Ինչպիսի՞ երիտասարդական ենք ուզում ունենալ

aknark Դաշնակցական ընտանիքում ամենաշատ քննարկուող նիւթերից մէկը մեր երիտասարդական և ուսանողական միութիւնների վիճակն է։ Յաճախ լսում ենք քննադատական խօսքեր, անբաւարարուածութիւն նրանց գործունէութիւնից, այդ կառոյցների թուաքանակից, կուսակցութեան մէջ նրանց իրական դերակատարութիւնից և այլն։

Այն, որ մենք դժգոհ ենք մեր երիտասարդական և ուսանողական միութիւններից, ինքնին վատ բան չէ։ Վատ չէ, որովհետև դա նրանց մղելու է լինելու աւելի գործունեայ, աւելի նախաձեռնող, աւելի պայքարունակ: Սակայն, որպէսզի չզբաղուենք նաև անտեղի ինքնաքննադատութեամբ, որպէսզի սխալ տեղ չգնանք ու յօնքը շինելու փոխարէն աչքը չհանենք, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ վերանայել երիտասարդական և ուսանողական միութիւնների անելիքներն ու գործելակերպը, նշել, թե ի՞նչ ենք ակնկալում նրանցից, ո՞րն է մեզ համար իդէալական երիտասարդական և ուսանողական միութիւնը, և այս ամբողջի լոյսի տակ` մեր միութիւններն ի՞նչ չեն անում, որ արժանանում են քննդատութեան։

Բազմիցս ասուել է, ու ևս մեկ անգամ կրկնենք, որ երիտասարդական և ուսանողական միութիւնները ՀՅ Դաշնակցութեանն անհրաժեշտ են, որովհետև երաշխաւորում են կուսակցութեան գաղափարական և ֆիզիքական շարունակականութիւնը։ Երիտասարդական և ուսանողական միութիւններն այն միջավայրն են, որտեղ երիտասարդները ծանօթանում են Դաշնակցութեան գաղափարախօսութեանը, նրա նպատակներին, աւանդոյթներին, կազմակերպական կառոյցին, կոփւում են, թրծւում, որպէսզի ապագայում ստանձնեն դաշնակցական գործի պատասխանատւութիւնը։
Այդ միութիւնները իւրայատուկ դպրոց են, դպրոց, որտեղ դաստիարակւում են ազգային մտածողութիւն ունեցող, արդարութեանը հաւատացող, ընկերվարական և ժողովրդավարական արժէքներ դաւանող, ըստ անհրաժեշտութեան յեղափոխական պայքարից չխուսափող, չվարանաող երիտասարդներ։

Երիտասարդական միութեան անդամները կուսակցական չեն։ Երիտասարդական միութեանն անդամակցելը նրանց հնարաւորութիւն է տալիս ծանօթանալու վերոշարադրուածի հետ, ծանօթանալ ՀՅԴ Ծրագրում բացատրուած կուսակցութեան աշխարհայեացքի ու նպատակների հետ։ Հետագայ տարիներին նրանք կը ցանկանա՞ն ու կորոշե՞ն համալրել Դաշնակցութեան շարքերը և Դաշնակցութեան ճամբով ծառայել Հայաստանին ու հայութեան թէ ոչ, դա իրենց կամքն է։

Քննադատութիւնների հիմնական մասը վերաբերում է մեր միութիւնների գործելաոճին, թուաքանակին և հասարակութեան մէջ ունեցած նրանց դերին։

Գրեթէ ամենուր թուաքանակը գոհացուցիչ չէ։ Ո՞րն է պատճառը, որ մեծ թուով երիտասարդներ չեն համալրում մեր միութիւնների շարքերը։ Մի՞թէ երիտասարդները խնդիրներ չունեն, չեն ձգտում արդարութեան, չեն ուզում ունենալ զարգացած երկիր, որտեղ իրենք կարող են ապրել արժանավայել։ Մի՞թէ չեն գիտակցում, որ իրենց բազմատեսակ խնդիրների լուծումը կազմակերպուածութեան մէջ է։ Հարցերի այս շարքը կարելի է շարունակել, և համոզուած եմ` բոլոր այդ հարցերի պատասխանը այո է։ Իհարկէ նրանք դա ուզում են։ Ուրեմն` ինչու՞ չեն համախմբւում մեր միութիւնների շուրջ։ Ինչու՞ իրենց հարցերի լուծումը չեն տեսնում մեր միութիւնների ճամբով։

Գոյութիւն ունեն տարբեր պատճառներ, որոնցից ես առանձնացնում եմ մի քանիսը` կազմակերպական կառոյց, հասարակայնութեան հետ կապ, գործելաոճ և ընկերային հարցեր։

ա. Հասարակայնութեան հետ կապ

Ըստ իս` մեր միութիւններն ինքնապարփակ են։ Փոքրաթիւ երիտասարդներ համախմբւում և իրականացնում են աշխատանքներ, որոնց մասին թերևս միայն իրենք գիտեն։ Ազնիւ, անկեղծ ու հայրենասէր երիտասարդներ, ովքեր, չգիտես ինչու, իրենց մտքերի ու արած-չարածների մասին չեն բարձրաձայնում կամ քիչ են բարձրաձայնում։ Համեմատութեան կարգով ասեմ, որ Հայաստանում, օրինակ, շատ ու շատ կուսակցութիւններ կամ չունեն երիտասարդական կառոյցներ, կամ նրանց երիտասարդական կառոյցները ձևական են։ Մէկ – երկու հոգի ներկայանալով որպէս երիտասարդական թևի ղեկավարներ` հրապարակներից չեն իջնում, յայտարարութիւններ են անում, ասուլիսներ են տալիս և, հետևաբար, ներկայութիւն են հասարակութեան մէջ, իսկ մեր միութիւնները, լինելով ամենակազմակերպուածն ու ամենակարգապահը, իրենց արածների մասին նոյնիսկ չեն բարձրաձայնում։

Հարց է առաջանում` ինչու՞ նրանք չեն կիրառում միջոցներ, որպէսզի իրենց ձայնը լսելի դարձնեն ոչ միութենական երիտասարդներին։ Ինչու՞ երբ աշխատանքի դատի կապակցութեամբ քննարկում են կազմակերպում, կամ քննարկում են երիտասարդութեան խնդիրները, սեմինարներ են կազմակերպում ուսանողների խնդիրների, բնապահպանական, առողջապահական խնդիրների և այլնի մասին, միայն միութենականներին են մասնակից դարձնում։ Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում, որ նրանք չեն հրաւիրում ոչ միութենականներին, քննարկումները բաց չեն կատարում, նախապէս չեն յայտարարում քննարկումների, արշաւների կամ կազմակերպուելիք ճամբարների մասին, կատարուած աշխատանքների արդիւնքների մասին չեն գրում կայքերում կամ չեն տեղեկացնում լրատուամիջոցներին։ Ինչու՞։

բ. Ընկերային հարցեր

Մեր միութիւններն ընկերային հարցերին բաւարար չափով ուշադրութիւն չեն դարձնում։ Առնուազն Հայաստանում առկայ են ընկերային պայքարի բոլոր ասպարէզները։ Սա այսօր մեր պայքարի առաջնահերթութիւններից մէկն է։ Այն բնագաւառն է, որում, ելնելով ՀՅ Դաշնակցութեան գաղափարախօսութիւնից, մեր միութիւններն իրօք ասելիք ու անելիք ունեն։ Ընկերային պայքար ծաւալելով` մեր միութիւնները կը կարողանան իրենց շուրջ համախմբել հազարաւոր երիտասարդների, ովքեր մտահոգուած են իրենց երկրի ճակատագրով, ովքեր ուզում են Հայաստանը տեսնել հզօր, ովքեր պատրաստակամ են երկրի այդ հզօրութեանը հասնելու համար նաև զոհողութիւնների գնալ, միայն եթէ հեռանկարում տեսնեն այդ յոյսի, այդ երազի իրականացման նշոյլները։ Այդ երիտասարդները չեն ուզում արտագաղթել։ Նրանք արտագաղթում են հարկադրաբար։ Որովհետև յոյսը կորցրել են։ Հիասթափուած են։ Եւ այդ յոյսը նրանց պէտք է ներշնչեն մեր երիտասարդական և ուսանողական միութիւնները` նետուելով ընկերային պայքարի դաշտ։ Հոգ չէ, եթէ առաջին շրջանում ձախողութիւններ ունենան։ Դա կարևոր, բայց էական չէ։ Էականը պայքարն է, որը երիտասարդը պիտի տեսնի։ Պիտի տեսնի, որ իրօք կայ կազմակերպուած ուժ, որը մտածում է նրա մասին, նրա ճակատագրի ու հայրենիքի մասին։ Բարձրաձայնում է նրա խնդիրները։ Եւ իր թիկունքում ունի համահայկական կառոյց ունեցող ՀՅ Դաշնակցութիւնը։ Եւ յաջողութիւններ կը լինեն։ Դա անվիճարկելի է։ Ահաւասիկ այստեղ ես տեսնում եմ, որ մեր միութիւնները թերանում են։

Այս առնչութեամբ կարևոր եմ համարում խօսել նաև մի շփոթի մասին։ Արդեօ՞ք ընկերային հարցեր առաջ քաշելը նշանակում է հրաժարուել ազգային հարցերից կամ դրանք ստուերել։ Ո՛չ։ Բացարձակապէս։ Ընդհակառակը` այդ երկուսը իրար հետ շաղկապուած են, իրար լրացնում են։ Բարձրաձայնել ու պայքարել, օրինակ, Հայաստանում կրթութեան որակի բարձրացման համար, չի նշանակում հրաժարուել Թուրքիայից ունեցած մեր պահանջներից կամ այն մոռացութեան տալ։ Իր երկրում իրեն ապահով զգացող, արժանավայել ապրող, կիրթ ու զարգացած մարդն է կարող կերտել հզօր երկիր, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր պահանջատիրական պայքարը։ Այս շփոթը թե կասկածը մէկընդմիշտ պիտի փարատել։ Դաշնակցութեան անելիքը միայն Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման ու հատուցման հասնելը չէ։ Դաշնակցութիւնն անելիք ունի այսօր Հայաստանում ապրող հայ մարդու կեանքի որակը բարձրացնելու հարցում։ Եւ այդտեղ մեծ անելիք ունեն մեր միութիւնները։

գ. Կազմակերպական կառոյց

Ներկայում մենք ունենք կուռ, կազմակերպուած, կարգապահ կառոյցներ, որտեղ համախմուել են գաղափարական ու հայրենասէր երիտասարդներ։ Սա լաւ է։ Բայց բաւարար չէ։ Բաւարար չէ, որովհետև մեր միութիւններից դուրս ևս կան հայրենասէր երիտասարդներ, ովքեր, ընդունելով մեր գաղափարները, հաւատալով Դաշնակցութեանը, չեն ուզում մաս կազմել այդ կարգապահ կառոյցներին, որովհետև չեն դիմանում մեր միութիւնների խստապանջութեանը։ Ահա այստեղ մեր միութիւնները մտածելու բան ունեն։ Արդեօ՞ք կարելի է բոլորից նոյնը պահանջել։ Ո՛չ։ Եթէ ես ճիշտ եմ իմ այս ոչ-ի մէջ, ապա մտածելու բան կայ։ Իսկ դա պէտք է անեն մեր երիտասարդական և ուսանողական միութիւնները, որովհետև նրանք են, որ նոր մտքեր պէտք է բերեն Դաշնակցութիւն, նրանք են, որ պէտք է փոփոխութիւններ մտցնեն իրենց կազմակերպական կառոյցներում։ Պէտք է պայքարեն կարծրատիպերի դէմ։ Հակառակ պարագային մենք կունենանք այն, ինչ ունենք։

Թիւրիմացութեան առիթ չտալու համար նշեմ, որ թուաքանակի մեծացումն ինքնանպատակ չէ։ Աւելի մեծ թիւ` նշանակում է աւելի մեծ ազդեցութիւն, նշանակում է կարողանալ եղանակ ստեղծել, կամք պարտադրել, փոփոխութիւններ մտցնել ու հեշտացնել յաջողութիւնների հասնալը։ Սա է նպատակը։ Եւ այդ նպատակին հասնելու համար եթէ պէտք է մեր երիտասարդական և ուսանողական միութիւնների կազմակերպական կառոյցներում փոփոխութիւններ կատարել, չպիտի վարանենք։

գ. Գործելաոճ

Մեր միութիւնները, ի Հայաստան և ի Սփիւռս աշխարհի, պէտք է իրենց գործալաոճի մէջ մտցնեն կտրուկ փոփոխութիւններ։ Փաստն այն է, որ ներկայիս գործեալոճով մեր միութիւնները չեն կարողանում ազդեցիկ ներկայութիւն լինել հասարակութեան մէջ։ Ինչքանո՞վ է ճիշտ, որ այն գործելաոճը, որ կիրառուել է սրանից տաս, քսան կամ երեսուն տարի առաջ, կիրառուի նաև այսօր։ Որպէս օրինակ նշեմ, որ քսան կամ երեսուն տարի առաջ գոյութիւն չունէին ոչ բջջային հառախօս, ոչ համացանց ու ոչ էլ համակարգիչն էր այսքան տարածուած։ Այսօր ամէն ոք գրեթէ ունի իր բջջային հեռախօսը, ունի կամ ձգտում է ունենալ իր անձնական համակարգիչը, այփադը, բլոգը, ֆէյսբուքում իր էջը և այլն։
Ժամանակին ժողով անելու համար պէտք էր քաղաքից քաղաք ու երկրից երկիր ճամբորդել։ Այսօր սկայպով հնարաւոր է խնայել ժամանակն ու նիւթական ծախսերը և ժողով անել։

Ժամանակին Հայաստանն անկախ չէր։ Այսօր անկախ է։

Ժամանակին երկիրը պատերազմի մէջ էր։ Այսօր պատերազմն այլ ոլորտ է տեղափոխուել։

Այս օրինակները կարելի է շարունակել։

Ուրեմն` ինչքանո՞վ է ճիշտ, որ այն, ինչ ընդունելի և արդիւնաւէտ էր թէկուզ տասը տարի առաջ, այսօր ևս արդիական է։ Վստահ եմ, որ որոշ բաներ պէտք է պահպանել։ Բայց նոյնքան էլ վստահ եմ, որ շատ ու շատ հարցերում պէտք է փոփոխութիւններ կատարել։ Սա ժամանակի հրամայականն է։ Եւ մեր միութիւնները պէտք է ժամանակի այդ պահանջը նկատի ունենան, եթէ ուզում են իրենց խօսքը լսելի դարձնել աւելի մեծ լսարանի, եթէ ուզում են աւելի արագ շարժուել ու քայլել ժամանակի հետ։

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացումից 22 տարի անց երկիրը կանգնած է բազմաթիւ մարտահրաւէրների առջև։ Բազմաթիւ մարտահրաւէրների առջև է կանգնած նաև Սփիւռքը։ Հզօր երկիր ու հզօր Սփիւռք ունենալու համար պէտք է ունենալ բազմակողմանիօրէն զարգացած, պայքարունակ ոգի ունեցող ու կազմակերպուած երիտասարդներ։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւններն այս առումով մեծ անելիքներ ունեն։

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ
Սարգիս Մկրտչեանը Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի պատասխանատուն է։

Տպել Տպել