«Դրօշակի» ընթերցողին է ներկայացվում պաշտոնաթերթի նոր համարը։ «Դրօշակի» հերթական այս համարում բնականորեն զգալի տեղ են գրավում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված էջերը։ Պատմական զուգահեռներ տանելով՝ համարի առաջնորդող հոդվածում խոսվում է այն մասին, որ հայ ժողովուրդը կրկին կանգնած է ճակատագրական փորձության շեմին և ցեղասպան թշնամիների նկատմամբ չգիտակցված կամ գիտակցված անհաշվենկատ վերաբերմունքը, վերջինիս երախից խաղաղություն կորզելու անհաջող ճիգերը հայության համար կարող են ավարտվել մեծ ողբերգության կրկնությամբ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնում է վերջին շրջանի հայ-ադրբեջանական հարաբերություններին, սահմանային գոտում տեղի ունեցող վտանգավոր զարգացումներին, ինչպես և Անդրկովկասում ընթացող իրադարձությունների նկատմամամբ տարածաշրջանային ուժերի դիրքորոշումներին։ Ներկայացվող վերլուծությունը բացահայտում է, թե Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականությունը ինչպիսի վտանգավոր հեռանկար է ստեղծում Հայաստանի համար։
Պատմաբան Արմեն Մարուքյանի ծավալուն հոդվածում փաստերի վկայաբերմամբ ներկայացվում են « Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության ծրագիրը, փուլերը, մեխանիզմներն ու հետեւանքները»։
Մարգարիտա Խաչատրյանը «Վերընթերցենք Համաստեղին․ Համաստեղն ապրիլի 24-ի մասին» հոդվածում ներկայացնում է նշանավոր գրողի անդրադարձը հայոց եղեռնի իրողությանը։
Կարծում ենք՝ ընթերցողի համար հետաքրքրական կլինի Սփյուռքի, Սփյուռքի կենսական հիմնահարցերի վերաբերյալ գերմանաբնակ մեր հայրենակից Վազրիկ Բազիլի հոդվածը։ Հայրենիքից դուրս ապրող հայության բազում հիմնահարցերը, կարծում ենք, կարոտ են լայն քննարկման և այս առումով «Դրօշակի» հրապարակումը գուցեև նպաստի վաղուց հասունացած թեմայի շուրջ խոսակցություն ծավալելուն։ Ազգային անվտանգության հարցերով փորձագետ Արփի Աբրահամյանը այս անգամ «Դրօշակի» ընթերցողին է ներկայացնում «Միջուկային զսպման քաղաքականությունը ԱՄՆ ռազմավարական փաստաթղթե-րում» հոդվածը, որում քննում է աշխարհաքաղաքական նոր իրողությունների լույսի ներքո ԱՄՆ անվտանգության հայեցակարգում կատարված փոփոխությունների հարցը։