Արտաշես Շահբազյան
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում արձանագրվել է մի քանի դեպք, երբ նախագահի թեկնածուն չի պարտվել, բայց եւ հաղթանակ է գրանցվել, այսպես կոչված, իշխանական թեկնածուի օգտին:
Իրականում առաջինը հաղթահարել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը, թե ոչ դժվար է պնդել, այնուամենայնիվ հասարակության մոտ մեծ է եղել համոզումը, թե նա հավաքել է ավելի շատ ձայն, քան իշխանական թեկնածուն: Այս երեւույթը ընդվզման ալիք է բարձրացրել եւ տասնյակ հազարավոր մարդկանց դուրս է բերել հրապարակներ: Նման պարագայում ամենաբարդ եւ ամենապատասխանատու իրավիճակի առջեւ հայտնվել է թեկնածուն, ով հարյուր հազարավոր ընտրողների հետ միասին համոզված է եղել հենց իր հաջողության մեջ: Թեկնածուն եւ իր քաղաքական թիմը հայտնվել են մի նոր, լուրջ ընտրության առջեւ՝ ինչ անել: Նման դեպքերում ընտրության հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն՝
ա/ հայտարարել, որ ընտրված նախագահը դու ես եւ օգտվելով փողոց դուրս եկած զանգվածների աջակցությունից, ճնշմամբ պարտադրել ճանաչելու քո հաղթանակը,
բ/ ձգտելով պահել ըմբոստության հախուռն ալիքը գնալ հետեւողական եւ երկարատեւ պայքարի ճանապարհով, եւ ի վերջո
գ/հայտարարել, որ չես ճանաչում /կամ գուցե եւ ճանաչել/ պաշտոնապես հրապարակված արդյունքը ու շարունակել քաղաքական գործունեությունը, որպես ընդդիմադիր ուժ եւ թեկնածու:
Պետք է նկատել, որ բոլոր այս տարբերակներն էլ խոցելի են, անգամ եթե այս կամ այն ճանապարհը թվում է շատ գայթակղիչ:
Քննարկենք տարբերակները սկսելով վերջինից:
Իհարկե քաղաքական վարկը լուրջ փորձության կենթարկի այն թեկնածուն, ով նախընտրական շրջանի վճռական ու խրոխտ պահվածքից հետո հանկարծ կճանաչի այն արդյունքը, որը վիճարկելի է հասարակության զգալի հատվածի համար եւ վիճարկելի է հատկապես իր հավաքած հավանական քվեների հետ համեմատության մեջ:
Վարկի բեկման ոչ պակաս աննախանձելի վիճակում կհայտնվի նա, ով չճանաչելով անգամ պաշտոնապես հայտարարված արդյունքը, այնուամենայնիվ իրողության դեմ ընդդիմանալու կամք չի դրսեւորի:
Խելացի է թվում երկարատեւ ու հետեւողական պայքարի ճանապարհով գնալը: Երբ թեկնածուն եւ նրան ներկայացնող ուժը կփորձի ձեւավորել ընդդիմադիր լայն ճակատ, կազմակերպական ցանց հանրապետությունով մեկ եւ իրարահաջորդ քայլերից բաղկացած գործողությունների հստակ ծրագիր:
Պետք է նկատի ունենալ, սակայն որ այս պայքարի շարժիչ ուժը՝ փողոց դուրս եկած ժողովուրդը, միանգամայն այլ տրամադրությամբ է առաջնորդվում, երբ համակվում է ամբոխային հոգեբանությամբ: Հրապարակ դուրս եկած զանգվածը պատրաստ չէ շաբաթներ ու ամիսներ շարունակ նյարդեր մաշել հանրահավաքների ու երթերի մեջ՝ նա ցանկանում է ամեն ինչ եւ շատ կարճ ժամանակում: Նա սկսում է հիասթափվել , անվճռականության ու երբեմն նաեւ ոչ անկեղծության մեջ մեղադրել իր ընտրյալ առաջնորդին, երբ վերջինս չի գնում վճռական գործողությունների, ձգձգում է ժամանակը՝ առանց շոշափելի արդյունքներ արձանագրելու եւ մանավանդ երբ հարաբերության մեջ է մտնում իշխանության ղեկը պահող ուժի հետ: Նման իրականության առջեւ հայտնված զանգվածը սովորաբար դանդաղորեն նոսրանում է եւ հուսալքվում , իսկ հուսալքությանը փոխարինելու է գալիս խորը հիասթափությունը՝ երեկվա կուռքից:
Իհարկե ամենագայթակղիչը աջակից զանգվածների տրամադրությանը տուրք տալն է եւ արագ իշխանափոխության հասնելու ձգտումը: Մանավանդ երբ նման իրավիճակներում այնքան մոտ է թվում նպատակին հասնելը:
Իսկ ի՞նչ հեռանկար է կանխագծվում այս դեպքում, իհարկե նկատի ունենալով սեփական փորձը եւ մանավանդ մեր իրականության առանձնահատկությունները:
Անշուշտ մեր քաղաքական կյանքն այն քաղաքակրթական բարձունքին չի հասել, երբ չհաղթած թեկնածուն կարող է ինքնակամ թողնել աթոռը, գնալ իշխանությունը թեկուզ մասամբ փոխզիջողության առարկա դարձնելու քայլերի:
Հակառակը, արժանապատվության մասին եղած <լավ տղու> հոգեբանությամբ, նման դիմակայությունը իշխանության ղեկը պահողների մեջ գրգռում է անպայման դիմացինին կոտրելու ցանկությունը: Նրանք ամենափոքր զիջման գնալու անգամ պատրաստակամություն չեն դրսեւորում վախենալով, թե դրանով կցուցադրեն իրենց թուլությունը՝ ինչն էլ ավելի շատ կոգեւորի ընդդիմությանը ու նրան աջակից ժողովրդին: Իշխանությունը դարան մտած գազանի պես որդեգրում է լուռ սպասման մարտավարությունը:
Նրա համար ակնհայտ է լինում, որ տվյալ իրավիճակի շարունակումը կարող է ունենալ ընդամենը երկու ելք: Կամ երկարատեւ ու անպտուղ հանրահավաքներից հիասթափված ժողովուրդը ձեռքը թափ կտա ու կվերադառնա տուն, կամ վիճակը եւ իր վարկը փրկելու համար, ընդդիմադիր առաջնորդը, իր <բանակին> կտանի կոշտ՝ հետեւաբար օրենքի սահմանները ոտնահարող գործողությունների, դրանով հնարավորություն ընձեռելով, որ իշխանության կանխարգելիչ ու պատժիչ մեքենան գործի անցնի: Այս դեպքում կփակվի նաեւ դրսից քննադատողների բերանը:
Անցյալի օրինակները ապացուցում են, որ ժողովրդային ալիքի ճնշմամբ՝ արագ եւ արմատական փոփոխություններ մեզ մոտ տեղի չեն ունենում:
Ընդհանրապես, թվում է, որ այդպիսիք կարող էին տեղի ունենալ երկու պարագայում՝ դրսի ուժերի բազմակողմանի աջակցությամբ եւ կամ երբ միատարր իշխանությունը կճեղքվեր մեջտեղից:
Բարեբախտաբար մեր երկիրը ցայսօր խուսափել է ներմուծված գունավոր հեղափոխություններից եւ դրանք պետք է մերժել ցանկացած պարագայում:
Ներհայաստանյան փոփոխություններ մեզ չպետք է թելադրեն ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսները, ո՛չ Եվրոպան եւ ոչ էլ ուրիշ որեւէ մեկը: Այս տարբերակի հավանականությունը ցանկացած գնով պետք է մերժվի, եթե իհարկե չենք ցանկանում դառնալ արտաքին ուժերի խամաճիկը եւ վտանգել մեր ազգային ապագան ու երազանքները: Բարեբախտաբար նման արժանապատվություն եւ պատասխանատվություն մեր ժողովուրդն առ այսօր դրսեւորել է:
Երկրորդ տարբերակը Հայաստանում մեկ անգամ արդեն տեղի է ունեցել:
Հիշում ենք ինչպես, հեռուն գնացող հաշվարկներով, Լեւոն Տեր Պետրոսյանը ԼՂՀ նախագահին բերեց եւ նշանակեց Հայաստանի վարչապետ: Շատ չանցած, սակայն Տեր Պետրոսյանի թիմը հակադրվեց ղարաբաղցի վարչապետին եւ ըստ էության, մեկուսացրեց նրան: Ռոբերտ Քոչարյանին, սակայն հաջողվեց, գլխավորաբար ԼՂՀ խնդրի նկատմամբ ունեցած տարակարծության հիմքի վրա, իր կողմը գրավել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, ինչպես եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության միացյալ գերատեսչությունը ղեկավարող Սերժ Սարգսյանին որից հետո, նախորդող ընտրությունների ժամանակ ժողովրդային աջակցությունը եւս կորցրած գործող նախագահը, խելամտություն ունեցավ խաղաղ հեռանալու:
Իհարկե նման ճանապարհով իշխանափոխությունները մեր նման ավտորիտար երկրում ոչ շատ հավանական են եւ ոչ էլ շատ ցանկալի՝ դարձյալ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:
Այնուամենայնիվ ընտրություններից հետո արագ իշխանափոխության հասնելու դեպքեր մեզանում տեղի ունեցել են եւ ավելորդ չէ թռուցիկ անդրադառնալը դրանց ճակատագրին:
1996թվականին ժողովուրդը չընդունեց նախագահական ընտրությունների հայտարարված պաշտոնական արդյունքը եւ Վազգեն Մանուկյանի ու գործող դաշինքի ետեւից փողոց դուրս եկավ: Մի քանի օրվա անընդհատ հանրահավաքները առաջխաղացում չէին արձանագրում եւ հատկապես ոչ պաշտոնապես հաղթող հռչակված թեկնածուն հայտնվել էր չափազանց ծանր կացության մեջ:
Այդ ժամանակ ընդդիմությունը որոշեց դիմել վճռական գործողությունների: Վերջինիս պատվիրակությունը բանակցության գնաց Ազգային Ժողովի շենքում աշխատող Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հետ՝ միաժամանակ հավաքվածներին կոչ անելով հետեւել իրենց, եթե քսան րոպեից պատասխանով չվերադառնան:
Ժողովուրդը ջարդեց դարպասները եւ առանց կոնկրետ ծրագրի ներխուժեց Ազգային ժողովի տարածք, վերածվելով տարերային հեղափոխական շարժման: Ի պատասխան իշխանությունը ուժ գործադրեց, տեղի ունեցան ձերբակալություններ, երկրում խստություններ կիրառվեցին՝ արգելվեցին հետագա հանրահավաքները: Տեղի ունեցածը, բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ , փակուղային իրավիճակից ինչ-որ ելք դարձավ ընդդիմադիր դաշինքի եւ Նախագահի չպարտված թեկնածու Վազգեն Մանուկյանի համար:
2008 թվականի փետրվարին, այս անգամ նախագահի թեկնածու Լեւոն Տեր Պետրոսյանը եւ նրան համակիր զանգվածները, չճանաչեցին հայտարարված պաշտոնական արդյունքը եւ հրապարակ դուրս եկան: Հնարավոր եղավ մոտ երկու շաբաթ ըմբոստացած զանգվածներին պահել հրապարակներում, անգամ փորձել այդ հրդեհը տարածել մայրաքաղաքից դուրս: Միաժամանակ, գուցե իր դառը փորձը նկատի ունենալով, Լեւոն Տեր Պետրոսյանը աշխատանքներ էր տարել իշխանությունը ճեղքելու ուղղությամբ: Նրան հաջողվել էր իր կողմը գրավել պատգամավորների, գործադիր եւ տեղական ինքնակառավարման մամինների աչքի ընկնող ապաշտոնյաների, պաշտպանության փոխնախարարների, ձեռք բերել ոստիկանության մի շարք բարձրագույն պաշտոնյաների առնվազն լոյալությունը: Իր կողքին ունենալ հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին եւ բազմաթիվ այլ աջակիցների, որոնց մի մասին հաջողվեց չբացահայտվել: Ի վերջո տեղի ունեցավ զոհերով վիրավորներով, թալանով ու ավերածություններով ուղեկցված ցավալի բախում, որն այնուամենայնիվ ստեղծված իրավիճակից ելք էր՝ իրեն հաղթող համարող թեկնածուի համար: Ողբերգական դեպքերի հաջորդ առավոտյան Տեր Պետրոսյանը լրագրողների մոտ ասաց, թե վաղուց այդպես հանգիստ չէր քնել:
Նկարագրված դեպքերից ուղիղ հինգ տարի անց, ճիշտ նույն պատճառով հրապարակում էր արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրան համակիր զանգվածը:
Նոր չպարտված թեկնածուն վճռականորեն հայտարարում էր, թե պաշտոնապես հռչակված հաղթողի երդմնակալություն չի հանդուրժվելու: Իսկ երդմնակալության օրը նա ջանքեր գործադրեց հեղափոխական գործողությունների պատրաստակամ ժողովրդին վճռական գործողություններից հեռու պահելու համար եւ ամեն ինչ ավարտվեց նրա ու ոստիկանապետի համատեղ աղոթքով:Գագաթնակետին հասած հակամարտությունը այնուամենայնիվ ինչ-որ հանգուցալուծում ունեցավ:
Անցած գարնանը կազմակերպած վերջին միջոցառման ժամանակ Րաֆֆի Հովհանիսյանը հայտարարեց, թե աշնանից կվերսկսի ծրագրված եւ հետեւողական պայքարը:
Ի դեպ հիշենք, որ դեռ հանրահավաքների բուռն շրջանում ոմանք պարոն Հովհաննիսյանին խորհուրդ էին տալիս ստեղծել ընդդիմադիր ուժերի դաշինք, ձեւավորել համահայաստանյան կազմակերպական ցանց, կազմել հստակ ծրագիր եւ հանգրվանային հաջողությունների թիրախավորմամբ երկարատեւ պայքար նախաձեռնել:
Վերջում կուզենայի հակիրճ անդրադառնալ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին շրջանառվող գաղափարին:
Իրականում դեռեւս անկախ ու ինքնուրույն քաղաքական գործունեության առաջին քայլերն անելու շրջանում շատ էին խոսակցություններն ու նախատինքները, թե ինչու քաղաքական ուժերը միասնաբար հանդես չեն գալիս:
Ինչպես ասվեց սա այն շրջանն էր, երբ բազմակուսակցական հարաբերություններ նոր էին հաստատվում եւ տոտալիտար մտայնություններից չձերբազատված մեր հանրությանը խորթ էին քաղաքական բաժանումներն ու առանձնաբար իրականացվող գործունեությունը:
Այս ամենից անցել է մոտ քսանհինգ տարի եւ նմանօրինակ մտայնությունները մնացած պիտի լինեին մեր քաղաքական կյանքի մանկության շրջանում: Անշուշտ միասնականությունը լավ բան է, բայց արդյո՞ք պառակտված են բոլոր այն երկրների հասարակությունները, ուր տասնամյակներ շարունակ կողք-կողքի գործում են տարբեր կուսակցություններ: Իհարկե կարելի է համախմբել ուժերը, բայց արդյո՞ք չպետք է հստակեցվեն միավորման սկզբունքները, նպատակները եւ նպատակին հասնելու միջոցներն ու գործելակերպը: Իրական քաղաքական ուժերը, երբեք չեն գնա այնպիսի միատեղության, որը հակասում է իրենց պատկերացումներին եւ որտեղ իրենց վերապահված է ուղեկցողի դերը: Անշուշտ ելք փնտրող զանգվածներն ու առաջնորդները կրիտիկական պահերին կարող են գոռալ համախմբման մասին, սակայն քաղաքական ուժը, որն իր տեսանկյունից է դիտում իրադարձությունները եւ կարողանում է գնահատել պայքարի ձեւի ու ձեւաչափի արդյունավետությունը՝ կողմնորոշվում է ըստ այդմ: Հակառակը կլիներ, մեղմ ասած, անլրջություն:
Իհարկե Հայաստանում դաշինքների ու կոալիցիաների մոդայիկ ավանդույթ եւս գոյություն ունի: Բայց եթե վերոնշյալ սկզբունքներից ելնելով չեն ուժերը նման միավորումներ կազմում, ապա դրանց նպատակը դառնում է սրա կամ նրա սայլին կցվելը՝ ինքնապահպանվելու, կամ ընդհանուր սեղանից փայ փախցնելու նկատառումով:
Որքան էլ բողոքենք մեր հասարակության քաղաքականացվածության պակասից, պետք է ընդունել, որ Հայաստանն այս ուղղությամբ բավական ճանապարհ է անցել: Լուրջ քաղաքական ուժերը ի զորու պետք է լինեն զերծ մնալու ամբոխային հույզերից ու առհասարակ ամբոխային տրամաբանությունից: Անգամ պայքար ծավալելու ամենաանկեղծ մտադրությունների դեպքում: Ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը: