Ո՛ւմն է իշխանությունը

aknark Երեւանի իշխանությունները բարձրացրեցին երթուղային տրանսպորտի միջոցների վարձավճարը: Այդ բարձրացումը չի վերաբերում միայն մետրոյին: Գազի թանկացումից հետո սա հաջորդ տհաճ անակնկալն էր ժողովրդի համար: Այս դեպքում վարձավճարները բարձրացան 50 դրամով: 50 դրամը, սակայն նշանակում է տվյալ ծառայության թանկացում 50% -ով: Ոմանց համար գուցե փող չհամարվող այդ հիսուն դրամը՝ կենսաթոշակ, նպաստ, նվազագույն աշխատավարձ եւ անգամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու բյուջեի համար լրացուցիչ լուրջ բեռ է, եթե նկատի ունենանք որ նա մոտավորապես եկամուտի կեսը պետք է վճարի կոմունալ եւ այլ ծառայությունների համար եւ դեռ կարողանա ապահովել իր կենսագործունեությունը: Գազի ինչպես եւ դրան նախորդող այլ թանկացումների օրինակով կարող ենք վկայել, որ այս թանկացումն իր ետեւից բերելու է նոր թանկացումներ: Գազի թանկացումից հետո, օրինակ, ամենօրյա պահանջարկ ունեցող մթերային ապրանքները այդ թվում եւ հացը թանկացան մոտավորապես 8-10%-ի չափով: Իհարկե թանկացան նաեւ այլ ապրանքներ, ու ծառայություններ (ինչպես օրինակ էլեկտրաէներգիան) , որոնց արտադրությունը նույնպես առնչվում էր գազի հետ:

Կասկած չկա, որ վերջին թանկացմանը հետեւելու է միջքաղաքային ուղեւորափոխադրումների համար գործող վճարների ավելացումը, թանկացման որոշում կկայացվի տաքսի ծառայության համար եւ այլն:

Իհարկե այս դեպքում քաղաքապետարանը շտապեց հայտարարել, որ տվյալ թանկացումը չի կապվում գազի թանկացման հետ, այլապես պարզ հաշվարկների դեպքում կհայտնվեր անհեթեթ վիճակում: Ուրեմն եւ հարց է ծագում, թե ինչով էր պայմանավորված այս հապշտապ որոշումը: Նկատի ունենանք, որ երթուղային փոխադրումների արտոնագիր ստանալու մրցույթում, այն շահողները, հիմնավորել էին տվյալ ծառայությունը 100 դրամով մատուցելու հնարավորությունն ու պատրաստակամությունը:

Իհարկե արտոնագիր ձեռք բերողներն ու քաղաքապետարանի գործընկերները հիմար չէին, որ չկարողանային հիմնավորել, թե ինչու սահմանված նախնական արժեքը պետք է մեծացվի 50% -ով:

Անդրադառնանք ոլորտին եւ նրա «խեղճ» պատասխանատուներին:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ոլորտը Հայաստանում մշտական եւ կայուն գերշահույթներ ապահովող բիզնեսներից մեկն է: Բավական է կատարել նախնական ներդրում, որից հետո կարելի է հանգիստ նստել տանը կամ զբաղվել այլ գործերով ( օրինակ պատգամավոր աշխատել) եւ տարիներ շարունակ, ամեն երեկո, դուռդ կթակեն ու օրվա եկամուտը կդնեն սեղանին:

Պատահական չէ, որ ժամանակին այս եկամտաբեր բիզնեսին տիրելու համար, մարդիկ իրար «փոր էին թափում» մինչեւ որ եղած «Գծերը» բաժան-բաժան արվեցին եւ դրանց ամենակարող տերերի «ունեցվածքի» վրա այլեւս ոչ ոք չէր կարող աչք տնկել:
Նույնպես գաղտնիք չէ, որ սպասարկման ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանության դեպքում աշխատանքային օրենսգիրքը մեռած է, ինչպես ի դեպ շատ այլ դեպքերում , ինչպես ի դեպ շատ այլ օրենքներ:

Չգիտեմ իրենց հարկային հաշվետվություններում սպասարկման ոլորտի ու մասնավորապես երթուղային եւ տաքսի ծառայությունների տերերը ինչեր են գրում, բայց յուրաքանչյուր վարորդ ձեր ականջին կասի, որ աշխատավարձ չի ստանում: Նրա աշխատավարձը կազմում է օրվա եկամուտի այն չնչին մասը, որ գծատերը բարեհաճում է թողնել «իր» աշխատողին:

Վարորդը հաճախ իր այդ ողորմելի փայաբաժնից է վճարում մեքենայի հետ կապված զանազան ծախսումներ (վառելանյութի, քսայուղերի, նորոգումների գումարներ եւ այլն):
Համոզվելու համար, որ սա բառի ամենաուղղակի իմաստով ստրկական աշխատանք է, բավական է ծանոթանալ տվյալ վարորդների օրական աշխատաժամանակի տեւողությանը, իմանալ, թե շաբաթական քանի հանգստյան օր է նա ունենում՝ եթե առհասարակ ունենում է: Ավելորդ է խոսելը արձակուրդի, հիվանդություների դեպքում համապատասխան նպաստների եւ աշխատանքային մեռած օրենսգրքով սահմանված այլ իրավունքների մասին:

Արդյո՞ք իշխանությունները չէին կարող զսպել գերշահույթների մեծացման ձգտող մեծահարուստների ախորժակը: Արդո՞ք իշխանությունները չէին կարող գոնե հետաձգել այս թանկացումը մինչեւ տարեվերջ՝ նկատի ունենալով, որ 14 թվականի սկզբից նախատեսվում է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Հետաձգեր հանրության բացարձակ մեծամասնության գրպանին հարվածող այս նոր բեռան ավելացումը՝ նկատի ունենալով սողացող գնաճի պայմաններում անելանելի վիճակում հայտնված եւ փրկությունը շատ դեպքերում արտագաղթի մեջ տեսնող մարդկանց վիճակը: Ինչու այս դեպքում եւս իշխանությունը ընդառաջեց ոչ թե ժողովրդի՝ այլ մի խումբ մեծահարուստների ցանկությանը: Մի երեւույթ, որին զանազան օրենքների, որոշումների ու գործողությունների ձեւով ականատես ենք լինում տարիներ շարունակ:

Խնդիրն այն է, որ իշխանությունն իրեն պարտական է տեսնում ոչ թե ժողովրդի այլ մեծահարուստների առաջ: Որպես իշխանության քաղաքական, տնտեսական ու բարոյական հենարան այս խավը «աճեցվեց» դեռեւս անկախության առաջին տարիներին, ուռճացավ ու ամրապնդվեց Քոչարյանի օրոք եւ քաղաքական ու տնտեսական գերմենաշնորհի հասավ վերջին նախագահի կառավարման շրջանում:

Եթե այս խավը, վերոնշյալ իմաստներով կանգնած է իշխանությունների թիկունքին, ապա ժողովուրդը գտնվում է նրա դիմաց, որպես հակառակորդ՝ առնվազն հոգեբանական առումով: Եթե մեծահարուստների (պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա) խավը պատրաստ է անվերապահորեն պաշտպանել ու աջակցել իշխանության ցանկացած նախաձեռնություն, ապա ժողովուրդն այն սուբյեկտն է, որի պատնեշը հաղթահարելու մշտական խնդրի առաջ է գտնվում իշխանությունը: Չտանք տեղի ունեցողի զանազան բնորոշումները, օրինաչափություն հանդիսացող այս օրինակը պատմության ընթացքում բազմիցս արձանագրված երեւույթ է:

Ժողովրդի համընդհանուր դժգոհությունը հարուցած հերթական անակնկալի դեմ հանրության մի փոքր հատված ըմբոստացել է մտածելով, թե կարող է անիվը ետ պտտել:
Իսկ ի՞նչ է մտածում իշխանությունը: Նա հավանաբար կրկին հաշվարկ է անում, որ ընտրություններում նոր է հաղթել եւ դժգոհությունները անմիջական վտանգ չեն ներկայացնում: Լեգիտիմության խնդիրը լուծել է եւ արտաքին անհանգստացնող ազդակներ չեն կարող լինել: Ի վերջո չափից շատ հուսահատներն ու դժգոհները կհամալրեն փախչողների բանակը: Սա էլ ինչպես վարչապետն է բնորոշել դրական երեւույթ է, որովհետեւ երկրից դուրս է մղվում հեղափոխական էներգիան: Կրկին կլինի հաղթանակ եւ կրկին ժողովրդի դեմ: Ու այսպես մինչ այն ժամանակ մինչ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կհասկանա, որ իշխանության իրական տերն ինքն է, իսկ իշխանությունն այն ապրանքն է, որը երբեք չի կարելի վաճառել:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Տպել Տպել