«Դրօշակի» ընթերցողը համացանցի վրա արդեն կարող է ընթերցել պարբերականի սեպտեմբերյան համարը։ Սեպտեմբերի 2-ը ԼՂՀ անկախության հռչակման օրն է։ Արցախի անկախության պայքարով սկսվեց հայության նորօրյա վերազարթոնքը։ Համազգային նոր վերազարթոնքի և ազգային նոր համախմբման համար անհրաժեշտ է սկզբնավորել նոր գաղափարական պայքար։ Այդ խնդրին է այս անգամ նվիրված պաշտոնաթերթի առաջնորդողը։
Հիշարժան առիթով պաշտոնաթերթը հրապարակել է նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանի հոդվածը նվիրված 18-րդ դարի առաջին կեսին Արցախ-Սյունիքի վարած ազգային ազատագրական պայքարին։
«Տարածաշրջանային» խորագրի ներքո կրոնական տեսանկյունից Ադրբեջան-Իրան ներկայիս հարաբերություններն է ներկայացնում իրանագետ Լիանա Պետրոսյանը, իսկ իրանագետ Ժաննա Վարդանյանը, անդրադառնում է Հայաստանի տարածքով ադրբեջանական միջանցքի գաղափարի նկատմամբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հստակորեն արտահայտած տեսակետին։
Այս համարում «Դրօշակը» ներկայացնում է նաև արևելագետ Արաքս Փաշայանի հետաքրքրական հոդվածը աշխարհաքաղաքական գործընթացների խորապատկերի վրա Պարսից ծոցի երկրները, այստեղ վերջին տասնամյակներին ձևավորված հայկական համայնքները՝ կարևորելով տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտությունն ու առկա ներուժը՝ Հայաստանի համար։
Աշխարհաքաղաքական խնդիրների մեկ այլ «տաք» տարածաշրջանի է անդրադառնում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը, որն այս անգամ վերլուծում է ամերիկյան դիրքորոշումները Ուկրաինայի և ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։
«Հայ կյանքի» ընդարձակ ծիրում «Դրօշակ»ը անդրադառնում է Անի Մելքոնյանի « Չարենցը, «Երկիր Նաիրի»-ն ու Դաշնակցությունը
(Մահվան 85-րդ տարելիցի առթիվ)» ուսումնասիրությունը։ Ինքնին հետաքրքրքական թեմայի ներկայացմամբ պաշտոնաթերթի խմագրությունը ևս մեկ անգամ հարգանքի տուրք է մատուցում հայոց մեծ պոետի անմահ հիշատակին՝ ֆիզիկական բացակայության 85-րդ տարելիցի առթիվ։ Մեկ այլ մեծ հայի Գևորգ Չավուշին է նվիրված հրապարակագիր, բանասէր, Հալէպի հայագիտական հիմնարկի Հայ դատի դասախօս Աւօ Գաթրճեանի հոդվածը։ Հետաքրքրական այս ուսումնասիրության թեման հուշում է հոդվածի վերնագիրը՝ «Հայ ազատագրական շարժման մեծագոյն նուիրեալ Գէորգ Չաւուշին ձօնուած երգերը»։
Ազգային հիշողության, պատմական և բարոյական ժառանգության արհամարհման ու ոտնահարման, այլասերիչ օտարապաշտության մեր օրերում «Դրօշակը» պարտականություն է համարել անդրադառնալու հայրենի ժառանգության ևս մեկ կարևոր արժեքի։ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Հովսեփյանը «Մշակ» օրաթերթի 150-ամյակի առթիվ ներկայացրել է «հայկական հարցը «Մշակի» էջերում» հոդվածը։
Ճարտարապետ, գրող, հրապարակագիր, Կանադայի «Հորիզոն» թերթի և «Հորիզոն գրական»-ի ավագ խմբագիր Վրէժ-Արմէնը «Ընկերական զրույցներ» շարքից այս անգամ քննում է հայ մամուլի առջև ծառացած հիմնահարցերը։ Գրի ու գրականության երկարամյա մշակը այլևալ խնդիրների կողքին մտահոգություն է հայտնում հատկապես Սփյուռքում հայախոս մամուլի «պահանջարկի» նվազման հարցով, ինչն ուղղակիորեն նշանակում է արևմտահայերենի նահանջ ու հայախոս աշխարհի փոքրացում։ Հոդվածի եզրահանգումն էլ հետևյալն է․ «Անդրադառնա՛նք, թէ մեր մամուլը իր դերը խաղալու համար կարիքը ունի մեր անսակարկ հոգածութեան ու խոր գուրգուրանքին»։
Ընթերցողը «Դրօշակ»ի սեպտեմբերյան համարում կգտնի հետաքրքրող այլ նյութեր ևս։