Անկախության գաղափարը տարագիր հայ գործիչ Վահան Նավասարդյանի աշխատություններում

hodvadzԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ(*)

Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920) անկումից հետո տարագրության մեջ հաստատված հայ մտավորական-քաղաքական գործիչների մոտ քննարկման առարկա դարձան հայ իրականության մեջ առկա մի շարք հիմնախնդիրներ: Նոր կազմավորվող հայկական սփյուռքում գոյություն ունեցող հրապարակախոսության մեջ առանձնակի տեղ հատկացվեց Հայաստանի անկախության գաղափարին:

Վահան Նաւասարդեան

Վահան Նաւասարդեան

Այս տեսակետից բավական բեղմնավոր գործունեություն է ծավալել Վահան Նավասարդյանը (1888-1956), ով 1922թ.-ից մինչև կյանքի վերջը խմբագրել է Կահիրեի «Յուսաբեր» պարբերականը:

Հատկանշական է այն հանգամանքը, որ անկախության վերականգնման հիմնական ջատագովը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն էր: Իսկ անկախության գաղափարի հիմնական քարոզիչները դաշնակցականներ էին, որոնց շարքում լուրջ տեղ ունի Վահան Նավասարդյանը:

Հայաստանի անկախության տեսլականը Վահան Նավասարդյանը վերլուծում է տարբեր տեսանկյուններից: Պետք է հատուկ ընդգծել, որ լինելով հավատավոր ընկերվարական, նա իր բոլոր ուսումնասիրություններում անկախության գաղափարը սերտորեն կապում է ընկերվարության գաղափարի հետ:

Հայաստանի անակախության գաղափարը մենկանաբելիս Նավասարդյանը նախ անդրադառնում է դեռևս 19-րդ դ. վերջին հայ ազգային կուսակցությունների ծրագրերում առկա համապատասխան դրույթներին: Հայտնի է, որ հայկական կուսակցությունների հիմնական նպատակը Օսմանյան կայսրության լծի տակ տառապող հայ ժողովրդի ազատության ձեռքբերումն էր:

Այս ժամանակաշրջանում կուսակցությունների ծրագրերը թեև նպատակների ձևակերպումների առումով տարբերվում էին, սակայն նրանց բոլորի ոգին նույն էր: Եվ Հայաստանի ապագա կարգավիճակի մասին ծրագրերում առկա է երբեմն ազատ, երբեմն անկախ եզրույթը:

Խոսելով այս խնդրի շուրջ Վահան Նավասարդյանը հետևյալն է գրում. «Հայկական կուսակցութիւնների ձեւաւորման շրջանում գաղափարական խմորումների մեջ իրենց հասարակական մկրտութիւնն ստացած հայ յեղափոխականները երբ ասում էին «Ազատ Հայաստան»` իրենց մտածողութեան մէջ ուրիշ հասկացողութիւն չէին կարող ունենալ, եթէ ոչ` «անկախ Հայաստան» [1, էջ 79]: Հրապարակագիրն այստեղ ակնարկում է հայ ազգային կուսակցություններից մեկի` Դաշնակցության անդրանիկ ծրագիրը: Այս կապակցությամբ մեկ այլ առիթով նա գրում է. «Ճամբան հարթել հայրենիքի լիակատար անկախութեան` կամ մէկ անգամից (եթէ հնար է այդ) եւ կամ աստիճան առ աստիճան (եթէ մէկ անգամից հնարաւոր չէ այդ),- ահա այն հասարակաց նպատակը, որ 1890-ին մէկ ընդհանուր ուխտի եւ «դաշնակցութեան» մէջ համախմբեց Հայ Յեղափոխականներին: … Անկախութեան պահանջը որեւէ նորոյթ չունէր իր մէջ. մեր անդրանիկ դաւանագրի առաքեալները «ազատ Հայաստան» ասելու փոխարէն` ամենայն դիւրութեամբ կարող էին «անկախ Հայաստան» ասել» [2, էջ 39]:

Հայ ազգային մեկ այլ կուսակցության ծրագրի կապակցությամբ Նավասարդյանը փաստում է, որ «առաջին կազմակերպուած յեղափոխական հոսանքը, Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը, որ կեանք առաւ հայ իրականութեան մէջ` յստակ ու որոշ, պարզ ու մեկին առաջադրած ունէր Թրքահայաստանի, նախ` բացարձակ անջատումը Թուրքիայից եւ ապա` նրա լիակատար անկախութիւնը» [1, էջ 82]:

Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն յուրովի նրա անկախության ձեքբերման կամ պահպանման համար մղված պայքարի պատմություն է: Այս տեսակետից Վահան Նավասարդյանն առավել ցայտուն է համարում հայ ժողովրդի պատմության օրինակը: «Նրա (հայ ժողովրդի – Խ. Ս.) ամբողջ պատմութիւնն անսպառ պայքարների մի ընդարձակ մարտիրոսագրութիւն է… յանուն ազատութեան»,- գրում է նա [3, էջ 14]:

Այսպիսով` դեռևս 19-րդ դ. վերջին հայ ազգային կուսակցությունները նպատակադրել էին Հայաստանի անկախացումը: Վահան Նավասարդյանն էլ իր գաղափարախոսական հիմնավորումներում կարևորում է այս հանգամանքը:

Վահան Նավասարդյանի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ հանուն աշխարհակալական ձգտումների տեղի ունեցած ցանկացած բախում ի վերջո ավարտվել է հարձակման ենթարկված ժողովուրդների ազատության ձեռքբերումով: Այս երևույթի թերևս լավագույն պատճառաբանություն այն է համարվում, որ ժողովուրդների ազատության ձգտումից առավել հզոր ուժ դժվար է երևակայել: Ազատության այդ տենչը, Վահան Նավասարդյանի բնութագրմամբ բնատուր է ազգերին, որ փոխանցվում է սերնդից սերունդ` առանց կորցնելու իր հմայքն ու թովչությունը [3, էջ 13-14]:

Հետաքրքիր է անկախության գաղափարի մեկնաբանման Վահան Նավասարդյանի մոտեցումը: Նա, սերտ կապվածություն տեսնելով «հայրենիք», «ազգ», «ազատություն», «ազգային ազատություն», «անկախութոյւն» գաղափարների մեջ, գտնում է, որ այնուամենայնիվ տարբերվում են թե իբրև գաղափարներ, թե իբրև արժեքներ [3, էջ 29]:

Հայրենիքն այն միջավայրն է, ուր ազգերը հյուսում են իրենց պատմությունը, կուտակում իրենց հոգեկան, մշակութային հարստությունը: Հայրենիքում ազգը կարողանում է լավագույնս դրսևորել իր ստեղծագործական տաղանդը, ապահովել իր հարատևության համար նպաստավոր պայմաններ: Վահան Նավասարդյանը ազգի հարատևման գլխավոր նախապայման հայրենիքից զատ համարում է հենց անկախությունը: Նա մասնավորեցնում է իր այս միտքը հայ ժողովրդի օրինակով. «Անկախութեան պայմաններում է միայն, որ հայ ժողովուրդը կարող է ազատօրէն ստեղծագործել և պատմականօրէն ժառանգած իր բեղմնաւոր մասնայատկութիւններով ճոխացնել ապագայ ընկերվար հասարակարգը: Միայն իրապէս անկախ Հայաստանն է, որ միանգամ ընդմիշտ վերջ կը տայ հզօրների արիւնռուշտ և աշխարհակալ կռիւներին` հայկական հողերի վրայ» [3, էջ 54]:

Նավասարդյանը գտնում է, որ քաղաքակիրթ մարդկության պատկերացմամբ բոլոր ազգերը, անկախ իրենց թվաքանակից արժանի են և իրավունք ունեն անկախ լինելու: Անդրադառնալով հայ ժողովրդի ունեցած այդ իրավունքին, նա գրում է. «Այդ իրաւունքն ու պարտականութիւնն ունի նաև հայ ժողովուրդը: Պայքարել յանուն Հայաստանի անկախութեան, այդ կը նշանակէ ջահակիրը լինել աշխատաւոր մարդկութեան լուսաւոր գաղափարների, այդ կը նշանակէ` զօրավիգ հանդիսանալ այն վեհ ու գեղեցիկ պայքարին, որ այսօր տարւում է ընկերվար դրօշի տակ» [3, էջ 53]:

Վահան Նավասարդյանը փաստում է, որ Հայաստանի անկախությունը ոչ միայն քաղաքակիրթ մարդկության ցանկությունն է, այլև դրան ձգտում է նաև ինքը հայ ժողովուրդը, «որովհետեւ միայն անկախութեան պայմաններում մեր երկիրը կարող է Հայաստան դառնալ, իսկ մեր ժողովուրդը` հայ մնալ» (ընդգծումը հեղինակինն է – Խ. Ս.) [3, էջ 54]:

Այսինքն` անկախությունը, որպես քաղաքակրթական արժեք, պետք է հասանելի լինի բոլոր ազգերին, այդ թվում` հայերին: Եվ միայն բոլոր ազգերի անկախության դեպքում կարող է մարդկությունը առաջ ընթանալ դեպի լուսավոր ապագա: Զարգացնելով Հայաստանի անկախության համամարդկային նշանակության մասին իր թեզը` Նավասարդյանը գրում է. «Ձգտել Հայաստանի անկախութեան, պայքարել այդ անկախութեան համար և տիրանալ նրան,- այդ կը նշանակէ մէկ լուսաւոր յաղթանակով ևս պսակել մարդկային պատմութիւնը, լաւագոյն տուրքը տալ ընկերվար վարդապետութեան, սկիզբը դնել Մերձաւոր Արևելքի իրական ազատագրութեան և անդորր, ազատ ու խաղաղ պայմանների մէջ հայութիւնը լծել իր լուսաւոր և ստեղծագործ առաքելութեան» [3, էջ 56]:

Հայաստանի անկախությունը Վահան Նավասարդյանը կարևորում է նաև տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից: «Միայն այդ ժամանակ տևական կը լինի խաղաղութիւնը մեր երկրում, ազատութեան արևը միայն անկախութեան երկնակամարից ճշմարտօրէն կը լուսաւորի մեր հայրենիքի գոյութեան ուղիները, միայն անկախութեան պայմաններում հայութիւնը կը ստեղծագործի և մէկ աննախընթաց թափով կը լծուի իր լուսաւոր պայքարին»,-գրում է նա [3, էջ 55]:

Պատահական չէ, որ Հայ ժողովրդի անկախության պահանջը Վահան Նավասարդյանը պայմանավորում է, ոչ միայն ներքին պահանջով, այլև` արտաքին թելադրանքով: «Ոչ միայն ինքը հայ ժողովուրդն է ձգտում անկախութեան իր ներքին, ենթակայական մղումներով, այլ և դրսի, արտաքին ուժերն առարկայօրէն նրան մղում են դէպի այդ նպատակակայանը, որովհետև իրենք ձգտում են նրան»,- գրում է նա [5, էջ 25]:

Թերևս նաև այս պատճառով է, որ անկախությունը պետք է դառնայ հայ ժողովրդի նվիրական նպատակներից մեկը:

Մի առիթով Նավասարդյանը պնդում է, որ հայության քաղաքական մտասևեռումը պետք է լինի մի կետի վրա: «Այդ կէտը – անկախ Հայաստանի պահանջն է, Հայաստանի անկախութիւնը մարտնչող հայ ժողովրդի քաղաքական տեսակէտը պիտի գործի այն լուսարձակը, դէպի ուր սեւեռելու են իրենց հայեացքները մեր ժողովրդի բոլոր հատուածները (ընդգծումը հեղինակինն է – Խ. Ս.)»,- ասում է նա [4, էջ 278]:

Հայ ժողովրդի հետագա պայքարը պետք է ընթանա միայն այդ ուղիով: Եվ եթե այս ուղուց տեղի ունեցած շեղումները զուտ ժամանակավոր մարտավարական բնույթի չեն, ապա ամեն ինչ կորած պետք է համարել: Վ. Նավասարդյանը եզրահանգում է հետևյալին. «Միայն անկախութեան պայմաններում մեր երկիրը կարող է Հայաստան դառնալ, իսկ մեր ժողովուրդը` հայ մնալ» [4, էջ 279]:

Նավասարդյանը քննադատում է հայ իրականության մեջ գոյություն ունեցող որոշ հոսանքների այն մտածումը թե իբր Հայաստանի անկախության բացարձակ պահանջ գոյություն չունի [5, էջ 15-19]:

Ի հակառակ դրան նա պնդում է, որ. «անկախութիւնը, իբրև մէկ ժողովրդի բոլորանուէր զարգացումն ու ազատութիւնը երաշխաւորող գաղափար, դառնում է անփոխարինելի, իրականութեան մէջ կեանք առնելով սակայն յարաբերական բոյթ կրող ձևերով ու չափերով» [5, էջ 24]:

Իսկ անկախություն ձեռք բերելու համար ժողովուրդը պետք է տոգորված լինի ազգային գիտակցությամբ, ունենա իր բաժին հողակտորը` հայրենիքը, զուրկ չլինի մարդկայն այն նվազագույն քանակից, որն անհրաժեշտ է հայրենիքը պահելու համար[5, էջ 31]: Իսկ հայերնիքը պահելու և պահպանելու համար անհրաժեշտ է անկախություն:

Անկախության գաղափարն ավելի ընկալելի դարձնելու համար Նավասարդյանը կատարում է հետևյալ համեմատությունը: «Ինչպէս անվերաքննելի է ազատութեան սկզբունքը (խօսելու, գրելու, դաւանելու, հաւաքուելու. շարժուելու ևլն.) անհատի համար` պետութեան մէջ, նոյնպէս անվերաքննելի է անկախութեան սկզբունքը (ազատօրէն, նկախաբար և ազգովին ապրելու, զարգանալու. խտեղծագործելու ևլն.) ազգութեան համար` համամարդկային մեծ ընտանիքի մէջ» [3, էջ 44]:

Կարելի է եզրակացնել, որ տվյալ պարագայում անկախություն ասելով հրապարակախոսը նկատի ունի մարդկանց հավաքականության ազատ լինելու հանգամանքը:

Անկախությունը «ազգ-սուբեկտի ազատութեան միակ ձևն է, անկաշկանդ ապրելու եւ ստեղծագործելու միակ միջոցը» [3, էջ 45]: Հետևաբար այն նույնպես պետք է հարատևի ազատատենչ մարդկության նպատակներում:

Ինչպես նշեցինք, Վահան Նավասարդյանն անկախության գաղափարը սերտորեն կապում է ընկերվարության գաղափարի հետ: Այս կապակցությամբ նա գրում է, «որ անկախության գաղափարը առավել գնահատվում է «ընկերվարական բովանդակ աշխարհի մէջ», և որևէ մեկը չի համարձակվում դեմ արտահայտվել ցանկացած ազգի գոյության և նրա անկախության երազին»[ 3, էջ 7]:

Ըստ Նավասարդյանի անկախության գաղափարը պետք է ընկերվարական կուսակցությունների ծրագրերի կարևորագույն կետերից մեկը լինի: Նա նշում է, որ ռուսական աշխարհակալությունը վերականգնելու նպատակով բոլշևիզմը կեղծորեն հայտարարում է, թե իբր ազգային դատի պաշտպան է: Սակայն այստեղ կարևորն այն է համարվում, որ նույնիսկ բոլշևիզմի մոտ է ազգային անկախության գաղափարն արդեն ազդեցիկ դարձել: «Ազգերի ազատագրութիւնն ու նրանց անկախութեան գաղափարը այսպիսով սկսւում է տիրականօրէն իշխել բոլոր այն հոսանքների վրայ, որոնք իրենց հոգևոր սնունդը շարունակում են առնել- փաստօրէն կամ անուանապէս-ընկերվարութեան գաղափարական աւազանից»,- գրում է նա[3, էջ 52]:

Եվ հնարավոր էլ չէ չպաշտպանել անկախության գաղափարը, որովհետև հակառակ դեպքում մերժվում է «ազատութիւններից ամէնէն էականն ու արժէքաւորը, որ իր հմայիչ էութիեանը մէջ ընկերվարութեան մէկ անբաժան մասն է կազմում» [6, էջ 20]:

Զարգացնելով իր միտքը, նա շարունակում է, որ միայն անկախության պայմաններում է հնարավոր, որ աշխատավոր մարդկությունը կարողանա ազատորեն լծվել ընկերվարական գաղափարների իրագործմանը, դրանց հաղթանակին [6, էջ 21]:

Վահան Նավասարդյանը քննադատաբար է մոտենում խորհրդահայ գործիչների այն պնդումներին, թե իբր ազգի գոյության պահպանումը հնարավոր է նաև առանց անկախության: Ընդհակառակը, ըստ նրա, «քաղաքական անկախութիւնից դուրս գծուած բոլոր ուղիները շեղումն են ազգութեանց պահպանման նուիրական սկզբունքից… Ազգերը պէտք է լինեն ազատ և անկախ,- որովհետև այդ է ազգութեանց պահպանման ու զարգացման միակ ճշմարիտ ուղին, այդ է ճշմարիտ ընկերվարութեան յստակ, պարզ, մեկին ու խրոխտ պատգամը» [3, էջ 31]:

Ընկերվարության և ազգերի անկախության գաղափարների համեմատության ժամանակ Վ. Նավասարդյանը եզրահանգում է, որ անկախության գաղափարը պետք է սկզբունքային ձևակերպում ստանա ընկերվարական կուսակցությունների (այդ թվում` հայ ընկերվարական կուսակցությունների) ծրագրերում, ընկերվարությունն ընկալելի լինելու համար անկախության գաղափարը պետքը է անբաժան լինի նրանից, ընկերվարությունն ինքը պետք է ծնունդ տա ազգերի անկախությունը ծնող գաղափարների [7, էջ 68]:

Վահան Նավասարդյանը կարևորում է նաև դեմոկրատիզմի դերը անկախության գաղափարի պաշտպանության գործում: «Անազատ ժողովուրդների քաղաքական անկախութեան երազը հիմքն է, միակ զօրաւոր պատուանդանը, ամէնէն յուսատու յենակը դեմոկրատական մնացած բոլոր իրաւունքների ու պահանջների»,- գրում է նա [6, էջ 17]:

Շարունակելով իր միտքը, նա նշում է, որ ժողովրդավարությունը իր դերը կարող է կատարել միայն անկախության պայմաններում: Առանց անկախության այն արժեք չունի: Այս կապակցությամբ հայ հրապարակագիրը գրում է. «Պարլամենտարիզմ, ընդհանուր ընտրական իրաւունք, ազատութիւն (խօսքի, խղճի, հաւաքոյթի ևլն. ևլն.).- այս ամէնը գին ու արժէք ունեն ժողովուրդների կեանքում, եթէ միայն նախապէս յարգուած ու պահուած է հիմնական պահանջը, եթէ միայն – ամէնից առաջ ու ամէնէն վեր – դասուած ու պահպանուած է անկախութեան սկզբունքը» [6, էջ 18]:

Եթե փորձեն հանրագումարի բերել վերոնշյալը, ապա կարելի է ասել, որ Նավասարդյանի համոզմամբ, իրավամբ, անկախության գաղափարին դեմ լինելը ենթադրում է էությամբ թշնամի լինել ընկերվարությանն ու դեմոկրատիզմին:

Արժանահիշատակ է նաև Վահան Նավասարդյանի հետևյալ տեսակետը: Ըստ նրա, անկախությունը լինելով բացարձակ արժեք, իրականության մեջ կյանք է առնում հարաբերական բնույթ կրող ձևերով ու միջոցներով: Իսկ այն հարաբերական կարգավիճակը որոշում է ժողովուրդն ինքը: Ժողովուրդն է իր մեծամասնության որոշմամբ սահմանում իր անկախության ձևը, չափն ու սահմանը [6, էջ 22]:

Վահան Նավասարդյանը գրում է, որ «առանց ազատ եւ անկախ հայրենիքի ապարդիւն պիտի անցնեն այն բոլոր ճիգերը, որ հաւաքականօրէն թափում է այսօր հայ ժողովուրդը` արեւի տակ իր դէմքը պահելու և իր սեփական անկիւնն ունենալու» [6, էջ 34]:

Վահան Նավասարդյանը իրավացիորեն նշում է, որ անկախության համար պայքարը զոհողություններ, աննկուն կամք և համառ աշխատանք է պահանջում նաև: «Եւ հայ ժողովուրդն էլ պայքարի այդ ճանապարհին պետք է ունենա մարդիկ, որոնք գաղափարի հանդէպ անմար հաւատ ունին, պայքարի մէջ` աննկուն կորով և դժուարութեանց ժամին` նուիրումի և անձնազոհութեան լիակատար պատրաստակամութիւն»,- գրում է նա [8, էջ 79]:

Այսպիսով` 1920թ. Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայտնվելով տարագրության մեջ ականավոր գործիչ Վահան Նավասարդյան իր հրապարակագրության մեջ մեծ տեղ է հատկացնում Հայաստանի անկախության վերականգնման գաղափարին: Անկախությունը ի վերուստ տրված իրավունք է, քաղաքակիրթ մարդկության կողմից պաշտելի արժեք, որին արժանի է նաև հայ ժողովուրդը: Վահան Նավասարդյանը միայն ազգերի անկախ գոյությամբ է պայմանավորում մարդկության խաղաղ և ճշմարիտ զարգացումն ու հարատևումը:

Գրականություն

1. Նաւասարդեան Վահան, Հայ անկախութեան գաղափարը մերձաւոր անցեալի մէջ, «Հայրենիք» ամսագիր, 1924թ, փետրուար, էջ 77-86:
2. Նաւասարդեան Վահան, ՀՅԴ գաղափարաբանութիւնը, Պէյրութ, 1983,
3. Նաւասարդեան Վահան, Հայաստանի անկախութիւնը (Տեսական հիմնաւորման թռուցիկ ակնարկ), Ժընեւ, Հրատ. Հ.Յ.Դաշնակցութեան, 1924, 56 էջ:
4. Նաւասարդեան Վահան, Հ.Յ.Դաշնակցութեան անելիքը (մտքեր եւ յուշեր մի գրքոյկի առիթով), Գահիրէ, տպարան «Յուսաբեր», 1924, 288 էջ:
5. Նաւասարդեան Վահան, «Դաշնակցութեան քաղաքական ուղին» (10-րդ Ընդհանուր ժողովի առիթով), Գահիրէ, տպարան «Յուսաբեր», 1925, 180 էջ:
6. Նաւասարդեան Վահան, Ընկերվարութիւնը եւ դեմոկրատիզմը, Գահիրէ, տպարան «Յուսաբեր», 1924, 34 էջ:
7. Նաւասարդեան Վահան, Ընկերվարութիւնը եւ ազգերի անկախութեան գաղափարը, «Հայրենիք» ամսագիր, 1923թ, յուլիս, էջ 68:
8. Նաւասարդեան Վահան, «Ի՞նչ չէր եւ ի՞նչ չպիտի լիներ մեր ուղին, Գահիրէ, տպարան «Յուսաբեր», 1923, 81 էջ:

Խաչատուր Ստեփանյան

Խաչատուր Ստեփանյան

(*) «Անկախության գաղափարը տարագիր հայ գործիչ Վահան Նավասարդյանի աշխատություններում» հոդվածը ռուսերենով ներկայացուել է International Academy of Science and Higher Education (Լոնդոն) և մի շարք ամերիկեան, գերմանական, իսպանիական, իսրայելեան, ուկրաինական եւ ֆրանսիական գիտական կազմակերպությունների կողմից կազմակերպված “Modern problems of humanity in the context of social relations and international politics development” խորագրով առցանց գիտաժողովում (London, July 31 – August 06, 2012): Առաջին անգամ հրատարակվել է գիտաժողովի նյութերի ժողովածուում: Տես՝ Global “Problems of the State, Reproduction and Use of Natural Resources of the Planet Earth/modern Problems of Humanity in the Context of Social Relations and International Politics Development,” International Academy of Science and Higher Education (September 10, 2012), London, pp. 97-99:

Տպել Տպել