Եթէ չմահանար Թուրգութ Օզալը…

aknarkԹուրգութ Օզալը (13 հոկտ. 1927 – 17 ապրիլի 1993) Թուրքիայի 8-րդ հանրապետութեան նախագահն էր (1989-1993): Նախքան հանրապետութեան նախագահ ընտրւելը` նա վեց տարի նաեւ վարեց երկրի վարչապետի պաշտօնը (1983-1989):

Օզալը Թուրքիայի պատմութեան մէջ յայտնի է որպէս մի դէմք, որն իր մօտեցումներով ու աշխարհայեացքով շատ օգնեց մոդեռն Թուրքիայի ձեւաւորմանը:

Զինւորականների իշխանութիւնից անմիջապէս յետոյ` դարձաւ վարչապետ: Նա մի դէմք էր, որ շատերի ասութեամբ` ցանկանում էր, որ երկրում հաստատւի մտքի, խղճի, խօսքի ու կրօնական ազատութիւն եւ պայքարում էր դրան հասնելու համար: Բացի դա` նրա վարած քաղաքականութիւնները` երկրի տնտեսական հարցերում, տարիներ յետոյ սկսեցին պտուղ տալ: Նա հիմք դրեց ազատ շուկայական տնտեսութեանը եւ քայլեր ձեռնարկեց երկրի տնտեսապէս հզօրացման համար: Նա յայտնի է նաեւ նրանով, որ դրական մօտեցումներ ունէր երկրի փոքրամասնութիւնների նկատմամբ ու գտնում էր, որ պէտք է արդարօրէն վերականգնւեն նրանց իրաւունքները:

TurqiaShabatakanՕզալը յայտնի է նրանով նաեւ, որ ցանկութիւն ունէր հաշտութիւն կնքել հայութեան հետ` լուծելով Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած հարցերը եւ հարկ եղած դէպքում` նաեւ հատուցում տալ հայութեանը եւ վճարել քաղաքական ու տնտեսական գինը:

Օզալը հայերի հետ ու հայկական պահանջատիրութեանը ծանօթացել էր ԱՄՆ-ում իր ուսանող եղած ժամանակ (50-ական թւականներին). այդ ժամանակւանից յետոյ նա սկսել էր հետաքրքրւել եւ ուսումնասիրել հայութեան հետ կապւած հարցերը, Հայոց Ցեղասպանութեան խնդիրը եւ այդ ուղղութեամբ հայերի ունեցած պահանջատիրութիւնը:

1983-ին, երբ դարձաւ վարչապետ, իր աշխատանքների հիմնական օրակարգերից մէկը նա դարձրեց այդ հարցի ուսումնասիրումը` «ուսումնասիրել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը եւ հայերին հատուցում տալու ձեւերն ու միջոցները»:

Մահացաւ Թուրգութ Օզալը եւ իր հետ թաղւեցին նաեւ նրա իրականացրած աշխատանքներն ու որդեգրելիք քաղաքականութիւնը` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ:

Իր մահից 20 տարի անց այժմ նրա մի շարք գործընկերները, որոնք մօտկից հետեւում էին Օզալի աշխատանքներին` Հայկական Հարցի ուղղութեամբ, իրենց յուշերն են պատմում այդ մասին եւ այն, որ Օզալը որպէս Թուրքիայի ժամանակի իշխանաւոր` ցանկանում էր հաշտութեան եզրեր գտնել Հայկական Սփիւռքի հետ եւ հարկ եղած դէպքում` հատուցում տալ հայութեանը` Թուրքիայի գործած սխալների պատճառով:

Վեհբին Դինչելերը, որ Օզալի վարչապետութեան օրօք կրթութեան, երիտասարդական հարցերի ու մարզանքի նախարարն էր (1983-1985), Օզալի օգնական եւ նրա մօտ ընկերներից, պատմում է, թէ Օզալը ինչ տեսակէտ ունէր հայկական պահանջատիրութեան մասին. «… Օզալը փորձում էր իմանալ, թէ հայերը ինչ են ուզում Թուրքիայից: 1984-ին նա իր խորհրդականներին յանձնարարեց, որ ուսումնասիրեն այն հարցը, որ եթէ Թուրքիան օրերից մի օր ստիպւած լինի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ այս ուղղութեամբ համաձայնութիւնների հասնի Հայկական Սփիւռքի հետ, ինչ քաղաքական եւ տնտեսական գին պէտք է վճարի Թուրքիան եւ ինչ ձեւերով է հնարաւոր հատուցում տալ հայերին: Օզալի նպատակն էր լուծել այս խնդիրը` նախքան աւելի բարդանալը: Օզալը համարձակութիւն ունէր դէմ-յանդիման գալ անցեալի պատմութեան հետ. նա Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցի վերաբերեալ բաւական ծրագրեր ունէր ու դրական զարգացումների էր հասել այդ ուղղութեամբ, բայց նրա ջանքերը անարդիւնք մնացին, նախ այն պատճառով, որ այն օրերի մի շարք պետական դէմքեր եւ իշխանաւորներ դէմ էին նրա տեսակէտներին. պետական տրամադրութիւնը հակառակ էր Օզալին:

Օզալը միշտ ասում էր` թողէք, որ մենք լինենք նախաձեռնողն ու առաջին քայլ վերցնողը, թողէք` մենք գտնենք ճշմարտութիւնը եւ եթէ հարկաւոր լինի, դրա համար էլ վճարենք իր գինը, սակայն զինւորականները խիստ դէմ էին Օզալի մօտեցումներին. նրանք Օզալի այս քայլերը համարում էին թուլութիւն, տուրք տալ հայութեանը եւ հայերին աւելորդ արտօնութիւններ շնորհել:

Այս ուղղութեամբ Օզալի կառավարութեան խօսնակ եւ նրա խորհրդական Հասան Ջելալ Գիւզէլը յայտնում է թէ` «… Զինւորականները դէմ էին Օզալի մօտեցումներին, որ ունէր Հայկական ու Քուրդական հարցերի նկատմամբ: Նրանք (զինւորականները) դէմ էին Օզալի քաղաքականութիւններին, բայց Օզալն այն եզրակացութեանն էր յանգել, որ պէտք է համաձայնութեան եզրեր գտնել հայութեան հետ. նրանց (հայերին) Օսմանական կայսրութեան օրօք մենք կոչում էինք հաւատարիմ ժողովուրդ (միլլեթի սադըքա): Օզալը ցանկանում էր, որ դռները բացւեն հայութեան առջեւ եւ հայերը վերադառնան Թուրքիա ու հարկ եղած դէպքում` վճարեն դրա գինը. ոչ մի իշխանաւոր մինչեւ հիմա նման քայլի չի դիմել: Եթէ նա չմահանար, հաւանաբար նաեւ արդէն լուծւած կը լինէր հայերի հետ կապւած այս հարցը»:

Թուրգութ Օզալը, մահացաւ 1993-ի ապրիլի 17-ին, հիւանդանոցում, սրտի կաթւածի հետեւանքով:

Նրա կինը յայտնեց, թէ նրա մահը կասկածելի է եւ նրան թունաւորել են Լիմունադով…

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

l Սիրելի ընթերցող, այս ուղղութեամբ կարելի է դիմել թուրքական, բայց անգլերէն «Թուդէյզ Զաման» օրաթերթի կայքէջին` հետեւեալ հասցէով.
www.todayszaman.com/new-278374-late-president-turgut-ozal-worked-to-solve-armenian-genocide-dispute-html .

Տպել Տպել