Այսօրվանից ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» 2025 թվականի 3-րդ համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի նոր համարի գերիշխող թեման Հայաստանի քաղաքական-հասարակական մթնոլորտն է՝ հայության բոլոր շերտերին հուզող առաջնային հիմնահարցերը։ Այս շունչն է կրում համարի առաջնորդող հոդվածը, որն անդրադարձ է Հայաստանի իշխանության արտաքին ու ներքին ձախողումներին, որոնք այսօր ոչ միայն երկիրն են կանգնեցրել փակուղու առաջ, այլև հենց այդ փակուղու ճարտարապետներին։ Ակնհայտ է, որ այս կացության խորացումը ճակատագրականի կորուստների կառաջնորդի երկիրը և, ըստ ներկայացվող եզրահանգման հրամայական պահանջ է երկրում ազգային համախմբվածության կայացումն ու միասնական պայքարը պետությանը կործանարար գահավիժումը կասեցնելու համար։
Հրապարակագիր Մանվել Մկրտչյանը փորձում է գտնել այն դրդապատճառները, որոնք թույլ չեն տալիս ժողովրդի կենտրոնացումը և հավաքական պայքարը իր իրավունքների ու արժանապատվության վերականգնման համար։ Պատմաբան Անի Մելքոնյանը հիշելով մարտ ամսվա հետ շաղկապվող հայ ժողովրդի պատմական ողբերգության մասին փորձում է զուգահեռներ տանել տխրահռչակ հայ հեղկոմի կառավարման շրջանում խորհրդաթուրքական հակահայ գործարքի և այսօրվա ՔՊ-ական իշխանության անընդունելի զիջումների միջև՝ թուրքադրբեջանական տանդեմին։
«Դրօշակը» հրապարակել է մոսկվաբնակ վերլուծաբան Սարգիս Սարգսյանի «44-օրյա պատերազմի արյունոտ դասերը» ուշագրավ հոդվածաշարի 4-րդ մասը, որում ռուս քաղաքականագետներն ու վերլուծաբաններ ներկայացնում են իրենց եզրակացությունները 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ։ Մասնավորապես հետաքրքրական են նրանց անաչառ գնահատականները տվյալ իրադարձությունների հարցում պաշտոնական Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումների վերաբերյալ։ Կարծում ենք այս մեկնաբանությունները կարող են օգտակար լինել ավելի լավ հասկանալու համար հայ հանրության կողմից ամենատարբեր գնահատումների արժանացած այդ քաղաքականությունը, ինչպես և Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումների դրդապատճառները։
Ուշագրավ է նաև ծանոթանալը անցյալ դարի 18-20 ականներին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև տեղի ունեցած ռազմաքաղաքական գործակցությանը և երեքի այս գործակցության անդրադարձին ընդդեմ Հայաստանի հետ հարաբերությունների։ Մեր օրերի համար ուսանելի դասեր պարունակող այս մանրամասն լուսաբանությունը «Դրօշակի» ընթերցողին է ներկայացրել պատմաբան Վանիկ Վիրաբյանը։
Վերջին տարիներին խոսակցություններ են շրջանառվում Հայաստանի ատոմային էլեկտրոկայանի փակման և այն ամերկյան մոդուլային փոքր ատոմային ռեակտորով փոխարինելու մասին։ Ի՞նչ են ներկայացնում իրենցից այս ռեակտորները և իրենց բնութագրիչներով որպիսին են դրանք մեզ ծանոթ ատոմակայանների համեմատությամբ։ Այս մասին իր հետաքրքրական ուսումնասիրությունն է «Դրօշակին» տրամադրել Ամերկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը։
«Դրօշակի» մարտյան համարում ընթերցողը կարող է գտնել հետաքրքրական այլ նյութեր ևս:
Ներբեռնել համարը