«Դրօշակի» այս տարվա սեպտեմբերի համարը այսօրվանից կարելի է ընթերցել համացանցում։ Հայ ժողովրդի և, մասնավորապես, Արցախի ու արցախահայության նորօրյա մեծագույն ողբերգության թեմային է նվիրված պաշտոնաթերթի «Առաջնորդողը»։
Անի Մելքոնյանը անդրադարձել է Արցախի նօրագույն պատմությանը՝ հատկապես անկախացման գործընթացի շրջանից մինչև մեր օրեր։ Նշված երկու հոդվածներում էլ շեշտվում է այն միտքը, որ հայ ժողովրդի և հայոց պետականության ու հայրենիքի փրկությունը անմիջականորեն պայմանավորված է Հայաստանի ներկա իշխանության հեռացումով։ Այն իշխանության որը, դավաճանական հետևողական քայլերով իրականացնում է դրսերում նախագծված հայակործան ծրագիրը։
Մոսկվայի Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սարգիս Սարգսյանի «Նոր եւ հին խաղացողները Հարավային Կովկասում» հոդվածը անդրադարձ է այն աշխարհաքաղաքական փոփոխություններին, որոնք կատարվել են մեր տարածաշրջանում Խորհրդային միության փլուզումից հետո՝ դերակատարների ու ազդեցությունների փոփոխություններ մտցնելով Անդրկովկասում։ Մասնավորապես խոսքը ռուսական մենաշնորհային ազդեցության թուլացման և, զուգահեռաբար թուրքական ազդեցության հաստատման մասին է։ Կարծում ենք աշխարհաքաղաքական բարդ խճանկարի լուսաբանման այս փորձը հետաքրքրություն կառաջացնի քաղաքական բազում հարցերի ու հակասությունների մեջ խճճված հայ ընթերցողի մոտ։
Նախկին Խորհրդային միության տարածքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններին է անդրադառնում նաև լրագրող և միջազգայնագետ Լուսինե Մխիթարյանը, որի հոդվածի հետևյալ խորագիրը «Կենտրոնական Ասիան աշխարհաքաղաքական
զարգացումների տիրույթում։ Թյուրքական աշխարհի միավորման հնարավորությունները» հուշում է, թե ինչի մասին է այս, նույնպես հետաքրքրական վերլուծությունը։
«Դրօշակի» այս թվի համար հոդվածներ են պատրաստել նաև ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոսներ Լիաննա Պետրոսյանն ու Նարե Գևորգյանը։ Եթե առաջինի հետաքրքրության առանցքում ռուս-իրանական գործակցության հեռանկարներն են տարածաշրջանային նոր զարգացումների պայմաններում, ապա Նարե Գևորգյանը անդրադարձել է այն ազդեցության հարցին, որ Իրանի վրա կարող է ունենալ
ԲՐԻՔՍ հեղինակավոր և առավել թափ հավաքող միջազգային դաշինքին միանալը։ ՀՅԴ պաշտոնաթերթի այս համարում ևս զգալի տեղ է հատկացված հայկական թեմաներին։ Օրինակ լրագրող Արմեն Վարդանյանը անդրադառնում է մեզ համար այնպիսի կենսական խնդրի, ինչպսին է ջրային ռեսուրսների հարցը։
«Դրօշակն» այս համարում շարունակում է ներկայացնել նշանավոր հայ հետախույզ, ազգային ու կուսակցական գործիչ, ինչպես և «Նեմեսիսի» իրականացման գործում ուրույն և շոշափելի դերակատարություն ունեցած Հրաչ Փափազյանի կյանքն ու գործունեությունը։
Մուսալեռցու ժառանգ, գեղանկարիչ և քանդակագործ Հակոբ Ջանբազյանը, սեղմ նյութի սահմաններում, կարողացել է ուրվագծել մուսալեռցիների Լիբանան գաղթի պատմությունը և Այնճար գյուղի ստեղծումով փոքրիկ մի Հայաստանի վերածնունդը օտար հողի վրա։
Շարունակելով «Ընկերական զրույցներ»ի շարքը կանադահայ ճարտարապետ, գրող և հրապարակագիր Վրեժ-Արմենը խոսում է մեր օրերի համար ոչ երկրորդական խնդրի՝ ղեկավարի և ղեկավարության ստեղծման մասին։ Այս ոչ երկար «զրույցը» ավարտվում է հետևյալ եզրահանգմամբ․ «Այո՛, ինչպէս հողին մէջ տնկուած ծիլը ջրուելով ու խնամուելով կը վերածուի մեծ ու հովասուն ծառի, այնպէս ալ հողէ՛ն՝ վարէն, կը սկսի ղեկավարի պատրաստութիւնը։ Երկինքէն չ’իջնար ան»։
Ընթերցողը «Դրօշակ»ի սեպտեմբերյան համարում կգտնի հետաքրքրող այլ նյութեր ևս։