Սեպտեմբերը մեր նորօրյա պատմության մեջ նշանավորվել է Հայաստանի և Արցախի պետականությունների հռչակման կարևորագույն իրադարձություններով: Դժբախտաբար Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք մենք զրկվեցինք Արցախյան հաղթանակի հպարտառիթ տոնը նշելու հնարավորությունից: Այնուամենայնիվ ազգային մտածողության տեր ուժերի, հասարակական խավերի ու անհատների համար պատմական օրվա նշումը ունի ավելի քան խորհրդանշական արժեք: Այն նաև յուրահատուկ ուղերձ է աշխարհին, որ ի տարբերություն դրածո իշխանությունների հայության համար այս խնդիրը փակված չէ. և մեր արդար իրավունքների համար պայքարը չի ընդհատվելու:
«Դրօշակ» պաշտոնաթերթի սեպտեմբերյան համարը նույնպես հիմնականում նվիրված է Արցախին արցախահայությանը, վերջիններիս շուրջ կատարված և տեղի ունեցող գործընթացներին: Քաղաքագիտության և ազգային անվտանգության հարցերի մասնագետ Արփի Աբրահամյանը հիմնվելով Արցախի անկախ պետականության կերտման իրավաքաղաքական հիմքի վրա, փաստում է, որ այդ հիմքը անխոցելի է և միջազգային իրավունքի տեսանկյունից արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը արդարացված է: Արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանի հոդվածը վերաբերում է այն դժվարություններին, որոնց բախվում են Հայաստան տեղափոխված արցախահայերը՝ հիմնականում որպես հետևանք Հայաստանի իշխանությունների հակաարցախ քաղաքականության:
«Դրօշակի» սույն թվականի հուլիսի համարում հոդվածների հրապարակմամբ թերթն անդրադարձել էր ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ իրականացված «Հայ Ուսանողությունը Արցախի համար» հետազոտությունների մրցույթին: Սեպտեմբերյան համարում «Դրօշակը» շարունակում և եզրակափակում է մրցույթում հաղթած հոդվածների հրապարակումը համառոտ ներկայացնելով հաղթող երիտասարդներին: Խմբագրությունը սրանով իր աջակցությունն է հայտնում այս կարևոր ձեռնարկմանը հուսալով, որ հետագա մրցույթներին նույնպես Արցախի ու Հայաստանի երիտասարդ քաղաքագետները, վերլուծաբանները, ընկերաբանները և այլ մասնագետներ նույնքան պատասխանատվությամբ և բծախնդրությամբ կներգրավվեն՝ այն համոզմամբ, որ իրենց ուսումնասիրությունները հետաքրքրություն կնարկայացնեն ոչ միայն հիմնահարցերով հետաքրքրվողների, այլև համապատասխան մասնագիտական շրջանակների համար: Որպեսզի նախաբան ծառայող այս խոսքից ընթերցողը պատկերացում կազմի, թե խոսքը ինչ ուսումնասիրությունների մասին է տեղեկացնենք, որ Տաթևիկ Դավթյանը, Վահագն Խաչատրյանը և Ժաննա Վարդանյանը ներկայացրել են համապատասխանաբար հետևյալ նյութերի ամփոփագրերը «Արցախից բռնի տեղահանութեան ազդեցութիւնը Արցախի երեխաների իրաւունքների վրայ», «Ազրպէյճանի կողմից իրականացուող մշակութային ցեղասպանութիւնը Արցախում» և «Զէնք՝ նաւթի դիմա՞ց, թէ՞ աւելին. Ազրպէյճան-Իսրայէլ կապերի ներկան ու ապագան»:
Արցախի թեմայի ուղղակի շարունակությունը կարելի է համարել մոսկովյան վերլուծաբան Սարգիս Սարգսյանի ծավալուն հոդվածը հետևյալ խորագրով «44-օրյա պատերազմի արյունոտ դասերը»: Տեղական ու միջազգային հեղինակավոր աղբյուրների հիման վրա կազմված հետազոտությունը, որը վերաբերում է անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած զինատեսակներին, դրանց ձեռքբերման երկրներին, քանակին, ինչպես և երկու երկրների և Արցախի ունեցած մարդկային և զինական կորուստներին 44-օրյա պատերազմի ժամանակ: Ավելացնենք, որ հրապարակվող նյութը ընդհանուր և բազմակողմանի ուսումնասիրության առաջին մասն է, իսկ մյուսները կներկայացվեն հաջորդաբար:
Ավարտենք ներկայացնել «Դրօշակ»ի նոր համարը վստահեցնելով ընթերցողին, որ սրանց կողքի համարում ներառված են նաև հասարակական, բնապահպանական ու այլ բնույթի հետաքրքրական ուրիշ նյութեր ևս:
Ներբեռնել համարը