Ինքնախաբեությունը փրկություն չէ

khmbagrakanՓետրվարի 18-ից հետո, Հայաստանի իշխանությունը, ֆուտբոլային լեզվով ասած, խաղում էր ժամանակի վրա: Նա կարծես համբերատարորեն սպասում է, թե երբ կմարեն հետընտրական հուզումները եւ այս մեկ փորձությունն էլ հնարավոր կդառնա համարել հաղթահարված: Նախագահական երդմնակալությունը կարծես որոշակի սահմանագիծ էր, որից հետո բոլորի համար պարզ պետք է դառնար, որ հրապարակային կրքերն այլեւս անցած փուլ են, եւ նախագահական երկրորդ շրջանն իր անկասելի ընթացքի մեջ է այլեւս: Այնուամենայնիվ իշխանությունը, առնվազն արտաքուստ, դեռ պետք է պահպանի որոշակի զգուշավորություն մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունների ավարտը: Դժվար է կանխատեսել, թե նախագահական ընտրություններից հետո ստեղծված հուզումի ալիքը, անթեղված կրակի պես, ինչպիսի ազդեցություն կկրի նոր քամիներից: Իհարկե իշխանությունը այս ընթացքում սպասում էր ոչ ձեռնծալ: Նախ տպավորություն ստեղծվեց, թե վերջինս պատրաստակամ է ընդդիմության հետ կայացնելու փոխզիջումային բնույթի համաձայնություններ: Ընթացքում պարզ դարձավ, որ նույն իշխանությունը պատրաստ չէ ոչ միայն սկզբունքային, արմատական փոփոխությունների, այլեւ նրա առաջարկների մեջ զգացվում էր ժամանակավոր տպավորություն ստեղծելու, այսպես ասած մոլորեցնելու, միտումը: Հավատ չէր ներշնչում, այսպես կոչված, երկխոսելու պատրաստակամությունը: Եւ այժմ երբ սկիզբ է առել արդեն Երեւանի ավագանու համար ընտրապայքարը, կամաց-կամաց իհայտ են գալիս նույն անօրինական տեխնոլոգիաները, առանց որոնց դժվար է պատկերացնել, թե ղեկավարող այս ուժը երբեւէ կմասնակցի ընտրական մրցակցության: Մյուս կողմից գնալով մարում են այն թույլ սպասելիքները, թե ի վերջո իշխանությունը կմբռնի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածի արմատական պատճառները եւ կդիմի, եթե ոչ հիմնական, ապա գոնե շոշափելի փոփոխությունների:

Մյուս կողմից, զուգահեռաբար, ամենօրյա իր անդուլ գործին է կենտրոնացված քարոզչամեքենան:

Կրկին անգամ, փաստվում է, որ քսան տարուց ավելի այս երկրին պատուհասած իշխանական համակարգի ժառանգականության պորտալարը չի կտրվում եւ գործելակերպն էլ չի փոխվում: Մեզանում հանուն իշխանության կռիվը, ոմանց համար, ընդունել է ինքնանպատակ բնույթ եւ կարծես գլադիատորական այդ հրապարակից դուրս ոչ ոք ու ոչ մի խնդիր գոյություն չունի:

Իշխանությանը սպառնացող հին հիվանդություն է իրականության զգացողության կորուստը: Մանավանդ երբ այդ իշխանությունն ունենում է ավտորիտար /հեղինակապետական/ բնույթ: Իշխանություն, որ շրջապատված է լինում պատասխանատվության զգացումից զուրկ, իշխանությունը որպես բիզնես ընկալող, անմաքուր մարդկանցով: Շրջապատվում է քծնողներով, որոնք շեֆի ետեւից ընկած գովերգում են նրա իմաստուն ու ազգափրկիչ գործունեությունը:

Շատերն այդ փորձությանը չեն դիմանում եւ իրենք իրենց համոզում են, թե օրինակ այն վերաբերմունքը, որ արտահայտվում է ընտրությունների արդյունքում ու հետընտրական գործընթացներում թելադրված է իշխանության համար մղվող, նույն ինքնանպատակ մրցապայքարի տրամաբանությամբ: Այլ դրդապատճառներ չկան եւ հետեւաբար հերթական անգամ գերխնդիրը մնում է հետընտրական սրացումները ինչ-որ կերպ հաղթահարելը:
Դեռեւս նախագահական ընտրապայքարի շրջանում ակնհայտ էր, որ այլեւս դժգոհության բաժակը լցված է եւ դուրս է թափվում: Սա սկսել էր նյարդայնացնել թեկնածու նախագահին, ինչը նա հաճախ չէր կարողանում թաքցնել: Ի վերջո ընտրության իրական պատկերը, ինչպես եւ հետընտրական գործընթացները ակնհայտ վկայություններն էին թե, ինչպես է այլեւս հատել մարդկանց համբերությունն էլ, դիմանալու ուժն ու ցանկությունն էլ: Այս ու այն ճամբարից հնչող մեկնաբանությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանի քվեների մի մասը իրենը չէին, եւս մեկ անգամ փաստում է հենց վերն ասվածը: Ընտրողի համար հիմնական խնդիրը իշխանափոխության հարցն էր: Հետեւաբար գլխավոր հետեւությունը, որ պետք է անի այս ամենից, օրվա իշխանությունը այն է, որ ժամանակը շրջադարձ է կատարել եւ նախկին իներցիայով գալիք հինգ ու հետագա տարիները քարշ տալն անհնար է:

Պետք է ըմբռնել, որ մեր երկիրը վաղուց ձերբազատվել է <Երկաթյա վարագույրներից> ու գնալով ավելի է ենթակա քաղաքակրթության կանոներին: Այսօր ոչ միայն անկախության սերունդը չի կարող համակերպվել առկա համակարգի գոյության հետ, այլեւ հասարակության բացարձակ մեծամասնությունը:

Այն պարագայում, երբ նույն իշխանությունը, կենսական պահանջ է համարում այլ պետությունների հետ բազմակողմանի կապերի ու ինտեգրացիայի զարգացումը, անհնար է, ընդհանուր գործընթացի մեջ մտնել, լինելով բոլորովին այլ խաղի կանոններով խաղացող: Հին հույներն ասում էին, որ ամենադժվար հաղթանակը սեփական անձի դեմ տարած հաղթանակն է: Պետք չէ փրկություն որոնել ինքնախաբեության մեջ եւ կամայական մեկնաբանություններ տալ զանգվածային դժգոհություններին: Հարկ է մտածել. Իսկ կարո՞ղ է օրինակ այս իրականությունից գոհ լինել գյուղացիությունը, որը չձախողվելու վախից չի մշակում հողերի քառասուն տոկոսը, եւ ընտանիքը թողած, բանկերի տոկոսները վզից կախ, փրկություն է որոնում պանդխտության մեջ: Կարո՞ղ է այս իրականությունից գոհ լինել հանրային ծառայողների ստվար բանակը, որի աշխատավարձով կարելի է վճարել կոմունալ վարձերը եւ թերեւս միայ հաց գնել: Կարո՞ղ է գոհ լինել գիտության ու մշակույթի գործիչը գոյատեւելով հարյուր դոլարին համարժեք կամ այն քիչ գերազանցող աշխատավարձով: Կարո՞ղ է գոհ լինել մանր միջին ու մեծ բիզնեսի ներկայացուցիչը, երբ տեղի է ունենում ողջ տնտեսության կենտրոնացում մի քանի օլիգարխիական կլանների ձեռքում, երբ նա չի կարողանում իր խնդիրները լուծել օրինականորեն՝ եկամուտների համեմատ՝ տրամաբանական հարկումների սահմաններում: Վերջապե կարո՞ղ է գոհ լինել նույն օլիգարխը, որը պատեպատ է զարկվում ֆինանսա-տնտեսական ստվերային հարաբերությունների ձեռքից, պարտավոր է մշտապես <մուծվել> այս կամ այն <կարեւոր> գործի համար եւ գումարած դրան ծառայել որպես քաղաքական գործիք: Չէ-որ հիմնականում նրա ուսերին է ընտրությունների արդյունքն ապահովելու բեռը:
Նախագահական ընտրությունների անակնկալ արդյունքի մեջ ակնհայտորեն արտահայտված էր առկա վիճակից համընդհանուր դժգոհությունը: Այս պայմաններում նոր խոստումները եւ վիճակագրական թվերը այլեւս ցանկալի ազդեցություն չեն գործում, քանի-որ անցած հինգ տարիներին դրանցից եղել են ինչքան ասես, բայց առաջընթացի փոխարեն արձանագրվել է սողացող նահանջ: Յուրաքանչյուր տարվա վերջին կառավարությունը ներկայացրել է, թե նախորդից լավ բյուջե է առաջարկում, իսկ հաջորդ բյուջեն առավել լավն է լինելու: Հինգ տարվա արդյունքում <Լավ> եղավ միայ նույն կառավարության եւ հայտնի խավերի համար: Ամեն տարի հանրապետության նախագահը մի քանի անգամ ծրագրային բնույթի ելույթներ է ունեցել՝ անդրադառնալով, թե տնտեսական խնդիրներին, թե կոռուպցիային, ամենաթողությանը, բարոյական մթնոլորտին եւ հասարակական հնչեղության այլ հարցերի: Ամեն մի նման ելույթի տակ երեւի կստորագրեր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, բայց օրերն անցնում էին եւ ցանկություններն ու խոստումներն այդպես էլ միս ու արյուն չէին ստանում: Ուրեմն ինչու զարմանալ, եթե մարդիկ այլեւս վերեւից թափվող նոր խոստումներին չեն հավատում: Հավատալ կարելի է եթե դրա համար կան որոշակի հիմքեր: Եւ հակառակը, երբ իշխանական-օլիգարխիկ համակարգը մնում է անսասան, երբ նոր օրենքները չեն ծնվում իրավական առկա համակարգը բարեփոխելու նպատակադրմամբ՝ երբ դրսեւորվում է նախընտրական նույն ձեռագիրը՝ ով հավատա եւ ինչո՞ւ հավատա: Ամենաբարեկեցիկ երկրում անգամ դժվար է պատկերացնել այսքան ինքահավան ու ինքագոհ կառավարողներ, որոնց խնդիրը կարծես ամեն միջոցով օլիգարխներին, պաշտոնյաներին ու արատավորված համակարգը ժողովրդից պաշտպանելն է:

21-երորդ դարի հայը այլեւս չի ցանկանում այսպես գոյատեւել իր երկրում, երբ հայրենիքից դուրս, ցանկացած վայրում իր հայրենակիցը կարողանում է շատ ավելի հանգիստ, կարգ ու կանոնի եւ նյութական հարմարավետության պայմաններ ապահովել իր համար:

Ուրեմն եւ իրականում ինչ է առաջարկում իշխանությունը ժողովրդին՝ թողնել փախչել երկրից, թե՞ ապրել թիկունք-թիկունքի, չհանդուրժելով մեկ-մեկու տեսակետն էլ գոյությունն էլ:

Քաղաքական-տնտեսական հանգամանքների կողքին որոշիչ գործոն է նաեւ խնդրի բարոյական կողմը:

Խոսենք օրինակներով:

Բոլոր բանական մարդիկ հասկանում էին, որ խորհրդային միությունը հակամարդկային չարիք է, բայց երբ հրապարակային կերպով մերկացվեց վերջինիս էությունը, հասկանալի դարձավ, որ այլեւս հին ձեւով շարունակել հնարավոր չէ: Դժվար էր սկզբում հավատալ, թե կայսրությունը կփլուզվի, միաժամանակ անհավատալի էր, թե ինչ-որ բան չի փոխվելու:

Հինգ վեց տարի հանդուրժելուց հետո 1996թվականին Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնությունը դեմ քվեարկեց Լեւոն Տեր Պետրոսյանին: «Մեր դեմ խաղ չկայի» սկզբունքով առաջնորդվող իշխանությունը հակառակ ձեւով ներկայացրեց ընտրության արդյունքները: Դրան հետեւած ժողովրդական ընդվզումը հնարավոր եղավ զսպել պետության ճնշիչ մեքենայի միջոցով, բայց իշխանությունը հասկացավ, որ ինքն այլեւս ժողովրդի համար անընդունելի է: Լեւոն Տեր Պետրոսյանը կորավ տեսադաշտից, իսկ երկու տարի անց, պատեհ առիթից օգտվելով՝ հեռացավ:

Մեր երկրում այսօր ոչ ոք չի հավատում, թե նախորդ ու նախորդող ընտրությունները չեն կեղծվել եւ այդպիսի փորձ չի արվելու գալիք ընտրությունների ժամանակ: Հետեւաբար ինչ ճարտար հռետոր էլ փորձի առավոտից գիշեր հակառակը համոզել, ավելի եւս խորացնելու է հավատի կորուստը:

Ի՞նչ է լինելու շարունակությունը:

Ենթադրենք անցանկալին: Այն որ իշխանության տղայական համառությունը եւս մեկ անգամ կկոտրի մարդկանց հավատը եւ փետրվարից սկիզբ առած հուզումները վերջնականապես կմարեն: Հնարավոր կդառնա <Հորով-մորով անել> եւս մեկ ընտրություն: Կվերանա՞ն խնդիրները, կխաղաղվե՞ն երիտասարդությունը, մտավորական շերտը, աղքատները, աշխատավարձով տուն պահել չկարողացողները, գործազուրկները եւ մյուսները: Մեկ բան ակնհայտ է, այսպես շարունակվել հնարավոր չէ: Այս երկիրը պետք է լրջորեն բարեփոխվի` դեմքով ու էությամբ: Այլ ճանապարհ տրված չէ, հնարավոր ճանապարհներով մարդկությունը վաղուց անցել է եւ շարունակում է անցնել:

«ԴՐՕՇԱԿ»ի խմբագրական

Տպել Տպել