Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ ութերորդ համարը


«Դրօշակի» 2024 թ. օգոստոսի համարը այսօրվանից համացանցի վրա է: Այս թվով ևս «Դրօշակը» շարունակում է ուշադրության առանցքում պահել Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները, ինչպես և Արցախի խնդիրը: Տվյալ թեմային են նվիրված համարի Առաջնորդողը, ինչպես և ռուսաստանցի և պարսիկ վերլուծաբանների հոդվածները, որոնք տարբեր տեսանկյուններից անդրադարձ են Հայաստանի իշխանությունների վարած ձախավեր քաղաքականությանը, այդ քաղաքականության նկատմամբ եղած արտաքին ազդեցությանը: Վերլուծությունների կենտրոնում են նաև աշխարհաքաղաքական խորապատկերի վրա արտաքին շահագրգիռ ուժերի որդեգրած դիրքորոշումները Հայաստանի և Արցախի ճակատագրի նկատմամբ:

Աշնան սկզբից սպասվում է «Սրբազան պայքարի» նոր վերելքը: Այս առիթով «Դրօշակը» ներկայացնում է ուշագրավ հարցազրույց շարժման ղեկավարներից Գառնիկ Դանիելյանի հետ: Ներկայացված շարքը լրացնում է պատմաբան Անի Մելքոնյանի հոդվածը, որը նվիրված է Հայ եկեղեցու պատմական առաքելությանը ազգային ինքնության պահպանման գործում:

«Դրօշակը» ներկայացնում է նաև տարածաշրջանի երկրների, ինչպես և աշխարհաքաղաքական առկա կացության և զարգացումների վերաբերյալ հետաքրքրական վերլուծություններ: Շարունակվում է պատմաբան Վահե Սարգսյանի հոդվածաշարը վերջին տարիների Ռուս-վրացական հարաբերությունների մասին, որոնք հոդվածաշարի հեղինակը քննում է երկու երկրների միջև այցագրային և հաղորդակցության ոլորտներում տեղի ունեցող գործընթացների տեսանկյունից:

Արևելագետներ Լիանա Պետրոսյանն ու Նարե Գևորգյանը ներկայացնում են տարածաշրջանի երկրների հետ կապված մեզ համար հետաքրքրություն ներկայացնող գործընթացներ: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը հուշում են հոդվածների խորագրերը: Լիանա Պետրոսյանի հոդվածը վերնագրված է«Իրանա-իսրայելական հակամարտությունն ու Ադրբեջանի դիրքորոշումը», իսկ Նարե Գևորգյանի ուսումնասիրության նյութն է. «Իրան-Իսրայել առճակատումը և տարածաշրջանային նոր մարտահրավերները»:

Պատմաբան, և բնագետ Կարեն Խանլարյանի հետաքրքրության առանցքում գաղափարական խնդիրներն են: «Դրօշակին» ներկայացրած նրա հոդվածը վերնագրված է «Գարեգին Խաժակը՝ Կարլ Մարքսի ռասիստական հայացքների քննադատ»: Արժանին մատուցելով Ազգային գործիչ, Դաշնակցության նշանավոր տեսաբան և ապրիլքսանչորսյան եղեռնագործության նահատակ Գարեգին Խաժակի հիշատակին, վերջինիս աշխատասիրության միջոցով Կարեն Խանլարյանը բացահայտում է, ինչպես մարքսիստական վարդապետության հաղթարշավի օրերին, ավելի քան մեկ դար առաջ, Գարեգին Խաժակը մերկացնում է գերմանացի հրեա տեսաբանի գաղափարախոսության հակամարդկային ու ռասիստական էությունը: Մի բան, ինչը հետագայում խնամքով պետք է թաքցվեր հատկապես Մարքսիզմը որդեգրած Խարհրդային միությունում և համայնավարությամբ վարակված մյուս երկրներում:

Ներբեռնել համարը

Տպել Տպել