«Դրօշակ»ի 2024 թ. հուլիսի համարն ընթերցողն այսօրվանից կարող է գտնել համացանցում: Պաշտոնաթերթի հերթական համարի առանցքում դարձյալ հայության և Հայաստանի տագնապալի ներկան է և մտահոգիչ հեռանկարը: «Հայ դատ» խորագրի ներքո այս թեմային անդրադարձ է քաղաքագետ Մարի Հովհաննիսյանի «Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձի և թուրք ժխտողների հռետորաբանության նմանությունները» հոդվածը: Հոդվածի խորագիրը հուշում է, թե ինչի մասին է այն, իսկ մեր կողմից ավելացնենք միայն, որ հեղինակն ասելիքը հիմնավորում է կոնկրետ օրինակներով և փաստարկներով:
«Դրօշակն» այս անգամ ներկայացնում է նաև ազգային անվտանգության խնդիրների մասնագետ Արփի Աբրահամյանի իրավաքաղաքական բնույթի երկու հոդվածները: Հոդվածներից առաջինում հեղինակը գրում է այն մասին, թե ազգային անվտանգության առումով, ինչպես և հայոց պետականության դեմ ուղղված ինչպիսի վտանգներ է պարունակում իշխանության նախաձեռնած նոր սահմանադրության ընդունման գաղափարը: Ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պարտադրված այս պահանջն ուղղված է հայոց ինքնիշխանության, ազգային ինքնության և ռազմավարական հիմնասյուների դեմ:
Հեղինակի հաջորդ հոդվածը նվիրված է վերջին շրջանում իշխանության կողմից շրջանառության դրված Եվրամիությանը անդամակցելու հարցին: Փորձելով սին խանդավառության քողածածկույթ ստեղծել այս անորոշ ծրագրի շուրջ՝ իշխանությունը փորձում է դրա ետևում իրականացնել թշնամուն հերթական տարածքային զիջումների դավադրությունը:
«Դրօշակ»ի այս համարում պատմաբան և քաղաքագետ Վահե Սարգսյանը սկսել է հետաքրքիր հոդվածաշարի հրապարակումը հետևյալ խորագրի ներքո. «Ռուս-վրացական հարաբերություններն այցագրային եւ հաղորդակցության ոլորտներում»:
Կոնկրետ խնդիրների տեսանկյունից Վ. Սարգսյանը հոդվածաշարում անդրադառնում է ռուս-վրացական հարաբերությունների վերջին տասնամյակների հոլովույթին, ներկայացնելով տվյալ գործընթացի հետ առնչվող բազմաթիվ հետաքրքրական տեղեկություններ:
Տարածաշրջանի խորապատկերին Թեհրանի «Ալիք» պաշտոնաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը վերլուծում է, արտահերթ նախագահական ընտրություններից հետո ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Իսլամական դրացի հանրապետության արտաքին ռազմավարական դիրքորոշումներում, մասնավորապես Հայաստան-Իրան փոխհարաբերությունների ոլորտում:
«Դրօշակ»ի սույն համարում տեղ են գտել նաև սոցիալ-տնտեսական, բնապահպանական և այլ բնույթի հետաքրքրական նյութեր: