Մեր ընտրությունը

aknark Գտնվում ենք հերթական ընտրությունների շեմին: Ի՞նչ սկզբունքներ, արժեքներ ու մտայնություններ են ընկած լինելու այս մի ընտրության հիմքում: Ինչ շահեր եւ նպատակներ կառաջնորդեն Հայաստանի քաղաքացուն դեպի ընտրատեղամաս: Մեր յուրահատուկ իրականության մեջ ընտրությունների գործընթացի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող ուժի՝ իշխանության ցանկություններն ակնհայտ են: Նախ արվեց այնպես, որ այս ընտրությունը շատ էլ ընտրություն չհիշեցնի, այլ որպես մի անհրաժեշտ ու սովորական միջոցառում: Ինչ արտառոց բան կա որ, ընտրելու ենք մի տնտեսական ղեկավարի, ով կզբաղվի քաղաքի աղբահանության գործով, ծառ ու խոտ կաճեցնի եւ կլուծի քաղաքացիների տրանսպորտային երթեւեկության խնդիրը: Իհարկե, երբ դեռ չեն սառչել նախագահական ընտրությունների հետ կապված հույզերը, իշխանության համար անշրջահայաց կլիներ կրքերի նոր բորբոքումը: Նույն այս նպատակով քարոզչական հիմնական շեշտադրում դարձավ պնդումը, թե սրանք քաղաքական ընտրություններ չեն: Այն, որ զուտ կուսակցական ցանկերով ընտրությունը կարելի է որակել որպես ոչ քաղաքական, երկար խոսակցությունների առարկա է եղել նախընտրական շրջանում եւ չենք ցանկանում եւս մեկ անգամ մեկնաբանել խնդիրը:

Իշխանության մարտավարության հաջորդ առանձնահատկությունը ավագանու ընտրությունը, որպես քաղաքապետի անհատ թեկնածուի ընտրություն ներկայացնելն է: Սա նույնպես հասկանալի է. Նույն վերոնշյալ պատճառներով դժվար է այսօր Հանրապետական կուսակցություն կոչված <ապրանքը> մեկ անգամ եւս ցանկալի գնով սաղացնել ընտրողի վրա: Եւ սա է պատճառը, որ երկիրը կուսակցապետության վերածած ուժը կրծքանշանը թաքցնելով ետ է քաշվել, ասպարեզը թողնելով գործող քաղաքապետ-թեկնածուին: Նախընտրական մրցակցության վերջնագծում կարող ենք արձանագրել, որ մրցակցություն կոչվածը շատ դեպքերում վերածվեց մեծադղորդ հռետորաբանության, եւ դրա ներքո կրկին սվաղվեց այն իրողությունը, թե մասնակիցներից ով-ով է, ինչ ճանապարհ է անցել, կադրային ինչ ներուժ ունի, ինչ ծրագրով է ներկայանում եւ այլն: Ու պատահական չէ, որ հաճախ ընտրողը, ի դեմս թեկնածուի, գնահատում է լավ տղուն: Անցած ճանապարհ է՝ այդպես մենք եւ նախագահների ենք ընտրել եւ պատգամավորների ու այլ պաշտոնյաների: Ընտրել ու զղջացել ենք խորապես եւ, ավելի քան քսան տարվա փորձառությունից հետո աններելի սխալ կլիներ եթե նույն սխալը կրկնվեր:

Փաստ է, որ իրարահաջորդ իշխանությունները, իրենց վարկաբեկած, կամ պարզապես ասելիք չունեցող քաղաքական ուժեր, տարիներ շարունակ սա փոձեցին արմատավորել մարդկանց գլխում եւ բավական չափով հաջողեցին:

Այնինչ կարծում եմ այնքան էլ մեծ իմաստնություն հարկավոր չէ ճիշտ ընտրություն կատարելու համար:

Օրինակ մե՞ծ ճիգ է պահանջվում վերհիշելու համար, թե անկախության ոչ երկար շրջանում որ ուժը քանի անգամ է պառակտվել, քանի դեմք է փոխել, որքան է հեռացել իր ծրագրային ելակետից եւ հակառակը, ով է որ այս ողջ ընթացքում մնացել է ինքնուրույն ու հավատարիմ ինքն իրեն, հանուն շահի ու դիրքերի չի ծախվել, եղել ու մնացել է կուռ կազմակերպություն, հետեւողական է իր ծրագրերում ու դավանած գաղափարների հարցում, ունի համապատասխան կադրեր որ կարող են ստանձնել համապատասխան աշխատանքներ: Արդյո՞ք այս ամենը մենք քննում ենք ընտրություններից առաջ եւ այդպես ենք անելու այս անգամ: Քանի-քանի անգամ երբ հաղթող ուժերը սկսել են մեջ-մեջ անելը ավարը՝ այսինքն իշխանությունը, զարմացել ենք այս կամ այն նշանակման համար: Այնինչ ի սկզբանե գաղտնիք չէ թե, ովքեր են տվյալ ուժի ներկայացուցիչները: Քանի-քանի անգամ ընտրողն իր շահերի պաշտպանությունն է ակնկալել այնպիսի ուժերից, որոնք տարիներ շարունակ ծառայել են որպես իշխող ուժի կցորդներ, երբեք ինքնուրունություն հադես չեն բերել էլ չասած, ինչ-որ հարցերում հակադրվելը ավագ եղբորը:

Մի՞թե հռետորություն անելու մեջ է մրցակցությունը եւ ոչ թե գաղափարներին չդավաճանողների ծրագրերի մեջ:

Երեւի չկա հայ, որ փոփոխություններ չի ցանկանում այս երկրում: Այդ պատճառով անգամ իշխող ուժի կարգախոսն է նույն ոգով. Ավելի լավ Երեւան:

Իսկ ով կարող է Երեւանը դարձնել ավելի լավը: Ով կարող է փակել երկիրը լափող մեծահարուստի ու պաշտոնյայի ախորժակը, կանխել զբոսայգիների, բակերի ու փողոցների ավերումը, ստեղծել արտադրություններ, ու աշխատատեղեր, սահմանափակել արտադրության ու սպառման ոլորտների մենաշնորհները: Վերացնել քաղաքական մենաշնորհները եւ դնել ողջ երկրում իրականացվելիք բարեփոխումների սկիզբը: Հաստատել օրենքի հավասարություն բոլորի համար: Կարծում եմ դժվար չէ կողմնորոշվելը, իսկ հերթական անգամ սխալվելու դեպքում նոր իրավիճակի մեղավորներ չպետք է փնտրենք մեզանից դուրս: Այնպես՝ ինչպես տեղի ունեցավ, օրինակ նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո: Վերջին անգամ ուշադիր նայենք մեր առջեւ կանգնած, մեր քվեն ակնկալողին: Ով է, եւ ինչ է ասում: Սխալվելու հետեւանքները գնալով դառնում են անհաղթահարելի: Ընտրությունը մերն է:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Տպել Տպել