Ազգային ժողովը, գարնանային նստաշրջանի ավարտին, օրենքով սահմանված կարգով, լսեց ՀՀ Վերահկիչ պալատի հերթական հաշվետվությունը:
Սովորաբար այս հաշվետվությունները որոշ ժամանակով ալեկոծություն են առաջացնում հասարակական-քաղաքական մթնոլորտում: Աշխուժանում են հատկապես լրատվամիջոցները, ելույթներ են ունենում պատգամավորները, մարդիկ առօրյա զրույցների ընթացքում անդրադառնում են ներկայացված մեղադրանքներին եւ… եւ կարծես թե վերջ: «Որոշ ժամանակը» ձգվում է մի քանի օր եւ դրանով ամեն ինչ ավարտվում է:
Անաչառ լինելու համար արձանագրենք իհարկե, որ երբեմն «Վերեւներից» լիազոր մարմիններին հանձնարարություններ են իջեցվում հետամուտ լինելու ներկայացված որոշ փաստերի` եղել են դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցվել: Ամեն պարագայում դժվար է հիշել որեւէ օրինակ, երբ ներկայացված նախաձեռնությունները լուրջ ընթացք ունենային, վերջնական իրավական գնահատականներ տրվեին եւ ինչ-որ մարդիկ պատասխանատվություն կրեին պետական միջոցների յուրացման, չարաշահումների, կամ անարդյունավետ օգտագործման համար:
Ստացվում էր, որ բոլորն գոհ էին մնում տեղի ունեցածից: Փաստվում էր, որ մեր երկրում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում են թափանցիկ, վերահսկողությունից դուրս չէ ոչ մի գերատեսչություն կամ պաշտոնյա: Հրապարակված փաստերին անդրադառնում էր նաեւ կառավարությունը եւ իհարկե սա գործադիր իշխանության հաշվին եւս գրանցվող միավոր էր:
ՀՀ Վերահսիչ Պալատի մասին օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը (այսուհետ` վերահսկիչ պալատ) բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության oգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է»:
Ժողովրդավարության ու օրինականության տեսանկյունից լավ չէ՞ արդյոք, որ երկիրն ունի անկախ վերահսկողական մարմին, որը կարող է ներքեւից վերեւ վերահսկել ողջ գործադիր համակարգը, եւ անհրաժեշտ պարագայում մեղադրանքներ ներկայացնել ցանկացածին:
2013 թվականի հունիսի 13-ին ներկայացված, նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, սակայն չընդունվեց, ինչպես նախորդ դեպքերում այլ` արժանացավ կառավարության նյարդային արձագանքին: Առաջին անգամ փոխվարչապետը հանդես եկավ ներկայացված զեկույցին անհամաձայնություն հայտնող հարակից զեկույցով, իսկ վարչապետը անդրադարձավ դրան կառավարության նիստի ժամանակ: Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ օգտվեցին պատեհ առիթից, պաշտպան կանգնելով սիրելի կառավարությանը, եւ իրենց հերթին մի քանի քար նետեցին վերահսկիչ պալատի <բոստանը>:
Կառավարությանը նյարդայնացրել էր մասնավորապես այն, որ Վերահկիչ պալատի նախագահը խոսելով գնումների եւ շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել էր, թե այս ոլորտները ռիսկային են` այն դեպքում, երբ տվյալ ոլորտներին է առնչվում ծախսային մասի 701մլն դրամը:
Ավելին, ուսումնասիրության արդյունքում երկրի գլխավոր վերահսկողական մամինը հանգել էր եզրակացության, որ ռիսկային է /այլ խոսքով վտանգած վիճակի մեջ է/ երկրի բյուջեի 70%-ը:
Թե ինչն է այստեղ հատկապես «ցավ պատճառողը» հասկանալի կդառնա եթե ուղղակիորեն մեջբերում կատարենք կառավարության նիստում վարչապետի արտասանած համապատասխան ելույթից. «Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդը. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»։
Այսինքն այս դեպքում մեղադրանքն ուղղված է ոչ թե ինչ-որ առանձին գերատեսչության այլ՝ ողջ կառավարությանը: Ավելորդ է թերեւս նշել, որ երբ ասում ենք «Ողջ կառավարություն» նշանակում է, թե գլխավոր պատասխանատուն չի կարող չլինել հենց այդ կառավարության ղեկավարը:
Ինչ վերաբերում է բյուջեի գերակշիռ մասի ռիսկային լինելու մտքի հետ պարոն Սարգսյանի անհամաձայնությանը, ապա կարելի է վստահորեն պնդել, որ այս հարցում նրա տեսակետը ոչ միայն վերահսկիչ պալատի տեսակետի հետ չի համընկնում, այլեւ թերեւս այս երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնության տեսակետի հետ: Համոզվելու համար, այդպես է, թե՛ ոչ, կարելի է պարզապես փողոց դուրս գալ եւ պատահած մարդկանց հարցնել, թե օրինակ, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման որ ոլորտներում է, որ բյուջեի միջոցներին ձեռք չեն մեկնում:
Այս առիթով թերեւս կարելի է վկայակոչել ամենաթարմ օրինակներից մեկը` աղետից տուժած գյուղացիներին բաշխվող օժանդակությունների գործընթացի ստուգումները պարզեցին, որ հինգ մարզերում տեղի են ունեցել չարաշահումներ: Հետաքրքիր է, նաեւ, թե այս առիթով ինչ կասեին մնացած մարզերի գյուղացիները:
Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եղած տարակարծությանը, ապա դա մոտավորապես նման է այն պարագային, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մտածում է թե յուրաքանչյուր հերթական ընտրությունները կեղծված են, իսկ վարչապետն ու թիմակիցները պնդում են թե «Յուրքանչյուր հերթականը» լավն էր ու շատ ավելի լավն էր քան` նախորդողները:
Վարչապետը, ի պատասխան, նաեւ մեղադրեց Վերահսկիչ պալատի նախագահին քաղաքական հայտարարություններ կատարելու մեջ, ինչի հետ վերջինս չհամաձայնեց` իր հերթին վկայաբերելով ներկայացված հաշվետվությունը:
Կարծում ենք վարչապետն ավելի ճիշտ արած կլիներ, եթե բավարարվեր նույն ելույթի սկզբում ասված մի քանի նախադասությամբ.«Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, եւ տրվեն պատասխաններ: Եւ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան»:
Ի դեպ վարչապետի այս վերջին միտքը տրամաբանական է ոչ միայն քաղաքական այլեւ հենց իրավական առումով: Ինչ է նշանակում, որ երկրի Վերահսկող գլխավոր մարմինը ներկայացնի լրջագույն փաստեր եւ իրավապահ մարմինները քննության առարկա չդարձնեն դրանք: Այս մարմինները կոչված են նրան, որ անգամ լրատվամիջոցների կամ պարզ քաղաքացիների կողմից հնչեցված ահազանգերին արձագանքեն գործնականորեն:
Ի դեպ կառավարության գզրոցներում գոյություն ունի օրենքի նախագիծ, ըստ որի քաղաքացու կողմից ոստիկանությանը տրված ցանկացած հանցակազմ պարունակող հաղորդման հիման վրա պետք է մեխանիկորեն քրեական գործ հարուցվի:
Հիշյալ հաշվետվության մեջ ներկայացված կոնկրետ մեղադրանքներին անդրադառնալով, կառավարության ներկայացուցիչները, ինչպես եւ նրանց ձայնակցող հանրապետական պատգամավորները, փորձեցին մեղմել փաստերը մեկնաբանելով, թե խոսքը ոչ թե չարաշահումների մասին է, այլ միջոցների անարդյունավետ տնօրինման, բացթողումների եւ այլն: Եթե անգամ ընդունենք, թե դա այդպես է, արդյունքում փոշիանում են հարկատուի գրպանից դուրս եկած միջոցներ եւ հետեւաբար ինչ-որ մարդիկ, ինչ-որ պատասխանատվություն պե՞տք է կրեն թե՞ ոչ: Քրեական օրենսգիրքը պատիժներ է նախատեսում ոչ միայն հանցավոր գործունեության այլեւ հանցավոր անգործության համար: Եւ եթե պատասխանատու պաշտոնյան ունակ չէ վերահսկել իրեն վստահված ոլորտը, ապա առնվազն պետք է փոխարինվի: Ի դեպ անկախ զբաղեցրած պաշտոնից:
Եւ վերջում:
Անկախության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Հայաստանի հերթական կառավարությունների հիմնական անելիքներից մեկը եղել է կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել են միջոցներ, արտերկրից ներգրավվել են վարկեր ու դրամաշնորհներ:
Կառավարության հանձնարարությամբ համապատասխան գերատեսչությունները, ըստ ոլորտների, կազմել են հաստափոր թղթապանակներ այն մասին, թե ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել տվյալ ոլորտներում կոռուպցիան վերացնելու համար: Որքան շատ են գրել ու պայքարել կոռուպցիան այս երկրում ավելի է ծաղկել ու փթթել:
Հետաքրքրվողները թող դիմեն կառավարությանը՝ ծանոթանալու նպատակով տարբեր ժամանակահատվածներում ստեղծված այդպիսի կոթողային փաստաթղթերի հետ: Ուսումնասիրող ի համար կարծում եմ մեկ բան առնվազն ակնհայտ կդառնա` կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում, որոշ մարդիկ վատ փող չեն դիզել:
Ընդդիմադիր «չար լեզուները» տարիներ շարունակ գոռացել են, թե կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող ընթանալ կառավարական կուլիսներում: Այն առնվազն պետք է հրապարակայնանա եւ կրի անկախ բնույթ: Մենք, որպես երկիր, դրա համար բոլոր հնարավորությունները ունենք: Իսկ թե մոտ ապագայում ինչպես է լինելու, պարզ կդառնա թեկուզ ՀՀ Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությանը հետեւելիք կամ չհետեւելիք գործընթացներից: