Սույն թվականի հունվարի 15-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունում, տեղի ունեցավ ընդլայնված նիստ, որին մասնակցեցին հանրապետության օրենսդիր, գործադիր, եւ դատական իշխանությունների ղեկավար կազմերը:
Նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմերը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը: Հանդիպմանը ներկա էր եւ հիմնական ելույթով հանդես եկավ հանրապետության նախագահը: Այս հանդիպումը կարելի է դասել այն հանդիպումների շարքից, որ վերջին շրջանում Նախագահն ունենում է ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, եւ ըստ էության տեղավորվում էր չսկսված ընտրապայքարի շրջանակում: Ելույթը կարելի է համարել ծրագրային եւ այս առումով պատահական չպետք է համարել ներկաների ներկայացուցչական կազմը:
Բնականաբար Պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի առանցքում լինելու էր բանակը եւ բանակի հետ առնչվող խնդիրներն ու ոլորտները: Իրապես էլ Պաշտպանության նախարարի, հաշվետվության բնույթ կրող ելույթի կողքին, Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է մեր երկրում բանակի դերին, այսօրվա վիճակին, ներքին խնդիրներին ու անելիքներին: Ընդլայնելով առնչվող հարցերի շրջանակը նախագահ Սարգսյանը կատարել է մի շարք հաստատումներ, որոնց կցանկանայինք անդրադառնալ դրանց կարեւորությունը նկատի ունենալով:
Հանրապետության նախագահը մասնավորապես ասում է հետեւյալ միտքը. «Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած՝ պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր զինված ուժերի շուրջ»: Իհարկե չմոռանալով ավելացնել. «Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական սկզբունքը…»:
Զինված ուժերի շուրջ պետական կառավարման համակարգի համախմբման գաղափարը բացահայտում է այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ: Ընդունելով տարբեր պաշտոնյաների կողմից բազմիցս արտահայտված այն տեսակետը, թե պատերազմի հավանականությունը մեծ չէ, այնուամենայնիվ երկու երկրների միջեւ առկա լարվածությունը ակնհայտ է եւ չպետք է բացառել, որ Ադրբեջանի նախագահի արկածախնդրական ու սադրիչ գործելակերպը որեւէ պահի կարող է նաեւ հանգեցնել անկանխատեսելի զարգացումների: Պատահական չպետք է համարել նաեւ, որ վերջին շրջանում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ու ռազմական փորձագետները զգալիորեն կոշտացրել են իրենց տոնը: Բացահայտ հայտարարություններ են արվում այն մասին, որ հարեւան պետության ռազմական ոտնձգությունների պարագայում հայկական զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հակահարված տալ, անգամ ոչնչացնել Բաքվի նավթագազային ենթակառուցվածքները: Ի դեպ ավելացնենք, որ նման հայտարարությունները հարուցել են նաեւ Ադրբեջանի հետ համապատասխան տնտեսական կապեր ունեցող եւրոպացիների մտահոգությունը:
Հետեւաբար եւ ուշադրության արժանի է հրապարակային ելույթում Հայաստանի նախագահի արտահայտած միտքը. «Պետական կառավարման ողջ համակարգը զինված ուժերի շուրջ համախմբելու անհրաժեշտության մասին»:
Ասված մտքի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել մեջբերվող հաջորդ պարբերությունը. «Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն` մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլեւս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է: Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական»:
Արցախին սպառնացող վտանգի պարագայում «Արժանապատիվ պատասխան տալու» պատրաստակամության մասին հայտարարությունները հարկ է, որ ժամանակ առ ժամանակ հնչեն թե՛ մեր, թե՛ ադրբեջանցիների, եւ թե՛ միջազգային շահագրգիռ ուժերի համար, որովհետեւ, հայտնի է` հայկական կողմի, այսպես ասած խոհեմ պատասխանները, միանգամայն այլ հետեւությունների տեղիք են տալիս:
Նույնն է պարագան նաեւ այն դեպքում, երբ Հայաստանի նախագահի մակարդակով հստակորեն նշվում է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է:
Նախագահը նույն հստակությամբ խոսում է մի բանից, որի մասին ավելի շատ արտահայտվել են ընդդիմադիր ուժերը ու նաեւ Արցախի իշխանությունները, իսկ Հայաստանի պետական պաշտոնյաները գերադասել են չլսելու տալ: Այնինչ հայ-ադրբեջանական բանակցություններին, որպես կողմ, ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների վերադարձի մասին անհրաժեշտ է ոչ միայն խոսել, այլեւ այդ պահաջը սկզբունքային ձեւով ներկայացնել բանակցությունների ժամանակ, եւ որպես պայման առաջադրել համանախագահողներին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին Նախագահը նշում է. «Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը սոսկ արդարության եւ արդարադատության պահանջ չէ կամ նախնիների առջեւ ունեցած բարոյական պարտքի կատարում, այն ունի նաեւ անվտանգության նշանակություն: Կարծում եմ` առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի եւ ցեղասպանության հետեւանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված»: Անվիճարկելի համարելով Սերժ Սարգսյանի շեշտադրումներն այն մասին, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը մեզ համար ունի անվտանգության նշանակություն եւ որ «Առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի եւ ցեղասպանության հետեւանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը մնալու է վտանգված», ասվածի տրամաբանական հետեւությունը պետք է լիներ հրաժարումը Հայ-թուրքական այնպիսի արձանագրություններից, որոնցում սեւով սպիտակի վրա արձանագրված է ցեղասպանության վիճարկելիության եւ այն պատմական տեսանկյունից քննության առարկա դարձնելու խնդիրը:
Քիչ առաջ անցնելով նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին օրը, հունվարի 21-ին, պատասխանելով Երեւանի Ավան համայնքի ընտրողի հարցին Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց. «Եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը և հետ կանչել արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից»:
Ինչպես տեսնում ենք այնուամենայնիվ Հայաստանի նախագահը արձանագրությունների վերաբերյալ իր կատարելիք քայլը շարունակում է պայմանավորել թուրքական կողմի քայլով եւ համարժեք վճռականություն չի դրսեւորում տվյալ հարցում:
Ու սա այն պարագայում, երբ հակառակ կողմը հետեւողականորեն ու կոշտ կերպով առիթ անառիթ հնչեցնում է իր տեսակետը, թե՛ ցեղասպանության, թե՛ ԼՂՀ-ի եւ թե այլ հարցերում:
Պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթից մեջ բերված վերջին մտքից անմիջապես հետո նախագահը ավելացնում է, «Ես մշտապես շեշտել եմ, որ Հայաստանը մի երկիր է սփյուռքով եւ բոլորովին այլ` առանց սփյուռքի: Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը չունեն եւ չեն կարող ունենալ առանձին շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, անկախ նրանից, թե հայն աշխարհի որ անկյունում է ապրում: Հետեւաբար մեր գործողությունները նույնպես պետք է լինեն համաձայնեցված եւ փոխլրացնող: Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ սփյուռքի հզորացման գրավականը մեր հավաքական ուժի մեջ է, որը կոփված է հայի դարավոր պատմական փորձով: Հենց դրա գիտակցումով էր, որ բանակցային ողջ ընթացքում Թուրքիան փորձում էր կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու հայաստանցիները մի բան են ուզում, իսկ աշխարհասփյուռ հայությունը` այլ բան: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը իր երկրի թշնամի է համարում աշխարհասփյուռ հայությանը»:
Նման շեշտադրումը ոչ միայն ճիշտ է, այլեւ ժամանակին արված: Նշաններն ակնհայտ են, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին Թուրքիան փորձելու է ճեղքեր ստեղծել սփյուռքում եւ տպավորություն տարածել, թե ցեղասպանության խնդիրը սփյուռքի որոշակի շրջանակներ են միայն արծարծում, իսկ հայաստանցիներն առհասարակ նման խնդիր չունեն:
Սիրիահայությանը պատուհասած աղետի պահին Հայաստանի իշխանությունները դրսեւորեցին գործնական վերաբերմունք եւ այս դեպքում, մեկնաբանություններից ձեռնպահ մնալով, պարզապես մեջ բերենք առհասարակ սփյուռքի նկատմամբ, այսօրվա իշխանության մոտեցումը ներկայացնող փոքրիկ հատված. «Այս գործակցությունը մենք դրել ենք փոխադարձության սկզբունքի վրա, եւ հայտարարել ենք, որ Հայաստանը, որպես համայն հայության հայրենիք եւ պետություն, գործ ունի անելու սփյուռքի խնդիրների լուծման ուղղությամբ: Սիրիայում իրավիճակի լարումը դարձավ այս հարցում մեր վճռականության առաջին խոշոր փորձաքարը»:
Նախագահ Սարգսյանն իր այս ելույթում անդրադառնում է նաեւ Հայաստանի քաղաքական արեւելումների հարցին: Սա եւս, որպես օրախնդիր հարց, կրկին շրջանառության մեջ դրվեց, պայմանավորված հատկապես Եւրասիական հնարավոր նոր միության կամ դաշինքի գաղափարով: Համեմատաբար ծավալուն մեջբերումից առաջ անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Հայաստանը վերջին, ավելի քան տաս տարիներին, իրականացնում է ներքոնշյալ քաղաքականությունը եւ չնայած խնդիրների բարդությանը, օտարներն անգամ ընդունում են, որ Հայաստանը կարողացել է իր ցանկությունները վերածել գործնական հարաբերությունների:
«21-րդ դարի միջազգային համակարգի կարեւոր օրինաչափություններից են համաշխարհայնացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան: Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ինտեգրացիոն տարբեր ձեւաչափերի ակտիվ մասնակից` դրանում առաջին հերթին առաջնորդվելով երկրի տնտեսական եւ ռազմաքաղաքական շահերով: Այդ իսկ պատճառով մենք որդեգրել ենք համագործակցային եւ հավասարակշռված քաղաքականություն` գործընկերային հարաբերություններ զարգացնելով Հայաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված բոլոր պետությունների հետ:
«Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցք շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Այս համատեքստում մենք չափազանց կարեւոր դեր ենք հատկացնում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մեր անդամակցությանը: Ունենալով ծանրակշիռ ներդրում այդ կառույցի կայացման գործում եւ վստահելով մեր ազգային անվտանգության ապահովման որոշակի չափաբաժին այդ համակարգին` մենք այն համարում ենք մեր պետության անվտանգության իրական երաշխիք»:
«Միեւնույն ժամանակ մենք սերտ եւ թափանցիկ համագործակցություն ենք ծավալում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` ձգտելով կիրառել վերջինիս լավագույն փորձը մեր զինված ուժերի զարգացման գործում: Հայ խաղաղապահները շարունակում են իրենց արժանապատիվ մասնակցությունը բերել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում»:
Վերջում ավելացնենք, որ այս դեպքում եւս, ինչպես բազմաթիվ նախորդ դեպքերում, երեւի յուրաքանչյուր հայ կհամաձայներ մեր երկրի նախագահի մտքերի հետ: Մեկ բան է, սակայն ելույթը եւ բարի մտադրությունները ու բոլորովին այլ բան թե որքանով է հնարավոր լինում ցանկությունները իրականության վերածել:
Չարաշահելով, թերեւս մեջբերումներ կատարելու հնարավորությունը այնուամենայնիվ վերջին անգամ անդրադառնանք նույն ելույթին, որտեղ ներկայացված է նաեւ մեր ակնարկված մտահոգության պատասխանը.
«Յուրաքանչյուր հասարակություն ունի իր ուժեղ եւ խոցելի կողմերը: Մեր հասարակությունը նույնպես ունի թույլ կողմեր, քանի դեռ չունենք իրավական պետություն եւ ժողովրդավարության այն բարձր մակարդակը, որին ձգտում ենք: Այդ խոցերը, ինչպես հայելու մեջ, արտացոլվում են բոլոր բնագավառներում` մի տեղ ավել, մի տեղ պակաս չափով»:
Ասվածին ավելացնենք միայն, որ ամենաանկեղծ ցանկությունների դեպքում իսկ, ձեռք բերածը կարելի է պահպանել եւ առաջընթաց արձանագրել նախագահի նշած խոցերը հաղթահարելու դեպքում: Իսկ այդ հարցում գլխավոր պատասխանատուն ոչ այլ ոք է, քան հենց նույն նախագահը:
ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