Քաղաքացիական եւ քաղաքական հասարակություններ

khmbagrakanՔաղաքացիական եւ քաղաքական հասարակությունները մեզանում հաճախ ներկայացվում են, որպես միանգամայն տարբեր եւ գրեթե հակոտնյա հասկացություններ:

Սրանցից առաջինի մասին հաճախ այնպիսի հափշտակությամբ է խոսվում կարծես խոսքը միայն վերջերս իհայտ եկած երեւույթի է վերաբերում: Որպես այդպիսին նկատի է առնվում հատկապես անկախության տարիներին եւ հատկապես նոր հազարամյակում ձեւավորված երիտասարդությունը:

Խորհրդային տոտալիտար համակարգի մտակաղապարներից զերծ եւ ժամանակակից աշխարհում ծավալվող հասարակական ու քաղաքական գործընթացներներին առավել ընկալունակ սերունդը, բնականաբար պետք է օժտված լինի ազատության եւ առաջընթացի գաղափարները կրողի նոր որակներով:

Սրանով հանդերձ ներկա սերունդը անմիջական հաջորդն է այն սերնդի, որը ակտիվ դերակատար դարձավ խորհրդային կայսրության վերջալույսին՝ դեմ դուրս գալով բռնապետական համակարգին, ինչպես եւ իր ուսերին կրելով արցախյան ազատագրական պայքարի առաքելությունը:

Մարդկային ու հասարակական ազատություններին ու իրավունքներին հետամուտ, պատմական հեղաբեկումներին հընթացս ձեւավորվող քաղաքացիական հանրույթը, թեւակոխելով պայքարի առավել համակարգված փուլ, ճշգրտելով մոտակա ու հեռահար նպատակները, ձեւակերպեց ու հստակեցրեց քաղաքական անելիքը: Իսկ որպես դրանք հետապնդելու միջոց կամ գործիք, ինչ էլ ստեղծեիր եւ ինչ անուն էլ դնեիր էությամբ այլ բան չէր կարող դառնալ քան կուսակցությունը:

Իհարկե այն օրերի հայ երիտասարդության եւ ընդհանրապես հասարակության ակտիվ հատվածի երազանքը նույնպես կուսակցական դառնալը չէր, այլ հանուն որոշակի նպատակների պայքարը, բայց հենց այդ պայքարի բյուրեղացումն ու վերջնական նպատակի որոնումը շատերին մղեց դեպի կուսակցական հավաքականություններ: Քաղաքացիական պայքարը ձեռք բերեց գաղափարական ու քաղաքական տարազ:

Իհարկե սա չի կարող նշանակել, թե քաղաքական կուսակցության անդամը դադարեց մաս կազմել քաղաքացիական հասարակությանը ու օտարվեց նրա խնդիրներից: Թեեւ ժամանակի հետ, նման տեսակետ ձեւավորվեց ու արմատացավ:

Թե ինչու՞՝ պատճառները ենթակայական են ու առարկայական:

Բանն այն է, որ հասարակական-քաղաքական կյանքը հեշտորեն չձերբազատվեց անցյալի իրողություններից, ինչը վարկաբեկեց թե նրա դերակատարներին, թե քաղաքական, վարչական այն ինստիտուտները, որոնք կոչված էին լուծելու նոր խնդիրները:

Մեր երկիրը ամբողջատիրական (տոտալիտար) բռնապետությունից անցում կատարեց ոչ թե երազած ժողովրդավարությանը, այլ մեր վզին փաթաթված անցումային միջանկյալ համակարգի՝ հեղինակապետության (ավտորիտարիզմի):

Ձգտելով կայանալ ու ամրապնդվել, միաժամանակ ունենալով երերուն հիմք, այս համակարգի ինքապահպանման ռազմավարությունը դարձավ այլընտրանքային քաղաքական անկախ ուժերին իր սայլին կապելը, իսկ անհնազանդներին՝ վարկաբեկելը:

Փաստ է, որ անկախությունից երկու տասնամյակ անց ունենք իրավականորեն չամրապնդված քաղաքական հեղհեղուկ դաշտ եւ մյուս կողմից ժողովրդի խիստ թերահավատ վերաբերմունքը այդ դաշտի նկատմամբ: Նման պայմաններում, քաղաքական ուժերի համար խիստ դժվար է իրենց գործառույթների արդյունավետ իրականացումը եւ որոշիչ ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա: Հեղինակապետական իրարահաջորդ վարչակազմերը իրականում քաղաքական ուժերի դեմ մրցակցության դուրս բերեցին վարչական հզոր մեքենան՝ միաժամանակ քարոզչության մակարդակի վրա ստեղծելով հավասար մրցակցության պատրանք: Նրանք արեցին ու անում են ամեն ինչ՝ մարդկանց գիտակցությունից դուրս մղելու համար քաղաքական այլընտրանքներին ապավինելու, նրանց հետ հույսեր կապելու ձգտումը:

