Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» ընթացիկ տարվա 12-րդ համարը։ 2022 թ․ ավարտական համարի առաջնորդողը գնահատական է անցնող տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների գործունեությանը, հիմնականում որի հետևանքն էլ Հայաստանի ու Արցախի ներկա կացությունն է։ Իշխանությունների գործունեության էությանն է նվիրված նաև դիվանագետ, վերլուծաբան Վարդան Հակոբյանի հոդվածը։
Քաղաքականագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տվյալ իրողություններին անդրադառնում է դիվանագիտական վերջին գործընթացների վերլուծության ճանապարհով։ Գրականագետ Մարգարիտա Խաչատրյանը Հայաստանի և Սփյուռքի ազգային կյանքի իրողությունները քննում է ներհասարակական-բարոյական փոխհարաբերությունների լույսի ներքո։
Պետության համար պատմական պահին հասարակական կրավորական մթնոլորտի, ազգային թուլացած դիմադրողականության պատճառը համարում է դարեր շարունակ և հատկապես վերջին մոտ 140 տարիների ընթացքում ժողովրդի ազնվականական շերտի հետևողական ոչնչացումը։
ՀՅԴ պաշտոնաթերթի դեկտեմբերյան համարի «Տարածաշրջանային» ու «Աշխարհաքաղաքական» խորագրերի ներքո ներկայացված են Հայաստան-Արցախի շուրջ կամ նրանց ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվող իրադարձություններին։
Հայաստանի պատմության թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի հոդվածում ներկայացված են քիչ հայտնի և նոր փաստեր Բուլղարիայում ազգային հերոս Գարեգին Նժդեհի կյանքի ու գործունեության վերաբերյալ։
Ճարտարապետ, գրող և հրապարակագիր, «Հորիզոն»-ի ու «Հորիզոն գրական»-ի ավագ խմբագիր Վրեժ-Արմենը «Ընկերական զրույցների» շարքում այս անգամ քննարկման սեղան է բերում չարչրկված այն հարցը թե կարելի՞ է արդյոք կառավարել սփյուռքը, ինչ մարմին և ինչպես կարող է կառավարել։
«Դրօշակի» տարեվերջյան համարը նյութերի առումով բազմազան է ու հետաքրքրական։