Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ չորրորդ համարը

Լույս է տեսել «Դրօշակի» ապրիլյան համարը: Ինչպես և ենթադրելի էր հայության համար առանձնահատուկ խորհուրդ ունեցող ամսին հրապարակված «Դրօշակի» համարը նվիրված է ցեղասպանության՝ հայության մաքառումի ու պայքարի թեմաներին: Թուրքիայի նկատմամբ և Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների որդեգրած «նոր» քաղաքականությունը իր շեշտադրումներն է պարտադրել ազգային կարևորագույն այս հարցերում՝ ցավոք, ներքին լսարան տեղափոխելով այն բանավեճը, որը տարիներ շարունակ տարվել է արտաքին ճակատում, թուրքական ժխտողականության դեմ: Տվյալ խնդիրներին է անդրադառնում «Դրօշակի» այս համարն՝ իր Առաջնորդողով:

Պատմաբան Արմեն Կարապետյանը քննում է Հայոց ցեղասպանության հարցը, որպես պատմական և իրավական առումով փաստարկված և միջազգայնորեն ընդունված իրողություն: Միաժամանակ հեղինակը ներկայացնում է Արևմուտքի անուղղակի մեղսակցությունն այս հարցում, ինչը բխում էր քաղաքական պահով թելադրված վերջինիս երեսպաշտ գործունեությունից:

Պատմաբան Անի Մելքոնյանը անդրադառնում է միջազգայնորեն ցեղասպանության հանցագործության իրավական ճանաչմանը, այս հարցում միջազգային իրավունքի մասնագետ Լեմկինի գործադրած ջանքերին, որոնց հիմքում ընկած էր հատկապես Հայոց ցեղասպանության նախադեպը:
«Դրօշակի» սույն համարում տեղ է գտել նաև Հայկազուն Ալվրցյանի հոդվածաշարի եզրափակիչ մասը՝ նվիված Ցեղասպանության շրջանում համշենահայության մղած հերոսական պայքարին: Սույն հոդվածաշարում տեղ են գտել բազմաթիվ փաստեր, որոնք անցած դարասկզբի հայության հերոսամարտերի այս դրվագի լայն լուսաբանության հնարավորություն են ստեղծում:

Պատմաբան և հրապարակախոս Դերենիկ Մելիքյանի հոդվածը պատմում է Պարսկաստանի տարածքում հայ և ասորի ժողովուրդների դեմ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանական սկզբնական գործողությունների մասին:

Արվեստաբան Մովսես Ծիրանին հայոց գողգոթայի ողբերգական էջերին անդրադառնում է առաջին անգամ ընթերցողի ուշադրությանը ներկայացնելով Արշիլ Գորկու քրոջ՝ Սեդայի հետ տարիներ առաջ իր արած հարցազրույցը: Ինչպես միշտ այս համարում ևս ներառված են թեմային առնչվող հետաքրքրական մի շարք այլ հոդվածներ:

Ներբեռնել համարը

Տպել Տպել