Ինչու չընտրեց ընդդիմության ընտրողը

aknark Ավագանու ընտրությունները սառը ցնցուղի ազդեցություն ունեցան Երեւանի (կարելի է եւ ասել՝ Հայաստանի) քաղաքական մթնոլորտի վրա: Այդ ազդեցության տակ է հանրության անգամ այն հատվածը, որը քվեարկել էր ընտրակաշառքի դիմաց: Ընտրության եւ դրան հաջորդող օրերին բոլորի համար ակնհայտ դարձավ, որ անձի ընտրության կարգախոսի ներքո, ժողովրդի ձեռքով, ամրապնդվեց ամբողջատիրական իշխանության միակերտ կառույցը: Իհարկե տեղի ունեցածը կարելի է երկու բառով բնորոշել, որպես հերթական «Ընտրակաշառքի հաղթանակ»: Չփորձենք լուսաբանել կամ հիմնավորել կատարված գործընթացի մանրամասներն ու առանձնահատկությունները, քանի-որ այն տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ: Ավելին, կարելի է ասել, թե մենք բոլորս ինչ-որ չափով այդ գործընթացի մասնակիցներն ենք եղել: Եթե զանգվածորեն պարտադրող քարոզչություն է տարվում ամենուր՝ դպրոցներում, այլ մակարդակի ուսումնական հաստատություններում ու հիմնարկներում, եթե գործարքի մեջ ներգրավելու, անձնագրային տվյալներ հավաքելու կամ «Նախապատրաստական բնույթի» այլ միջոցառումների մեջ ներքաշվում է գրեթե ողջ հանրությունը, ծիծաղելի, այլ իմաստով նաեւ ցինիկ ու լկտի երեւույթ է մեր փոքր երկրում ժխտել անժխտելին: Փաստենք պարզապես, որ ընտրությունից ընտրություն ընտրակեղծարարության մեխանիզմները կատարելագործվում են մեզանում եւ գնալով նվազում են ակնհայտ ու աղաղակող խախտումները: Հիմնական խնդիր է դարձել քվեի ձեռք բերման գործը գլուխ բերել ընտրական տեղամասերից դուրս՝ որպեսզի բոլոր տեսակի վերահսկողների ու դիտորդների աչքի առաջ ամեն ինչ տեղի ունենա սահուն կերպով եւ օրենքի շրջանակներում: Պարզ ասած անօրինական գործարքը կատարվում է ընտրության նախօրյակին կամ դրանից ամնիջապես առաջ, իսկ հետո հիմնական հարցը մնում է արդյունավետ վերահսկողությունը, որպեսզի կանխիկով գնված ձայնը չկորչի: Իսկ այն մանր-մունր վրիպումներն ու բացահայտումները, որ դրսեւորվում են տեղամասերում, ըստ էության ոչ որոշիչ սայթակումներ են: Այդ պատճառով, ընդհանուր առմամբ անտեղի ու անիմաստ գործ է դառնում քվեարկության արկղերի ստուգման պահանջը: Ասվածի ապացույցն է հենց Երեւանի ավագանու վերջին ընտրությունից հետո տեղի ունեցածը, երբ այդպիսի ստուգումները «իդեալական» արդյունք արձանագրեցին:

Այսպիսով որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե հաղթողները ինչպես ձեռք բերեցին իրենց քվեն, կարծում եմ սակայն սրանով դեռեւս չի պարզաբանվում ընտրության ամբողջական պատկերը եւ հակառակը մտածելը կլինի ինքնախաբեություն կամ՝ ինքնարդարացում:

Պաշտոնական թվերի համաձայն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների 53,54%-ը: Ընդունենք, որ իրական տոկոսն ավելի բարձր է, քանի-որ Երեւանի համար ներկայացված 816,475 ընտրողների թիվը իհարկե չի արտահայտում իրական վիճակը: Ըստ պաշտոնական հիմնավորման, լիազոր մարմինը այս թվի մեջ ներառում է նաեւ հավանական բացակայողներին, որոնց բացակայությունն ու ընտրություններին չմասնակցելու փաստը իրենց իսկ կողմից հաստատված չէ: Այնուամենայնիվ անժխտելի է, որ ժողովրդի մի մեծ զանգված նստել է տանը եւ չի գնացել ընտրատեղամաս: Այսինքն չի մասնակցել այն հատվածը, որը չի ցանկացել որեւէ պատճառով կամ գնով ձայն տալ իշխանություններին եւ առհասարակ փող բաժանողներին: Այդ ընտրողները չեն գայթակղվել, չեն ենթարկվել որեւէ տեսակի ճնշման: Տվյալ մարդիկ ընդդիմության պոտենցիալ ընտրողը պետք է լինեին, եւ կարեւոր է վերլուծել ու հասկանալ, այս սկզբունքային մարդկանց կրավորական պահվածքի դրդապատճառները: Արդյո՞ք նրանց չեն համոզել ընդդիմության խոստումները եւ քարոզչությունը: Ընդդիմությունն ի՞նքը հավատ չի ներշնչել, թե իրատեսական չեն թվացել վերջինիս հռչակած ծրագրերն ու նպատակները: Գուցե եղել են բազմաթիվ այլ պատճառներ: Հարցերը կարող են շատ ավելին լինել, իսկ որո՞նք են պատասխանները: Այս փուլում, հավանաբար ամենակարեւոր հարցը, որ իր համար պետք է պարզաբանի ընդդիմությունը՝ հենց սա է: Անաչառ ու համակողմանի վերլուծությունը կարող է բացահայտել իրականությունը: Եթե այդ վերլուծությունը չարվի եւ ախտորոշումը չգտնվի, ընդդիմությունը դատապարտված է հեռանկարում կորցնել նույնիսկ այն չնչին տոկոսը, որ հավաքել է այս անգամ: Անհրաժեշտ քննարկումների եւ համապատասխան հետեւությունների համար դեռ-որ ժամանակ կա:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Տպել Տպել