Հունիսի 25-ից համացանցային էջին է «Դրօշակի» 2024 թվականի 6-րդ համարը: Բնականաբար համարի ասելիքի առանցքում հայ ժողովրդի համար ճակատագրական իրադարձություններն են ̀ իշխանությունների վարած կործանարար քաղաքականությունը, Հայաստանում ընթացք առած Սրբազան պայքարը, նրա գրանցած արդյունքներն ու շարժման ապագայի խնդիրները: Այս թեմային է նվիրված համարի Առաջնորդողը, իսկ Անի Մելքոնյանը անդրադառնում է դավաճան իշխանությունների օրոք Հայաստանում սկիզբ առած ազատագրական պայքարի անցած ճանապարհին, այդ ճանապարհի տարբեր հանգրվաններին:
Քաղաքագետներ Վարդան Հակոբյանի և Սարգիս Սարգսյանի հոդվածները ընդգրկուն վերլուծություններ են ներկայումս աշխարհում տեղի ունեցող գլոբալիստական և հակագլոբալիստական հոսանքների մեծ բախման մասին և այդ բախման կենտրոնում, երկրի բախտախնդիր իշխանությունների մեղքով հայտնված, Հայաստանի վտանգված ճակատագրին:
Իրանագետ Լիանա Պետրոսյանը ներկայացնում է ներկա օրերում Ադրբեջանում տեղի ունեցող շիայական մեծամասնության նկատմամբ իրականացվող լայնածավալ հալածանքների ու ճնշումների պատկերը: Իրանագետ Նարե Գևորգյանն էլ հարևան Իրանում հունիսի 28-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախօրեին ներկայացնում է այս գործընթացը և այն վեց թեկնածուներին, որոնցից մեկն արդեն մյուս շաբաթ կղեկավարի մեզ դրացի ու բարեկամ երկիրը:
125 տարի առաջ հունիսի մեկին (նոր տոմարով 13-ին) է ծնվել հայ արձակի անկրկնելի վարպետ Ակսել Բակունցը: Եղերաբախտ գրողի ապրած կյանքի ու ստեղծագործական ճանապարհի սեղմ, միաժամանակ մանրակրկիտ տարեգրությունն է ներկայացնում գրականագետ Դավիթ Գասպարյանը: Սա հեղինակի և «Դրօշակի» հարգանքի համեստ տուրքն է հայ արձակը գեղարվեստական նոր բարձունքներ դուրս բերած մեծ հայորդու հիշատակին:
Անցած տարին հոբելյանական էր «Սփյուռքի» ամենանշանավոր գրական պարբերականներից մեկի «Բագին» ամսագրի համար: Թե ինչ դիտանկյունից է Բագինի վաստակը արժևորում մշակութաբան Մովսես Ծիրանին հուշում է հոդվածի համար ընտրված վերնագիրը. «Բագինի» 60-ամեակի առիթով. «Բագինը» եւ Խորհրդային Հայաստանի մտաւորականութիւնը»: Որպես այդ ժամանակի և շոշափվող իրադարձությունների գործուն դերակատար հեղինակը մանրամասնում է հատկապես «Բագինի» և հայաստանյան մտավորականության կապը խորհրդային երկաթյա վարագույրների պայմաններում:
ՀՅԴ պաշտոնաթերթում այս անգամ զգալի տեղ գրաված մշակութային հատվածի ուշագրավ նյութերի շարքից է նաև գրող, հրապարակախոս և ճարտարապետ Վրեժ-Արմենի կողմից Աշոտ Գրիգորյանի «ՀԱՅ ՔՐԻՍ-
ՏՈՆԷԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՆԽԱՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ» հետաքրքրական գրքի ներկայացումը հայ ընթերցողին, ոլորտով հետաքրքրվող լայն շրջանակներին: Այս դեպքում գրքի վերնագիրը հուշում է, թե ինչի մասին է մասնագիտական իմացությամբ և մատչելի ձևով մեզ ներկայացվող հոդվածը: Այնպես, որ դարձյալ զերծ մնալով ավելորդ մանրամասնումներից «Դրօշակի» ընթերցողին հրավիրում ենք հանդիպման պաշտոնաթերթի նոր հրատարակության հետ: