքական նոր դաշտը, իսկ այլ ձեւաչափի եւ մակարդակի ընտրությունները դառնում են վերջինիս տրամաբանական շարունակությունը: Մանավանդ Հայաստանի պարագայում գրեթե անհավանական է պատկերացնելը, որ պետական լծակներին տիրապետող ուժի հնարավորությունների եւ ձեւավորված հասարակական մտայնությունների պայմաններում, ընդդիմադիր ուժին կհաջողվի վերցնել իշխանության մեկ այլ ղեկ: Մեկ ուրիշ հարց է, թե խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող այլ «ղեկավարը» ինչպես կարող է սահուն իրականացնել իր առջեւ դրած խնդիրները:
Այն որ վերջին մեկ, մեկուկես տարում ժողովուրդը անընդհատ քաղաքական բողոքի գործողություններ է իրականացր ել վկայում է, որ այս վիճակը եւս հանդուրժելի չէ ու օրերից մի օր նոր բարեփոխումներ են տեղի ունենալու: Գուցե հենց այն փուլից, երբ նոր ձեւավորված իշխանությունը կսպառի այս ու այն ճանապարհներով ձեւք բերած մանդատի ժամկետը: Եւ իհարկե, եթե հասարակության բացարձակ մեծամասնությունը հանդես բերի ակտիվ անհանդուրժողություն «իր» իշխանության եւ երկրում առկա բարքերի դեմ: