Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում

hodvadzԻրանի մասին քաղաքական լուրեր, յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ տպագրող կայքերի եւ Իրանում կամ Իրանից դուրս հրատարակուող գրքերի վրայ նոյնիսկ թեթեւակի հայեացքը ցոյց է տալիս, թէ ներկայում ինչքան մեծ տեղ է յատկացւում Իրանի էթնիկ խմբերի խնդիրներին։

Իրական են այդ խնդիրները, թէ ոչ, հարցական է եւ ուսումնասիրութեան արժանի։

Սակայն այդ խնդիրները մէկ կողմից` առիթ են ստեղծել ի յայտ գալու կազմակերպութիւնների, որոնք խնդիրների լուծումը տեսնում են Իրանից անջատուելու եւ անկախանանալու կամ հարեւան պետութիւններին միանալու մէջ, եւ միւս կողմից` բերրի հող պատրաստել Իրանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտութեան համար, որոնք շահագրգռուած են Իրանի մասնատմամբ եւ Իրանից տարածքներ խլելով։

Սարգիս Մկրտչեան

Սարգիս Մկրտչեան

Հարցն աւելի ընկալելի է դառնում, երբ այն դիտարկում ենք վերջին երկու տասնամեակում աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների համապատկերում։

Դրանք են.

  1. Խորհրդային Միութեան փլուզումը,
  2. Հարաւսլաւիայի կազմաքանդումը,
  3. Իրաքում դաշնային համակարգի կիրառումը,
  4. Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ Իրանի փոխյարաբերութիւնները,
  5. Հաղորդակցական միջոցների աննախընթաց զարգացումը,
  6. Իրանում ազգային ինքնութեան թերարժեւորումը վարչակարգի կողմից,
  7. Իրանի վարչակարգի ներքին քաղաքականութիւնը, ընդ որում` հասարակական կեանքում մի շարք սահմանափակումներն ու տնտեսական վիճակը,
  8. «Արաբական գարունը»։

Որոշ հետազոտողներ[1] բերում են նաեւ այլ պատճառներ, ինչպէս.

  1. 1997 թ. տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների հետեւանքով իշխանութեան եկած բարենորոգիչների քաղաքականութիւնը (1997-2005)։
  2. Փոստմոդեռնիզմը։
  3. «Պատմութեան աւարտը» տեսութիւնը եւ այլն։

Այս պայմանները պատեհ առիթ են ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար` բացայայտ թէ թաքուն կերպով Իրանի նկատմամբ հանդէս գալու տարածքային պահանջներով։

Օրինակ` 2012 թ. փետրուարի 9-ին Ադրբեջանի Հանրապետութեան Խորհրդարանի իշխող կուսակցութիւնից մի քանի պատգամաւորներ առաջարկել են, որ իրենց երկրի անունը փոխուի եւ կոչուի Հիւսիսային Ադրբեջան[2]։ Այս կապակցութեամբ Ադրբեջանական «Թրենդ» լրատուական գործակալութիւնը հաղորդում է, որ «Նոր Ազերբայջան» իշխող կուսակցութեան պատգամաւոր Սիաւուշ Նովռուզովն ասել է, որ ինչպէս Հիւսիսային եւ Հարաւային Կորէաները, «այնպէս էլ Ադրբեջանը, նկատի ունենալով, որ մասնատուած պետութիւն է, լաւ կը լինէր, որ անուանակոչուէր Հիւսիսային Ադրբեջան»[3]։

Խորհրդարանի մէկ այլ պատգամաւոր՝ Ֆազայիլ Աղամալին էլ ասել է. «Այն դէպքում, երբ (երկրի անունը փոխելու համար – Ս.Մ.) մի նոր հանրաքուէ անցկացուի, Սահմանադրութեան 11-րդ յօդուածին պետք է աւելանայ այն կէտը, որ Ադրբեջանը բաղկացած է Հիւսիսային, Հարաւային եւ Արևմտեան մասերից»[4]։

Այս մոտեցումներն ըստ էութեան արտայատում են Ադրբեջանի Հանրապետութեան իշխող վերնախաւում առկայ մտայնութիւնը:

Բնականաբար հարց է առաջանում` եթէ կայ Հիւսիսային Ադրբեջան, ապա որտե՞ղ է Հարաւային Ադրբեջանը, և ինչու՞ են նրանք իրարից անջատուել, կամ որտե՞ղ է Արևմտեան Ադրբեջանը, և այս մէկն ինչու՞ է անջատուել միւսներից։ Այսպէս կոչուած «Հարաւային Ադրբեջանի» խնդրին տողերիս հեղինակն անդրադարձել է ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2004 թ. յունուարի համարում[5]։

Հարցը, իհարկէ, նոր չէ։ Սակայն, ինչպէս նշուեց վերևում, վերջին երկու տասնամեակում և, մանաւանդ, վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների հետևանքով այն դարձրել է առաւել հրատապ։

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Իրանի նկատմամբ տարածքային նկրտումները ոչ այլ ինչ են, քան պանթիւրքիզմի վաղեմի գաղափարի արծարծումը։ Ինչպէս Զարեւանդն է գրում իր «Միացեալ, Անկախ Թուրանիա» գրքում, «Թուրքերը ունին յստակօրէն բանաձևուած և ազգովին որդեգրուած քաղաքական իտէալ մը, որուն կը ձգտին գիտակցաբար եւ յամառօրէն»[6], և բերում է պանթիւրքիզմի նախահայրերից Աղայևի տեսակէտը. «Թուրք աշխարհը կը սկսի Պալքանեան լեռնաշղթայէն եւ կը հասնի Մանչուրիա, մէջը առնելով Պալքանները, Փոքր Ասիան, Խրիմը, Կովկասն ու Տաղստանը, Աստրախանը, Վուլկայի ափերը, Սարաթով, Սամարա, Քազան եւ Ուֆա, Օրենպուրկ, Սիպերիա, Բևեռային ծովափները, Մոնկոլիա, չինական և ռուսական Թիւրքեստանները, Պուխարա, Խիւա, Խորասան, Կասպիականի հարաւային եզերքները եւ երկու (ռուսական և պարսկական) ատրպէյճանները»[7]։

Մենք՝ հայերս, որպէս պանթիւրքիզմի ամենամեծ զոհը, պարտաւոր ենք զգօն լինել այդ հարցում, որովհետև «Մեծ Թուրանի» ստեղծումը վերջ է դնելու Հայաստանի և հայութեան գոյութեանը։ Լենդրուշ Խուրշուդեանն այս կապակցութեամբ գրում է. «…Եթէ թուրքիզմի գաղափարախօսութեան կենսագործմամբ ոչնչացուեց արևմտահայութիւնը, ապա պանթուրքիզմի գաղափարախօսութեան իրականացմամբ պէտք է անխուսափելիօրէն ոչնչացուէր նաև արևելահայութիւնը։ Հայկական սեպը, որը խանգարում էր Մեծ Թուրանի գաղափարի իրականացմանը, պէտք է դադարեր գոյութիւն ունենալուց… Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը սպառնում է գլխովին ոչնչացնել հայ ժողովրդին, հայոց նորաստեղծ անկախ պետականութիւնը…»[8]։

Միաժամանակ նշենք, որ Իրանի մաստատման հարցը չի ամփոփւում միայն Իրանի թիւրքախօս բնակչութիւն ունեցող շրջաններով։ Վերոշարադրուած պատճառներով անջատողական շարժումներ են նկատւում նաեւ Իրանի Խուզիստան, Բելուջիստան (պաշտօնապէս Սիստան ու Բելուջիստան) և Քորդեստան նահանգներում։

Այս յօդուածով մենք կը ներկայացնենք այդ պանթիւրքական կազմակերպութիւններից մէկին՝ Հարաւային Ադրբեջանի անկախութիւն կուսակցութեանը` ցոյց տալու համար առկայ միտումները։

Նշենք նաև, որ այսպէս կոչուած «Հարաւային Ադրբեջան» գոյութիւն չունի, և այդ անուանումը հորինած պանթիւրքական հոսանքները, ընդ որում` վերոյիշեալ կազմակերպութիւնը, Հարաւային Ադրբեջան ասելով նկատի ունեն Իրանի Ատրպատականը։

Հարաւային Ադրբեջանի անկախութիւն կուսակցութիւն[9]
Southern Azerbaijan Independency Party (GAIP)

Կուսակցութեան պաշտօնական կայքի հասցէն է www.gaip.org։ Կայքը եռալեզու է՝ թուրքերէն, անգլերէն եւ պարսկերէն։ Առկայ է նաեւ մէկ այլ կայք՝ www.gaip.biz, որը կուսակցութեան լրատուական կայքն է, թէև առաջին կայքը եւս ունի լրատուական բաժին, որը այցելուին ուղղորդում է դէպի երկրորդ կայքը։

Այս, ինչպէս նաեւ պանթիւրքական այլ կազմակերպութիւնների կայքերի կապակցութեամբ նկատելի է մի ընդհանուր գիծ։ Գրեթէ բոլորի կայքերը թէ ձեւաւորման (Design) և թէ նիւթերի ու, մանաւանդ, պարսկերէն լեզուի առումով բաւականին անխնամ են։

Բերենք մէկ օրինակ։

ՀԱԱԿ-ի Կանոնագրի «Ժամանակաւոր իշխանութեան» բաժնի 2-րդ կէտում խօսւում է Ադրբեջանի անկախ Հանրապետութան մասին, մինչդեռ դա պէտք է լինի Հարաւային Ադրբեջանի Անկախ Հանրապետութիւն։ Կայքը լեցուն է նմանատիպ բովանդակային և լեզուական վրիպումներով:

Թարգմանութեան մէջ մենք փորձել ենք հաւատարիմ մնալ բնագրին։

Կայքում տեղադրուած է Կուսակցութեան Կանոնագիրը, որը բաղկացած է հետևեալ բաժիններից.

  • Նախաբան
  • Անկախութեան անհրաժեշտութիւն
  • Սահմանում
  • Նպատակներ
  • Ժամանակաւոր իշխանութիւն
  • Այն ադրբեջանցիների մասին, որոնք ապրում են Ադրբեջանից դուրս
  • Անդամակցութեան պայմաններ
  • Անդամների իրաւունքներ
  • Անդամների պարտականութիւններ
  • Կարգապահութիւն
  • Համագումար

Կանոնագրի ներքեւում ստորագրուած է «Հարաւային Ադրբեջանի Անկախութիւն կուսակցութեան Կենտրոնական խորհուրդ, 05 Դեկտեմբերի, 2004 թ.»։ Որեւէ տեղ նշուած չէ, թէ կուսակցութիւնը երբ է հիմնադրուել։ Նկատի ունենալով Կանոնագրի ներքևի թուականը և կուսակցութեան գերբի վրայ նշուած թուականը` կարելի է գալ այն եզրակացութեան, որ այն հիմնադրուել է 2004 թուականին։

Կուսակցութեան կայքի վերին մասում` գերբի կողքին, առանձին տեղադրուած է գորշ գայլի գլխի նկար:
PanTurk
Կուսակցութիւնն ունի զինանշան և դրօշ: Դրօշը Ադրբեջանի Հանրապետութեանն է, որի աջ կողմում սպիտակ ալիքաձև երիզ է գծուած, որը խորհրդանշում է իրարից անջատուած երկու այսպէս կոյուած Ադրբեջանները։

Կուսակցութեան խօսնակը Սալեհ Իլդիրիմն է:

Կանոնագրի Նախաբանում գրուած է.

– «Երկիրը, որն այժմ Իրան է կոչւում, հին ժամանակներից թուրքերի բնակութեան և քաղաքակրթութեան վայրն է եղել։ Արիախօսների` այս բարձրաւանդակ գալուց առաջ շումերները, էլամցիները, կուտիները, ուրարտացիներն ու այլք են այստեղ բնակուել, որոնք այստեղի իրական տէրերն են։ Թէև Ադրբեջանի թուրքերի մի մասը վերջին հազարամեակում է գաղթել այս վայրեր, սակայն Ադրբեջանի թուրքերի մեծ և հիմնական մասը Շումերի թուրքերի բնական ժառանգներն են, որոնք հազարամեակներ ապրել են այս վայրերում։

– Թէև պարսիկները թուրքերից մի քանի հազար տարի յետոյ են գաղթել այս վայրեր (Էլամի ժամանակաշրջանում), սակայն պարսիկ շովինիստները, պատմութիւնը խեղաթիւրելով և կեղծ յաւակնութիւններով, իրենց հռչակել են այս տարծքների տէրը և այս տարածքների իրական տէրերին կոչում են գաղթական և զաւթիչ:

– Պարսիկ շովինիստներն իրենց յաւակնութիւնիւնների շարունակութեան մէջ երբեմն ասում են, որ Չինգիզ խանն է Ադրբեջանի լեզուն փոխել, և երբեմն էլ քարոզում են, որ Ադրբեջանում Շահ Իսմայիլ Սաֆաւին է թուրքերէնը տարածել, և երբեմն էլ գրում են, որ Օսմանեան կայսրութիւնը Թաւրիզի` երկու շաբաթով գրաւման ժամանակ Ադրբեջանի լեզուն փոխել եւ թուրքերէն է դարձրել։

– Այդ ժամանակաշրջանից (Փահլաւիների ժամանակաշրջան – Ս.Մ.) ոչ պարսիկ ազգերը բացայայտ կերպով արհամարհւում են։ Քանի որ թուրքերը մեծամասնութիւն են կազմում, աւելի շատ են հարձակման ենթարկւում։ Թուրքերէն լեզուն դպրոցներում, հաստատութիւններում, բանակում, դատարաններում և պետական ու պաշտօնական բոլոր ժողովներում արգելուած է, քաղաքների և պատմական վայրերի անունները փոխւում են, թուրքերէն անունները, թուրքերէն գրքերը և այլն արգելուած են, և ձուլման խիստ քաղաքականութիւն է կիրառուել ու կիրառւում։ Ձուլման քաղաքականութիւնը Իրանի հողային ամբողջականութեան անուան տակ ոչ պարսիկ ազգերին սրի, չարչարանքի, թնդանօթի ու տանկի միջոցով գերի է դարձրել։ Այս գերութիւնից ազատուելու միակ ճանապարհը այդ ազգերի ամբողջական անկախութիւնն է։ Այս անհրաժեշտութիւնից ելնելով է, որ Հարաւային Ադրբեջանի անկախութիւն կուսակցութիւնը պայքարում է ամբողջական անկախութեան և Հարաւային Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետութեան հաստատման համար»։

Անկախութեան անհրաժեշտութիւն

– «Պատմութիւնը առաջ է գնում։ Անկախութեան գաղափարը երկար ժամանակներից ի վեր Ադրբեջանի թուրքերի մէջ թէ պետական, թէ կազմակերպական և թէ անհատական ձևերով նշմարւում է։ 200 տարի առաջ Ադրբեջանի անկախ դաշնութիւնը Մուհամմադ Ղոլի Խան է Աֆշարի 17-ամեայ ղեկավարութեան շրջանում առաջին անգամ կարգպահ բանակ ստեղծեց, Ֆաթհալի Շահի կողմից պարտուեց և դարձաւ Ղաջար կայսրութեան ենթական (ընդգծումը Կանոնագրից)։

– Սահմանադրական յեղափոխութեան ժամանակաշրջանում «Թաւրիզի ընկերակցութիւնը», Թեհրանին մի հեռագիր ուղարկելով, շեշտեց, որ եթէ Սահմանադրութեան սկզբունքները չընդունուեն, Ադրբեջանը անջատուելու է։

Ազատիստանի կառավարութեան ժամանակ, որը հիմնադրեց Շէյխ Մուհամմադ Խիաբանին, «Եաշասին Էսթեղլալիմիզ»-ը («Կեցցէ մեր անկախութիւնը») ժողովրդի բոլոր խաւերի կարգախօսն էր։

– Մեր նահատակ առաջնորդ Սէյէդ Ջաֆար Փիշևարին` Ադրբեջանի Ազգային իշխանութեան հիմնադիրը, 1324-1325 թ. (1945-1946) ասում է. «Մենք սկզբում պահանջում էինք նահանգային խորհուրդների ստեղծում, բայց երբ Թեհրանը մերժեց, մի քայլ առաջ գնացինք և կեանքի կոչեցինք Ադրբեջանի ազգային խորհրդարանը»։ Նահատակ Փիշևարին իր «Երկընտրանքի առջև» յօդուածում նաև ասում է. «Եթէ Թեհրանի յետադիմութիւնը չընդունի մեր պահանջերը, մենք առանց Թեհրանի շարունակելու ենք մեր ճանապարհը»։ Սրանք վկայում են Ադրբեջանի անկախութեան գաղափարի մասին պատմական տարբեր ժամանակաշրջաններում։

– Թէև Իրանի Իսլամական Հանրապետութեան Սահմանադրութեան մէջ յեղափոխութեան ազդեցութեան ներքոյ որոշ կէտեր, ինչպէս ազգային ազատութիւնները, անհատական ազատութիւնների գաղափարը, ազատութիւնը եւ դրանց նման բաներ վաւերացուեցին, սակայն մինչ այսօր կեանքի չեն կոչուել և երբէք էլ կեանքի չեն կոչուելու։ Որովհետև Իրանի տոտալիտար ռեժիմի բովանդակութեան մէջ ժողովրդավարութեան ներուժի համար տեղ չկայ։ Իրանի անունն ու աշխարհագրութիւնը սրի, դաշոյնի, թնդանօթի, տանկի, չարչարանքի ու նուաստացման միջոցով ճնշման ենթակայ ազգերին պարտադրուել, և (Իրանը – Ս.Մ.) ազգերի բանտի է վերածուել։

Վերոյիշեալ պատճառներով, ազգային ու մարդկային իրաւունքների ձեռքբերման համար, Իրանի ճնշուած ազգերի միակ ճանապարհը այդ ազգերի անկախութիւնն է»։

Սահմանում[10]

1. Հարաւային Ադրբեջանի անկախութիւն կուսակցութիւնը կախուած չէ որեւէ կառավարութիւնից, երկրից եւ ուժից։

4. (Կազմակերպութեան – Ս.Մ.) գործունէութիւնը չի սահմանափակւում միայն Հարաւային Ադրբեջանով, այլ աշխարհի բոլոր կէտերում աշխատում է Ադրբեջանի շահերի պաշտպանութեան համար։

6. Անկախատենչութիւնը և ազգային հայրենիքի համար անկախութիւն պահանջելը ամէն մարդու մարդկային, քաղաքացիական և ժողովրդավարական իրաւունքն է։ Այնպէս որ` լիբերալ լինելը, ֆեմինիստ լինելը, մուսուլման լինելը, կոմունիստ լինելը և այլն, մարդկանց ժողովրդավարական իրաւունքն է, անկախատենչ լինելն էլ ամէն մի անձի մարդկային իրաւունքն է։ Այս իրաւունքը, ժողովրդավարական լայն սկզբունքների հիման վրայ, որպէս «արտայատուելու ազատութիւն» և «ինքնորոշման իրաւունք», ընկալելի է։

7. ՀԱԱԿ-ը ժողովրդի կամքը ճանաչում է որպէս բարձրագոյն սկզբնաղբիւր։

9. ՀԱԱԿ-ը ժամանակի, տեղի և պայմաններին համապատասխան, աշխատում է բացայայտ կամ գաղտնի։

10. ՀԱԱԿ-ի պայքարի ձեւը, ժամանակն ու անհրաժեշտութիւնները նկատի ունենալով, ժողովրդավարական, դիւանագիտական և կամ յեղափոխական է։

14. ՀԱԱԿ-ը դատապարտում է հայ բռնազաւթիչներին, որոնք գրաւել են Ադրբեջանի հողը (Ղարաբաղ) և Ադրբեջանի հողի պաշտպանութիւնը իր պարտականութիւնն է համարում։

15. ՀԱԱԿ-ը, նկատի ունենալով երկու քաղաքական պայմաններում մէկ ազգի իրականութիւնը, Հիւսիսային Ադրբեջանի Հանրապետութիւնը նկատում է իր մշտական դաշնակիցը և պաշտպանում է նրա կառավարութեանը։

16. ՀԱԱԿ-ի տեսակէտից Ադրբեջանի միացման գործընթացը ժամանակի հարց է և ազգի կամքից է կախուած։

22. Պարսկական շովինիզմը պարսիկ ազգի իմաստով չէ, այլ պարսկական շովինիզմը այն քաղաքականութիւնն է, որը Իրանի կենտրոնական կառավարութեան համակարգը ֆարսիզմի հիման վրայ է դրել (Իրան=Պարսիկ) և ոչ-պարսիկ ազգերի անկախութիւնը ճնշում, նրանց ինքնութիւնն ու ազգային գոյութիւնը մերժում, նրանց լեզուն արգելում և պատմութիւնը խեղաթիւրում, պարսիկ լինելու և պարսկերէն լեզուի առաջնահերթութիւնը նրանց պարտադրում, ձուլման քաղաքականութեան կիրառմամբ նրանց պարսկացնում է։ Այն անձինք և ուժերը, որոնք այս պետական համակարգը ղեկավարում և այդ քաղաքականութիւնը գործադրում են, եթէ նոյնիսկ ոչ-պարսիկ լինեն, խնդրում որևէ բան չի փոխւում, որովհետև էութեամբ պարսկական շովինիզմի ծառաներն ու գործակալներն են։ Հետևաբար ՀԱԱԿ-ը յարգելով պարսիկ ազգին կտրականապէս պայքարում է պարսկական շովինիզմի և նրա գործակալների դէմ։

Նպատակներ[11]

1. ՀԱԱԿ-ը պայքարում է` հիմնելու համար Հարաւային Ադրբեջանի Անկախ Հանրապետութիւն` Ադրբեջանի պատմական աշխարահագրութիւնում, և ստանձնում է անցումային շրջանը. ժամանակաւոր իշխանութեան միջոցով փոխանցելու է կառավարութիւնը։

2. Ադրբեջանի տարածքներ ասելով` նկատի ունենք Արդեբիլը, Արեւելեան Ադրբեջանը, Արեւմտեան Ադրբեջանը, Զանջանը (Զանգան), Ղազուինը, Համադանը, Կենտրոնականը, Ղառուէը, Բիջառը, Սաղեզը, Անզալին և Աստարան։

3. ՀԱԱԿ-ը իր հարևանների հետ սահմանների ճշգրտման համար կողմ է հարցի գիտական, ժողովրդավարական լուծմանը։

5. Հարաւային Ադրբեջանի Անկախ Հանրապետութիւնում քաղաքացիները, առանց նկատի ունենալու նրանց սեռը, լեզուն, կրօնը, մտայնութիւնը և դիրքը, համահաւասար իրաւունքներ ունեն։

6. Հարաւային Ադրբեջանի Անկախ Հանրապետութեան պաշտօնական լեզուն Ադրբեջանի թուրքերէնն է, որը պատմական բազմաթիւ փաստաթղթերում յայտնի է դարձել ադրբեջաներէն լեզու, ազերիական թուրքերէն և կամ ազերի անուանումներով։

7. Ազգային փոքրամասնութիւնները, որոնք բնակւում են Հարաւային Ադրբեջանի Անկախ Հանրապետութիւնում, ադրբեջանական թուրքերէնից բացի` իրաւունք ունեն կրթուելու նաև իրենց մայրենի լեզուով, և այդ փոքրամասնութիւնների թուաքականակի հիման վրայ նկատի է առնուելու բիւջէ` նրանց ազգային մշակոյթի զարգացման համար։

17. Հարաւային Ադրբեջանի Անկախ Հանրապետութիւնում մահապատիժը եւ չարչարանքը կտրականապէս արգելուած է լինելու։

18. Պաշտպանուելու է գաղափարի ազատութիւնը, մտքի ազատութիւնը` իր բոլոր իմաստնելով և քաղաքական բանտարկութիւնը բեկանուելու է ընդմիշտ:

20. Իշխանութիւնը և ենթակայ հաստատութիւնները ժողովրդավարական ընտրութիւնների միջոցով են ճշտուելու։

21. ՀԱԱԿ-ի տեսակէտից Հարաւային Ադրբեջանի Անկախ Հանրապետութիւնը աշխարհիկ հանրապետութիւն է։

Ժամանակաւոր իշխանութիւն

1. ՀԱԱԿ-ը, Իրանի կենտրոնական ռեժիմին պարտութեան մատնելով, պէտք է ձևաւորի ժամանակաւոր իշխանութիւն։

2. Ժամանակաւոր իշխանութիւնը պէտք է հիմնի ազգային բանակ։

3. Ժամանակաւոր իշխանութիւնը պարտաւոր է առաւելագոյնը 3 ամսուայ ընթացքում «Բանիմացների Խորհրդարանի» միջոցով Սահմանադրութիւն պատրաստի և վաւերացնելու համար հանրաքուէի դնի։

4. Սահմանադրութեան վաւերացումից երեք ամիս յետոյ հանրաքուէի միջոցով պէտք է տեղի ունենան խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնները` ժողովրդի բոլոր խաւերի մասնակցութեամբ և ժողովրդավարական պայմաններում։

5.- Երբ նախագահը և խորհրդարանը կեանքի կոչեն կառավարութեան կազմը, ՀԱԱԿ-ը պէտք է յանձնի կառավարութիւնը։

Այն ադրբեջանցիների մասին. որոնք ապրում են Ադրբեջանից դուրս

1. Թեհրանը և արուարձանները պետք է լինեն երկլեզու (պարսկերէն եւ թուրքերէն) հանրապետութիւն։

2. Ադրբեջանից դուրս ապրող Ադրբեջանի թուրքերի իրաւունքների պաշտպանութեան հիման վրայ (այսօրուայ Իրանի միւս շրջանները) Ադրբեջանի Անկախ Հանրապետութիւնը ճշտելու է իր դիւանագիտական և տնտեսական յարաբերութիւնները պատկան կառավարութիւնների հետ։

3. ՀԱԱԿ-ը պահանջում է Ղաշղայի թուրքերի ինքնավար կառավարութեան կազմաւորումը։

4. ՀԱԱԿ-ը կողմնակից է Թուրքմենստանի Հանրապետութեան կազմաւորմանը։

Անդամակցութեան պայմաններ

1. Այն անձինք, ովքեր ընդունում են ՀԱԱԿ-ի կանոնագիրը, անդամակցութեան համար կարող են իրենց դիմումը գրաւոր ուղարկել կուսակցութիւն։

3. Անդամակցութիւնը ընդունւում կամ մերժւում է քննիչ կոմիտէի որոշումով։

4. ՀԱԱԿ-ը միայն Հարաւային Ադրբեջանից է անդամ ընդունում։

4.ա. Այն հարաւային ադրբեջանցիները, որոնք ապրում են Հարաւային Ադրբեջանի հողից դուրս, անկախ իրենց վայրից ու բնակութիւնից` կարող են անդամակցել ՀԱԱԿ-ին։

4.բ. Այն ադրբեջանցիները, որոնք Հարաւային Ադրբեջանից չեն, կարող են կուսակցութեան պատուոյ անդամներ լինել։

Դիտարկումներ

ՀԱԱԿ-ի Կանոնագիրը պարզում է Կուսակցութան նպատակներն ու մօտեցումները: Այդուհանդերձ ցանկանում ենք ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրել հետևեալ կէտերի վրայ.

1. Կուսակցութիւնը պայքարում է, այսպէս կոչուած, «Հարաւային Ադրբեջանի» անկախութեան համար, որը ժամանակաւոր երեւոյթ է, իսկ վերջնական նպատակն է միացումը, այսպէս կոչուած, «Հիւսիսային Ադրբեջանին», որն արդի Ադրբեջանի Հանրապետութիւնն է։ Ուրեմն` նպատակը Իրանից տարածքներ անջատելն է:

2. Այդ նպատակին հասնելու համար որդեգրւում են պայքարի ժողովրդավարական, դիւանագիտական և յեղափոխական ձեւերը։ Այսինքն` կուսակցութեան համար զինեալ պայքարը ընդունելի ձև է։

3. Որպէս պատմական հիմնաւորում` բերւում է հետևեալ փաստը. «Երկիրը, որն այժմ Իրան է կոչւում, հին ժամանակներից թուրքերի բնակութեան և քաղաքակրթութեան վայրն է եղել»։ Իսկ հին ժամանակներ ասելով` նկատի են առնւում այն ժամանակները, երբ «Արիախօսների` այս բարձրաւանդակ գալուց առաջ շումերները, էլամցիները, կուտիները, ուրարտացիներն ու այլք են այստեղ բնակուել, որոնք այստեղի իրական տէրերն են։ Թէեւ Ադրբեջանի թուրքերի մի մասը վերջին հազարամեակում է գաղթել այս վայրեր, սակայն Ադրբեջանի թուրքերի մեծ և հիմնական մասը Շումերի թուրքերի բնական ժառանգորդներն են, որոնք հազարամեակներ ապրել են այս վայրերում»։ Մի խօսքով` «պարզւում է», որ թուրքերը այս վայրերում բնիկներ են։

4. Դատապարտում է հայերին, որոնք գրաւել են Ղարաբաղը։ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս և Ադրբեջանի հողի պաշտպանութիւնը իր պարտականութիւնն է համարում։

5. Աշխատում է ամբողջ աշխարհում Ադրբեջանի շահերի պաշտպանութեան համար։

6. Մի քանի տեղ խօսւում է Իրանում ապրող «ազգերի» մասին։ Չկայ բացատրութիւն այն մասին, թէ ի՞նչ է նշանակում ազգը։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է ազգը, և քանի՞ ազգեր են ապրում Իրանում։

7. Ամրագրում է, որ «այն անձինք եւ ուժերը, որոնք ղեկավարում են այս պետական համակարգը և գործադրում այս քաղաքականութիւնը, եթէ նոյնիսկ լինեն ոչ պարսիկ, հարցի մէջ որևէ բան չի փոխւում, որովհետև էութեամբ պարսկական շովինիզմի ծառաներն ու գործակալներն են»: Սա նշանակում է, որ Իրանում ապրող բազմամիլիոն մարդիկ «պարսկական շովինիզմի» ծառաներն են` սկսած Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ, ծնունդով Իրանի Ատրպատականից և թիւրքախօս Այաթօլլահ Խամենէյիից մինչև Իրանի այսօրուայ ընդդիմութեան ղեկավարները` ծնունդով Իրանի Ատրպատականից և թիւրքախօս Միր Հոսէյն Մուսաւին, և մինչեւ Նոբելեան Խաղաղութեան մրցանակակիր, Իրանի այսօորուայ թէ իշխանութեանը և թէ ընդդիմութեանը ընդդիմադիր, թիւրքախօս Շիրին Էբադին։

8. «Նպատակներ» բաժնի 5-րդ կէտը խօսում է բոլոր քաղաքացիների համահաւասար իրաւունքների, և 8-րդ կէտը` ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների մասին, որոնք «իրաւունք ունեն կրթուելու նաև իրենց մայրենի լեզուով, և այդ փոքրամասնութիւնների թուաքականակի հիման վրայ նկատի է առնուելու բիւջէ` նրանց ազգային մշակոյթի զարգացման համար»։ Կարծում ենք` Բաքուի և Սումագյիթի ջարդերը և Ռամիլ Սաֆարովի դէպքը բաւական են պատկերացում կազմելու համար, թէ վերոշարադրուածը ինչքանով է ճշմարտացի։

9. Կուսակցութիւնը պահանջում է Ղաշղայի թուրքերի ինքնավար կառավարութեան ձևաւորումը և կողմնակից է Թուրքմենստանի Հանրապետութեան ստեղծմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան պանթուրանիզմի իրագործման առաջին հանգրուանը։ Զարևանդն իր վերոնշեալ աշխատասիրութեան մէջ գրում է. «Զիա Կէօք Ալփ թուրք քաղաքականութեան համար կը գծէ զոյգ իտէալ, առաջինը՝ մօտաւոր-օղուզականութիւնը. երկրորդը՝ հեռաւոր թուրանականութիւնը։ Աւելի ճիշտ ան կը քարոզէ իտէալներու երրորդութիւն մը, որուն պետք է հասնին աստիճանաբար. 1. Թուրքճիութիւն, 2.Օղուզճիութիւն, 3.Թուրանճիութիւն, երրորդը ըլլալով վերջին կայանը, գերագոյն նպատակը»[12], – և շարունակում. «Իսկ Օղուզի զաւակները՝ թուրք և թուրքմէն, պետք է ապրին իբրեւ մէկ ազգ և պետք է կոչուին թուրք», և «Ոչ միայն կուլտուրական, այլև աշխարհագրական պայմաններու բերումով, կը տրամաբանէ թուրք գաղափարախօսը, ամենէն աւելի դիւրին է միացնել թուրքերն ու թուրքմէնները։ Ուրեմն, մեր յաջորդ քայլը պետք է ըլլայ օղուզականութիւնը, այսինքն թուրքմէններու միացումը։ Թուրքիա, Ատրպէյճան, Պարսկական Ատրպատական և Խուվարիզմ պէտք է կազմեն վաղուան Օղուզիստան»[13]։ ՀԱԱԿ-ը փաստօրէն գնում է այդ ուղղութեամբ։

Կանոնագրի կապակցութեամբ այսքանը բաւարար համարելով` աւեալցնենք, որ որևէ տեղ նշուած չէ, թէ կուսակցութիւնը քանի՞ անդամ ունի, որտե՞ղ է գտնւում կենտրոնական գրասենեակը, և ովքե՞ր են ղեկավարները։

Հղումներ

[1] Համիդ Ահմադի, Իրան, ազգութիւն, ցեղութիւն, ինքնութիւն, 2007 թ., Թեհրան, էջ 9-10

[2] http://www.bbc.co.uk/persian/iran/2012/02/120209_l23_iran_azarbayjan_change_name.shtml

[3] Նոյն տեղում:

[4] Նոյն տեղում:

[5] «Դրօշակ«, Պաշտօնաթերթ ՀՅ Դաշնակցութեան, 35րդ (68րդ) տարի, թիւ 1 (1581), յունուար 2004 թ. ։

[6] Զարևանդ, Միացեալ, Անկախ Թուրանիա, 1988 թ., Աթէնք, էջ 8 ։

[7] Նոյն տեղը, էջ 57-58 ։

[8] Լ.Խուրշուդեան, Հայոց ազգային գաղափարախօսութիւնը, 1999 թ., Երևան, էջ 76 ։

[9] Այսուհետ ՀԱԱԿ։

[10] Նշենք, որ այս բաժինը բաղկացած է 22 կէտից, որոնցից մէջբերում ենք մի քանիսը։

[11] «Նպատակներ» բաժինը բաղկացած է 21 կէտից։

[12] Նոյն տեղը, էջ 65-66

[13] Նոյն տեղը, էջ 66-67

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ

Տպել Տպել