Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ 12-րդ համարը

2025 թ․ շեմին ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2024 թ․ ամփոփիչ համարը։ Համարի քաղաքական բնույթի հոդվածները ամփոփում են հայության համար լարված ու տագնապալի 2024 թվականը, ներկայացվում են տարվա ընթացքում տեղի ունեցած առավել նշանակալից իրադարձությունները, հայության ազգային իրավունքների պաշտպանությունից իշխանությունների լիարժեք նահանջի պայմաններում։

Հրապարակագիր Մանվել Մկրտչյանի հոդվածում ուշադրություն է հրավիրվում մեր հասարակական կյանքում իշխող այն մտայնությունների վրա որոնց հետ էլ ուղղակի ու անուղղակի կապի մեջ է ներքաղաքական իրականությունը։ Տարեվերջյան այս համարում բնապահպանության ոլորտի մասնագետ-լրագրող Արմեն Վարդանյանը լրագրական հոդվածի սահմաններում ներկայացնում է Հայաստանի բնապահպանական տագնապալի վիճակը, որի վրա, անտարբերությունից ու անձեռնհասությունից ավելի կործանարար ազդեցություն է գործում ոլորտում արմատացած համատարած կոռուպցիայի երևույթը։

«Պատմության լուսարձակ» խորագրի ներքո շարունակում են իրենց ուշագրավ հոդվածաշարերը բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը և պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը։ Հեղինակներից առաջինի ուշագրավ հոդվածի երկրորդ մասը շարունակությունն է քիչ ուսումնասիրված և հանրությանը քիչ ներկայացված համշենահայության հերոսական ինքնապաշտպանության դրվագներին հայոց ցեղասպանության տարիներին։ Ընթերցողին նախապես տեղեկացնենք, որ հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերին հետևելու է նույնքան ուշագրավ շարունակությունը։

«Դրօշակի» սույն թվականի 10-րդ համարում ներկայացվել է պատմաբան Խաչատուր Ստեփանյանի հոդածը անցած դարավերջից մինչև 1924 թվականը Բուլղարիայում Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեության վերաբերյալ։ «Դրօշակի» այս համարում հեղինակը ներկայացնում է նույն բարդ ու հագեցած ժամանակշրջանում Դաշնակցության իրականացրած գործունեությունը Հունաստանում։

2024 թվականը հարուստ էր մեր ազգի մեծերի հոբելյաններով։ Դրանց շարքում էր նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա տարեդարձը։

«Դրօշակը» փորձել է տարվա ամփոփիչ այս համարում ամսագրի հնարավորությունների սահմաններում պատշաճ կերպով արժևորելու այս հիշարժան հոբելյանը։

Նշանավոր կինոռեժիսորի մասին ներկայացվող վերլուծական և այլ բնույթի նյութերը ուշագրավ են մասնավորապես բազմաթիվ փաստերով ու մանրամասներով, որոնց հետ ծանոթությունը հետաքրքրական կլինի ոչ միայն կինոարվեստի երկրպագուների, այլև ազգային մշակույթի նկատմամբ նախանձախնդիր մարդկանց համար։

«Դրօշակի» դեկտեմբերյան համարը ընթեցողին առաջարկում է այլ հետաքրքրական նյութեր ևս:

Ներբեռնել համարը

Տպել Տպել