Մյուս կողմից վարչակարգերը ոչ պակաս մտահոգ են եղել, որ երկրում չկայանան ու չամրապնդվեն հասարակական ինստիտուտները:

Զուրկ լինելով նյութական հիմքից եւ ժողովրդավար կառավարման շրջանակում իրեն վերապահված գործառույթներ իրականացնելու հնարավորությունից, անկախ հասարակական միավորումները նույնպես չկայացան: Քիչ թե շատ ոտքի կանգնած երկու-երեք տասնյակ հասարակական կազմակերպություններից շատերը կա՛մ դարձան իշխանությունների կցորդը, կա՛մ սնման աղբյուրներ դարձրեցին դրսից հոսող զանազան դրամաշնորհները:

Այսպիսով հասարակական կազմակերպությունները եւս չդարձան այն բնական հողը, որի վրա կարող էր ծլարձակել ու տարածվել հասարակական-քաղաքացիական ազատ մտածողությունը:

Իրենց հերթին քաղաքական ու հասարակական ինստիտուտների դաշինք կազմելուն խոչընդոտեցին թե՛ իշխանությունները, թե՛ դրսի ուժերը:

Եթե առաջինների վախը այլընտրանքի հզորացումը եւ դրան ի հետեւանք իշխանությունը կորցնելն էր, երկրորդների մտավախությունը իրենց հետ առնչվող կառույցների կողմից ազգային օրակարգերի որդեգրումն է, ինչը նրանց կդարձներ ինքնուրույն եւ դուրս կբերեր ուղղորդման եւ վերահսկողության դաշտից:

Այնինչ պարզ հայացքով իսկ տեսանելի է, որ «դրամաշնորհային» հասարակական միավորումները շրջանցում են ազգային խնդիրները եւ իրենց բնույթով ունեն, այսպես ասած այլախոհական-հակաիշխանական բնույթ:

Տարաբնույթ հասարակական ուժերին մեկ շաղախով շաղախելու եւ ընդհանուր օրակարգի
մեջ մնալու հարցում լուրջ դերակատար դարձան սոցիալական ցանցերը:

Որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, թե մեր այս գրության նպատակը Հայաստանում ուժ հավաքող քաղաքացիական հասարակությանը սեվացնելն է, շտապենք պարզաբանել, որ փորձեցինք ներկայացնել մինչ ներքաղաքական-ներհասարակական հոսանքների վրա ազդել փորձող հիմնական մի քանի գործոնները:

Միաժամանակ համոզված ենք, որ իր երկրին տեր զգացող նոր հանրույթը քայլ առ քայլ առավել ընդգծելու է ազգային հիմնահարցերին ու նպատակներին տեր լինելու իր էությունը: Եւ սա ոչ թե բարի ցանկություն է, այլ զարգացման մի հոլովույթ, որն արդեն իսկ դրսեւորվում է: Ի դեպ վերը ներկայացվածը անխուսափելի է ինչպես եւ անհրաժեշտ: Հակառակ պարագայում գործընթացը կարող է կտրվել իրական ենթահողից եւ դառնալ շարժում հանուն շարժման: Իսկ դրա վտանգավոր հետեւանքները ոչ միայն մեզ շրջապատող արաբական աշխարհում են, այլեւ դրա դառը պտուղները ճաշակել ենք 70-տարի:

Քաղաքացիական հասարակությունը քայլ առ քայլ ընդլայնելով քաղաքական իր հավակնությունների սահմանները ոչ միայն կկայանա, այլեւ վճռորոշ ազդեցություն ձեռք կբերի քաղաքական գործընթացների վրա: Այստեղ նա դաշնակից կդառնա քաղաքական այն կուսակցություններին, որոնք իրապես կհետապնդեն երկրի համար կենսական կարեւորություն ունեցող հիմնախնդիրներ: Նույն գործընթացի ժամանակ այն կզուլալվի՝ առանձնանալով իր ջրերին խառնվել փորձող այնպիսի պղտոր հոսանքներից, ինչպիսիք աղանդներն են, բարոյական այլասեռության եւ ապազգային մտածողության դրսեւորումները, որոնք ձգտում են իրենց «ծախել» որպես անկախության ու ազատության առողջ պտուղներ:

Քաղաքացիական հասարակությունը մեզ անհրաժեշտ է երկիրը ներքնապես հզորացնելու համար, այլ ոչ թե հակառակը: Եթե կոմունիստական հասարակարգի պայմաններում աճեց մի սերունդ, որը փայտերով ու ձողերով Երեւանի կենտրոնում դուրս եկավ խորհրդային զորքի ու տանկերի դեմ եւ առանց վարանելու անդամագրվեց ազատագրական զինված պայքարին, ապա կասկած չկա, որ նոր օրերում մաքուր ազգային մտածողությունը կհաղթանակի, որպես համընդհանուր հասարակական գիտակցություն: Դրա ծիլերն արդեն առկա են եւ հնարավորություն են ընձեռում տարբերելու ցորենը որոմից:

Տպել Տպել