«Դրօշակ»ի ընթերցողը համացանցի վրա կարող է գտնել պարբերաթերթի հուլիսյան համարը: Պաշտոնաթերթի առաջնորդող թեման դարձյալ Հայաստանի ներքաղաքական խնդիրներն են` Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը շարունակում է հետևել Հայաստանի ղեկավարության վարած բանակցային գործընթացին, որը փորձ է արվում իրականացնել բուն էությունը հնարավորինս թաքցնելով հայ հանրությունից, և որը շարունակում է մնալ լրջագույն մտահոգությունների տեղիք տալ երկրի ճակատագրի հարցում:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացրած վերլուծությունը այս անգամ վերաբերում է ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված 907 բանաձևին որը սահմանում էր հետևյալը.«Միացյալ Նահանգները չի կարող այս կամ ցանկացած այլ ակտի շրջանակում օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի պարզել և զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի կիրառման այլ ագրեսիվ ձևերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: 2002 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ԱՄՆ վարչակազմերը շրջանցում են այս արգելքը և, կոնգրեսի հաստատմամբ, Ադրբեջանին հատկացնում են զգալի օժանդակություն, այդ թվում` ռազմական: Չնայած ադրբեջանաթուրքական ագրեսիային Հայաստանի իշխանությունները խուսափում են ԱՄՆ ղեկավարությունից պահանջելու, որպեսզի այս օգնությունները դադարեցվեն:
Գործընթացի մանրամասները կարելի է բացահայտել ընթերցելով նշված հոդվածը: Իրանագետ Ժաննա Վարդանյանը հետաքրքրական վերլուծություն է ներկայացրել երկաթուղային ցանցի վերաբերյալ, որը Ադրբեջանի ու Իրանի տարածքով տարածաշրջանի երկրները պետք է կապի արեւելքի ու արևմուտքի հետ: Ինչպիսին է ներկայումս իրավիճակն այս հարցում և ինչպիսի հեռանկարներ կան` կարելի է իմանալ ընթերցելով «Ռաշթ-Ասթարա․Իրանը և Ադրբեջանը չեն կարողանում իրար կապել երկաթգծերը» հոդվածը:
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հոդված վերնագրված է «Ուկրաինական ճգնաժամն ու Թուրքիայի միջանկյալ դիրքավորումը»: Ինչպես կարելի է հասկանալ խորագրից հեղինակը անդրադառնում է ռուս-ուկրաինական հակամարտության խորապատկերի վրա Թուրքիայի ծավալած ակտիվ քաղաքական գործունեությանը, որի նպատակն է աշխարհաքաղաքական լրջագույն իրադարձությունների ջրապտույտում սեփական ավարը որսալը:
«Դրօշակ»ի սույն համարը ներառում է քաղաքական և ոչ միայն քաղաքական բնույթի մի քանի այլ հետաքրքրական հոդվածներ, որոնք կգրավեն ընթերցողի ուշադրությունը: