Արդեօք թուրքերը հանդուրժող ժողովո՞ւրդ են

aknarkԹուրքիայի վարչապետի օգնական Բուլենթ Առընչը, անցեալ շաբաթ Գերմանիայում տեղի ունեցած համագումարի ընթացքում, որը կազմակերպւել էր Միջազգային եւ միջմշակութային երկխօսութեան ինստիտուտի նախաձեռնութեամբ, ունեցած իր ճառի ժամանակ յայտնեց որ` «…. Մենք կոչ ենք յղում բոլոր այն փոքրամասնութիւններին, որոնք անցեալում ենթարկւել են բացասական վերաբերմունքների եւ թողել են երկիրը, հիմա վերադառնան երկիր…»: Առընչը նաեւ աւելացրեց. «….Մենք ցանկանում ենք, որ խաղաղութիւն հաստատւի երկրում, կառավարութիւնը նաեւ փորձում է բարելաւի երկրում գոյութիւն ունեցող փոքրամասնութիւնների իրաւունքները…»:

TurqiaShabatakanԹուրքիայում, բացի թուրքերից, ապրում են բազմաթիւ կրօնական եւ ազգային փոքրամասնութիւններ, դրանցից ոմանք պաշտօնապէս ճանաչւած են որպէս փոքրամասնութիւն եւ ունեն իրենց սահմանւած իրաւունքները, ինչպէս` հայերը կամ յոյները, իսկ դրանցից ոմանք էլ պաշտօնապէս ճանաչւած չեն որպէս փոքրամասնութիւն, ինչ մնաց, որ ունենան իրենց իրաւունքները, եւ դեռ աւելին` նրանք ենթակայ են հալածանքների եւ ճնշումների, ինչպէս` ալեւիներն ու քուրդերը:

Թուրքիայում, թէ՛ օսմանական ժամանակաշրջանում, եւ թէ՛ 1923 թւականից, երբ այդ երկրում հիմնւեց հանրապետութիւն, իշխանութիւնները փոքրամասնութիւններին միշտ դիտել են թշնամական աչքով` նրանց համարելով վտանգ ներկայացնող տարր` երկրի համար: Իշխանութիւնները նաեւ յաջողել են այդ ոչ-բարեկամական եւ թշնամական տրամադրութիւնները փոխանցել ժողովրդին ու հասարակութեանը:
Իսկ տեսնենք, թէ ներկայ Թուրքիայի հասարակութեան մէջ թուրքերը որքանով են հանդուրժող այլ կրօնների ու ազգութիւնների նկատմամբ:

Թուրքիայում աշխատում են բազմաթիւ ուսումնասիրական հիմնարկներ եւ համալսարաններ, որոնք քսան տարուց աւել է, որ ուսումնասիրում են այն թեման, թէ թուրքերը Թուրքիայում որքանով են հանդուրժում ոչ-թուրքին ու ոչ-մուսուլմանին, թէ թուրքերը որքանով բարեկամական եւ սիրալիր տրամադրութիւն ունեն երկրի փոքրամասնութիւնների նկատմամբ (Նշենք, որ Թուրքիայում բնակւում են բազմաթիւ ազգեր ու կրօններ, որոնք համարւում են փոքրամասնութիւն, ինչպէս` արաբներ, քուրդեր, ալեւիներ, լազեր, ռոմաներ, հրեաներ, ասորիներ, յոյներ, հայեր եւ այլն):

Այդ կազմակերպութիւններից ամենագլխաւորն է Թուրքական տնտեսական եւ հասարակական ուսումնասիրութիւնների հիմնարկը (ԹԵՍԵՎ) (www.TESEV.org), որը 2006 թ. մի հարցախոյզ-ուսումնասիրութիւն կատարեց այդ ուղղութեամբ: Ուսումնասիրութեան արդիւնքը պարզեց, որ թուրքերի 39 տոկոսը չի ցանկանում, որ իրենց իսկ հարեւանութեամբ ապրեն հրեաները, 42 տոկոսը չի ցանկանում, որ ունենան հայ հարեւան, 43 տոկոսը չի սիրում, որ յոյն հարեւան ունենան: 2006 թւականից մինչ այժմ թւում է, թէ շատ բան չի փոխւել, այսինքն` 7-8 տարին շատ կարճ ժամանակաշրջան է` փոխելու համար մի հասարակութեան ու ժողովրդի տրամադրութիւնները:
Այդ ուսումնասիրութիւնից յետոյ, հէնց իրենք «ԹԵՍԵՎ»-ի փորձագէտները յայտնել էին, որ նման անհանդուրժողականութեան գոյութեան դէպքում` դժւար է երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր…

2008 թ. Միջազգային հասարակական ուսումնասիրութիւնների ծրագիր անունով հիմնարկը (www.ISSP.org) Թուրքիայի «Սաբանջիր» համալսարանի հետ համագործակցաբար` նման մի ուսումնասիրութիւն-հարցախոյզ իրականացրեց Թուրքիայում: Ուսումնասիրութեան արդիւնքը պարզեց, որ թուրքերի 59 տոկոսը այն կարծիքին է, թէ չպէտք է թոյլ տալ երկրի փոքրամասնութիւններին առիթ ունենալ հրապարակաւ եւ հասարակութեան մէջ խօսել իրենց իրաւունքների մասին, 33 տոկոսը այն տեսակէտն ունի, որ փոքրամասնութիւնները չպէտք է առիթ ունենան գիրք հրատարակել իրենց հաւատամքների ու ազգի հարցերի մասին:

Նշեմ, որ ժողովրդավարութեան հիմնական սիւներից է խօսքի ազատութիւնը եւ հանդուրժողականութիւնը:
2011 թ. Ստամբուլի «Բահչեսիր» համալսարանը հետազօտելու համար, թէ թուրքերը որքանով են հանդուրժող եւ որքանով են ընդունում տարբեր մտածելակերպեր եւ ինչպէս են տրամադրւած երկրի փոքրամասնութիւնների նկատմամբ, նման մի ուսումնասիրութիւն իրականացրեց. արդիւնքում` պարզւեց, որ թուրքերի 48 տոկոսը չի ցանկանում, որ ունենան քրիստոնեայ հարեւաններ:

2012 թ. Ստամբուլի «Հրանտ Դինք» հիմնարկը (որ թուրքական մի հիմնարկ է) մի ուսումնասիրութիւն իրականացրեց Թուրքիայի թերթերի ու մամուլի իրավիճակից: Ուսումնասիրութեան արդիւնքը պարզեց, որ Թուրքիայում գոյութիւն ունեն թերթեր, որոնք երիտասարդութեան մօտ ատելութիւն եւ բացասական տրամադրութիւններ են տարածում փոքրամասնութիւնների նկատմամբ եւ ոչ թէ միայն քրիստոնեայ փոքրամասնութիւնների նկատմամբ, այլ նաեւ` ոչ-քրիստոնեաների, ինչպէս` արաբների, քուրդերի եւ ալեւիների:

Պատմութիւնից արդէն ծանօթ ենք, որ հայերը, յոյները եւ ասորիները ինչպիսի վիճակում են եղել Թուրքիայում, նրանց ենթարկել են ջարդի, աքսորի եւ տեղահանութեան: Առընչը կոչ է անում, որ այն փոքրամասնութիւնները, որոնք վատ վերաբերմունքի պատճառով` թողել են Թուրքիան, այժմ վերադառնան… ինչպէ՞ս, երբ նրանց 90 տոկոսից աւելին արդէն մահացել է, իսկ նրանց երեխաները այլ երկրների քաղաքացիներ են…

Սրա կողքին` յիշենք, նաեւ, որ քուրդերը այսօր ինչ իրավիճակի են մատնւած Թուրքիայում. մխիթարական չէ նաեւ ալեւիների իրավիճակը, որոնք ենթակայ են հալածանքների ու հեգնանքների: Հէնց անցեալ տարւայ յուլիսին էր, որ Մալաթիայում ամբոխը փողոց դուրս գալով` գոչում էր` մա՛հ ալեւիներին… էլ չենք խօսում այն հարցի մասին, որ դպրոցական դասագրքերում փոքրամասնութիւններին ներկայացնում են որպէս դաւաճաններ, չենք խօսում նրա մասին, որ փոքրամասնութիւնները այդ երկրում իրաւունք չունեն խորհրդարանում ունենալ իրենց պատգամաւորը…
Ինչպէ՞ս կարելի է կարճ ժամանակում եւ վարչապետի օգնական Առընչի ցանկութիւններով այսքան բան փոխել Թուրքիայում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել