«Դրօշակի» ընթերցողը համացանցի վրա արդեն կարող է ընթերցել պաշտոնաթերթի սույն թվականի 5-րդ համարը: Հետևելով Հայաստանի համար ճակատագրական այս օրերին երկրում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին «Դրօշակի» առաջնորդողը, ինչպես և հաջորդող քաղաքական հոդվածը անդրադարձ են «Սրբազան շարժման» նշանակությանը̀ դեպի անդունդ գլորվող երկրի ներկայի ու ապագայի համար:
Վերջին շրջանում կարելի է հանդիպել վերլուծությունների, ըստ որոնց այսօրվա և հարյուր տարի առաջվա հայոց երկրի մեծ կորուստները պայմանավորված են տվյալ ժամանակահատվածների իշխանությունների հակառուս ու արևմտամետ քաղաքական կուրսով: Պատմաբան Անի Մելքոնյանը փաստերի շարադրմամբ ապացուցում է, որ այս համեմատությունը միանգամայն անհիմն է, որ անցած դարասկզբին Հայաստանը զոհ դարձավ բոլշևիկաքեմալական դավին̀ այն պարագայում, երբ ներկայիս թուրքամետ իշխանությունը արտաքին թելադրանքով հրաժարվում է երկրի անվտանգության կռվաններից և Հայաստանը վերածում է հակառուսական ճակատի:
Հայաստանի ներկա բարոյաքաղաքական մթնոլորտի և համազգային ճիգով առկա իրավիճակը հաղթահարելու անհրաժեշտության մասին է գրում Մարի Ռոզ Աբուսեֆյանը:
«Դրօշակի» այս համարում կրկին անդրադարձ կա սփյուռքի թեմային: Սփյուռքի և Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման մասին իր մտորումներն է ներկայացնում Սարգիս Մահսերեճյանը:
Ծավալուն թղթակցությամբ պաշտոնաթերթի այս համարում Հրազդան Զեյթլյանը ներկայացնում է Հայաստանյան հանրությանը քիչ ծանոթ ուսուցիչ, մտավորական և պատմաբան-հետազոտող Սոնա Զեյթլյանին:
Վրեժ Արմենի հերթական «Ընկերական զրույցը» վերաբերում է մարդուժ պատրաստելու խնդրին: Եթե փորձենք մի պահ անդրադառնալ հայրենիքում և սփյուռքում այսօր ստեղծված իրավիճակին ակնհայտ է դառնում, թե որքան կարևոր ռազմավարական խնդիր է մարդուժի (կարելի է թերևս ասել նաև կադրերի) պատրաստման հարցը, թե մեր պետության և թե սփյուռքի համար: